Բաժիններ՝

Բյուջեի սկզբունքներն ու նպատակները

2013թ. պետական բյուջեի հիմքում ընկած են երեք սկզբունքներ՝ տնտեսության մրցունակության ապահովում, մարդկային կապիտալի զարգացում և արդյունավետ ինստիտուտների զարգացում։ Այս մասին  այսօր Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Նա ավելացրել է, որ այդ սկզբունքիերի հիման վրա թիրախավորվել են 4 նպատակներ՝ տնտեսական բարձր աճի պահպանում եւ դիվերսիկացիայի շարունակում, արմատական փոփոխություններ սոցիալական քաղաքականության բնագավառում, գործարար եւ ներդրումային միջավայրի բարելավում և մակրոտնտեսական կայունության ապահովում։

Սոցիալական ոլորտում կառավարությունը պատրաստվում է սոցիալական ապահովության քաղաքականությունից անցում կատարել մեկ այլ քաղաքականության, որն ավելի շատ ուղղված կլինի սոցիալապես խոցելի խավերի համար կրթություն ստանալու, աշխատանք ձեռք բերելու, վերապատրաստելու,  առողջապահական ծառայություններ ստանալու հնարավորություններին։

Գործարար միջավայրի բարելավման մասին խոսելիս Տ. Սարգսյանը նշել է, որ թեպետ Doing Business զեկույցում արդեն իսկ առկա է 18 կետով բարելավում, 2013 թվականը պետք է լինի բեկումնային տարի: Ըստ վարչապետի, բարեփոխումները պետք է շարունակվեն առևտրի պայմանների բարելավման, հարկահավաքման գործընթացի և դատական ոլորտներում:

Ինչ վերաբերում է մակրոտնտեսական կայունության ապահովմանը, ապա վարչապետը մի կողմից հիշեցրել է, որ բոլոր կանխատեսումերով՝ համաշխարհային տնտեսությունը վտանգավոր իրավիճակում է, տնտեսական աճի կանխատեսումները նվազում են, և ՀՀ կառավարությունը պետք է զգուշավոր մակրոտնտեսական քաղաքականություն իրականացնի։ Մյուս կողմից շեշտել է, որ այս պահի դրությամբ ունենք մոտ 7% տնտեսական աճ, իսկ բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ-ի 3.1%-ի փոխարեն կլինի ավելի ցածր՝ մոտ 2.8%: «Բյուջեի եկամտային մասն ամբողջությամբ կատարում ենք, այս մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա էլ կանխատեսում ենք 2013 թ. բյուջեն»,- ասել է Տ. Սարգսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս