Բաժիններ՝

Վարուժան Հոկտանյան. «Պետական գնումների համակարգը թափանցիկ չէ»

«Գնումների համակարգում կարևորագույն փոփոխություն էր էլեկտրոնային գնումներ համակարգի ներմուծումը, որը, ցավոք, այսօր դեռևս լիարժեք չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը:

«Մեր կենտրոնը 2011թ. նոյեմբերի 1-ից իրականացնում է պետական գնումների համակարգի մոնիտորինգ, որի նպատակն է՝ ուսումնասիրել և մատնանշել այդ համակարգում առկա հիմնախնդիրները»,- նշեց Վ.Հոկտանյանը, հավելելով, որ թիրախային ուղղություններն են՝ գնումների աջակցման կենտրոնի գործունեությունը, պաշտոնական կայքի ուսումնասիրությունը, մեկ անձից գնումներ կատարելու գործընթացը, էլեկտրոնային գնումներ համակարգը և գնման գործընթացները:

Ըստ Վարուժան Հոկտանյանի, դեռևս նախորդ տարի Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը նշել էր, որ հունվարի մեկից Հայաստանում կգործի էլեկտրոնային գնումների համակարգը, սակայն դա տեղի ունեցավ շատ ավելի ուշ, ինչն էլ վկայում է իշխանությունների կողմից այդ համակարգի կարգավորման գործընթացում հետաքրքրություն չունենալու մասին: «Էլեկտրոնային գնումներ համակարգը դեռևս դա անցումային փուլում է գտնվում: Հիմնականում իրականանում է էլեկտրոնային աճուրդների տեսքով»,- նշեց Վ.Հոկտանյանը:

«Գնումների համակարգն իրականում թափանցիկ չէ: Այն չի համապատասխանում օրենքով սահմանված պահանջներին: Հիմնականում մրցույթների մասնակիցներից, նույն մասնակիցն է, որ հաղթում է պետական գնումներ մրցույթում»,- նշեց Վ.Հոկտանյանը:

Խոսելով էլեկտրոնային կայքի անճշտությունների մասին` գնումների գծով փորձագետ Արտակ Մանուկյանը փաստեց, որ այնտեղ առկա են մի շարք անճշտություններ: «Կայքում, որպես կանոն, պետք է լինի «հաշվետվություններ» կոճակը, որն իրենից ներկայացնում է գնումների աջակցման կենտրոնի հաշվետվությունները, սակայն արդեն որոշ ժամանակ է, ինչ այդ հասկացությունը կայքից բացակայում է: Մեկ այլ կարևոր փաստ՝ Ֆինանսների նախարարությունը պետք է պարբերաբար ներկայացնի հաշվետվությունը գնումների գործընթացների վերաբերյալ, սակայն այն բացակայում է, և նման բան չի եղել երբևէ»,- ասաց Ա.Մանուկյանը:

Լրագրողների այն հարցին, թե ինչո՞ւ հենց հիմա (նախագահի հայտնի խորհրդակցություններից հետո) հակակոռուպցիոն կենտրոնը սկսեց խոսել այն խնդիրների շուրջ, որոնք առկա էին դեռևս վաղուց,  և արդյո՞ք Գնումների աջակցման կենտրոնի ղեկավարի փոփոխությունը որևէ դրական տեղաշարժի բերել է, Վարուժան Հոկտանյանը պատասխանեց. «Իրականում կան խնդիրներ, որոնց լուծումը ժամանակ է պահանջում: Մեր կողմից արված վերլուծությունները մենք ներկայացնում ենք ձեզ, սակայն ներկայիս տեղեկատվության մատչելիության պակասը բարդացնում է մեր աշխատանքը: Իրականում բացակայում է տեղեկատվության թափանցիկությունը: Ինչ վերաբերում է նոր ղեկավարի առկայությանը, ապա կարող ենք ասել, որ դեռևս ոչինչ չի փոխվել»,- մեկնաբանեց Վ.Հոկտանյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս