Լոգոպեդին չդիմելու դեպքում արատը չի վերանում, երեխան նևրոզ և անլիարժեքության բարդույթ է ձեռք բերում

Երևանի բնակչուհի Անի Աբրահամյանի նամակ-ահազանգի կապակցությամբ փորձեցինք մեկնաբանություն ստանալ մասնագետից:

Հիշեցնենք, որ խմբագրություն էր դիմել քաղաքացի Անի Աբրահամյանը, ով իր դժգոհությունն էր հայտնում 2012թ. ապրիլի 1-ից Հայաստանում լոգոպեդի` նեղ մասնագիտական ծառայությունը վճարովի դարձնելու կապակցությամբ: Վճարի չափը որոշում են մանկական պոլիկլինիկաները: Հիմնականում պոլիկլինիկաները սահմանել են 10.000 դրամ ամսական վճար: Նախկինում լոգոպեդի ծառայությունն անվճար էր, և երեխան մանկապարտեզ և դպրոց հաճախելուց առաջ պարտադիր լոգոպեդի մոտ հետազոտվում էր: Անի Աբրահամյանը ցավոտ խնդիր է բարձրացրել իր նամակում, որով առողջապահության ոլորտի պետական այրերի ուշադրությունն է հրավիրվում խնդրի նկատմամբ, որը, թերևս, օրենսդրական փոփոխություն է պահանջում:

«Լոգոպեդի նեղ մասնագիտական ծառայությունը Հայաստանում վճարովի դարձնելը կործանիչ հետևանքների կարող է հանգեցնել»,- այս մասին «168 Ժամի» հետ զրույցում ասաց Երևանի «Թիվ 12 պոլիկլինիկա» ՓԲԸ-ի լոգոպեդ Կարինե Խաչատրյանը` խոսելով 2012թ. ապրիլի 1-ից Հայաստանում լոգոպեդի նեղ մասնագիտական ծառայությունը վճարովի դարձնելու որոշման մասին: Վերջինիս հաղորդմամբ` «168 Ժամի» խմբագրություն նամակով դիմող կնոջ ահազանգը խիստ արդիական է և կարևոր: Բազմաթիվ ծնողներ ի վիճակի չեն մուծել սահմանված գումարները, ինչի արդյունքում` երեխաների արատները չեն շտկվի:

Ըստ Կարինե Խաչատրյանի` իրենց պոլիկլինիկան լոգոպեդի ծառայության դիմաց ամսական վճարը 10.000 դրամ է սահմանել: Լոգոպեդին այդ ամսական վճարից` որպես աշխատավարձ, վճարվում է ընդամենը 30%-ը, իսկ

70%-ը մնում է տվյալ պոլիկլինիկային: Լոգոպեդի խոսքով` մի շարք պոլիկլինիկաներում լոգոպեդի ծառայությունը գլխավոր բժշկի կողմից թողնվել է անվճար. «Գլխավոր բժիշկ կա, երևի գիտակցում է, որ դա կարևոր է, գլխավոր բժիշկ էլ կա, որ մտածում է` թող երեխան մի քիչ էլ վատ խոսի, ի՞նչ անենք»: Գումարի չափը, լոգոպեդի խոսքով` որոշվել է իր հետ խորհրդակցության արդյունքում: Եվ, թեև Կարինե Խաչատրյանն առաջարկել էր ամսական վճարը սահմանել 5000 դրամ, այնուամենայնիվ, սահմանվեց 10.000 դրամ:

Այնուամենայնիվ, ըստ Կարինե Խաչատրյանի, այսօր ծնողներից շատերն ի վիճակի չեն վճարել այդպիսի գումարներ. «Լոգոպեդի ծառայությունը մյուս բժիշկների ծառայության նման չէ, երբ մի անգամ տանելով բժշկի` դեղորայք է նշանակվում, և երեխան կարողանում է տնային պայմաններում ընդունել այն և բուժվել: Լոգոպեդի մոտ հաճախող երեխան, հնարավոր է` մեկ, երկու տարի այցելի, այսինքն` տևական է հաճախում: Այնպես չէ, որ մեկ ամսվա համար 10.000 դրամ վճարելով` երեխան կավարտի բուժումը:

Ծնողները դժվարանում են այդչափ վճարել, գանգատվում են, բողոքում են: Ինձ մոտ հիմա մի երեխա կա. մայրն ասում է, որ այլևս չի կարողանալու նրան բերել մասնագետի մոտ, քանի որ ֆինանսական միջոցները չեն բավարարում, բայց այդ երեխայի մոտ խնդիրը կա, այն էլ խորացած վիճակում` երեխան խոսում է, չես հասկանում` ի՞նչ է ասում»:
Ըստ Կարինե Խաչատրյանի` կան որոշ դպրոցներ, որոնք այսօր լոգոպեդ չունեն: «Չկա որևէ կենտրոն, ուր ծնողը մինչև դպրոց հաճախելը երեխային կտանի լոգոպեդի մոտ: Չկա այլ տեղ, որտեղ երեխան անվճար կստանա լոգոպեդի օգնություն: Լոգոպեդին չդիմելու դեպքում, պարզ է, որ երեխայի արատը չի շտկվում, երեխան դպրոց է գնում այդ արատով: Դաս պատասխանելիս` մյուս երեխաները սկսում են ծիծաղել նրա վրա, նա սկսում է չպատասխանել դասերը` կեղծ պատճառաբանելով, թե չի սովորել, նա գերադասում է անբավարար ստանալ, քան թե վրան ծիծաղեն:

Հետագայում, հասկանալով, որ միևնույն է` չի պատասխանելու, սկսում է արդեն դասերը չսովորել, և աստիճանաբար ընդունակ ու խելացի երեխան կարող է վերածվել ծույլ, անբան և ոչինչ չիմացող երեխայի: Այդպիսով, երեխայի ուսումնական պրոցեսն ամբողջությամբ խեղվում է»,- ասաց լոգոպեդը: Ըստ նրա`բացի դրանից, երեխան ձեռք է բերում նևրոզ, անլիարժեքության բարդույթ, վարքային ու հոգեբանական այլ խանգարումներ: «Բնական է, եթե դասերով չի զբաղվում, սկսում է հակահասարակական վարք ցուցաբերելգ հետևանքները շատ են ու կործանիչ»,- ավելացրեց մասնագետը:

Առողջապահության ոլորտում կատարված փոփոխությունը, այն է` լոգոպեդի ծառայությունը վճարովի դարձնելու փաստն, ըստ Կարինե Խաչատրյանի, բացասաբար է անդրադառնում ոչ միայն երեխայի, այլև լոգոպեդի վրա. «Օրինակ, իմ աշխատավարձը պայմանավորված է նրանով, թե որքան վճարում կանեն ծնողները: Եթե մի ամսում ես սպասարկեմ չորս երեխայի, ապա իմ աշխատավարձը կկազմի 12.000 դրամ, քանի որ ես պետական աշխատավարձ չունեմ: Եթե ծնողը վճարում է, բնականաբար, նաև բժշկից պահանջում է հետևողական լինել, այսինքն` ես կարող եմ մի ամիս չորս երեխայի հետ կաշվից դուրս գալով աշխատել ու ստանալ ընդամենը 12.000 դրամ աշխատավարձ»:

Առհասարակ, ըստ Կարինե Խաչատրյանի` պոլիկլինիկաներում խայտառակ իրավիճակ է. մանկաբույժը 1 երեխայի համար ստանում է 80 դրամ, իսկ միջին հաշվով նա տեղամասում ունի 400-500 երեխա: Ստացվում է, որ մանկաբույժն ամսական 32-40 հազար դրամ աշխատավարձ է ստանում, իսկ նեղ մասնագետների մոտ աշխատավարձը 30-40 հազար դրամ է:

«Երբ խոսվեց ուսուցիչներին սոցիալական փաթեթ տալու մասին, բուժհիմնարկներին այդ փաթեթը չհատկացվեց: ՀՀ Ֆինանսների նախարարը այն հարցին, թե ինչո՞ւ բուժաշխատողները չստացան սոցփաթեթ, պատասխանեց, որ նրանք այլ եկամուտներ ունեն, այսինքն` նա պետականորեն խրախուսեց կոռուպցիան: Փոխանակ կոռուպցիան վերացնելու համար աշխատավարձերը բարձրացնեն, ընկել են` «26 ձև» են վերացնում»,- ասաց Կարինե Խաչատրյանը:

Նա սխալ է համարում նաև Բժշկական քարտի (26 ձև) վերացումը. այն ինֆորմացիա էր պարունակում դպրոց կամ մանկապարտեզ նոր մուտք գործող երեխայի առողջության մասին:

«Հիմա այն պատրվակով, որ կոռուպցիան վերացնում են, այսինքն` որպեսզի ծնողը գումար չտա և այդ «26 ձևը» վերցնի` գործածությունից հանեցին ընդհանրապես: Այսինքն` երեխան կարող է մտնել դպրոց, մանկապարտեզ` առանց նրա առողջական վիճակի մասին որևէ ինֆորմացիայի: Օրինակ, եղել է դեպք, երբ երեխան գնացել է դպրոց` առանց այդ ինֆորմացիայի, որ ինքը սրտի արատ ունի, ու մի օր ֆիզկուլտուրայի ժամին երեխայի հետ պրոբլեմ է առաջացել»,- իրավիճակը ներկայացրեց փորձառու լոգոպեդը:

Տեսանյութեր

Լրահոս