Հայ ոսկերիչների հիմնադրամը կներկայացնի հայ ոսկերչությունը աշխարհին
Հայ ոսկերիչների հիմնադրամը հայտարարում է դրամահավաքի սկզբի մասին` նպատակ ունենալով հետազոտել հայ ոսկերչության անցյալը, ներկան և աջակցել ոլորտի ապագա զարգացմանը: Այս մասին գրում է Մեդիամաքսը։
«Մենք՝ հայերս, ոսկերչության մեջ ունեցել ենք ճիշտ այն դերը, որն ունեցել են շվեյցարացիները ժամագործության մեջ: Այն բացառիկ ներդրումը, որը դարեր շարունակ կատարել են հայազգի ոսկերիչները, մեր ազգային հպարտությունն է: Իբրև հիմնադրամ՝ մենք մեր առաքելությունն ենք տեսնում այս ներդրումը աշխարհով հանրահռչակելու մեջ», – ասել է Հայ ոսկերիչների հիմնադրամի գործող նախագահ և համահիմնադիր Պիեռ Աքելյանը: Նա նկատել է, որ նվիրատվությունները կօգնեն բացահայտել հայ ոսկերչության պատմությունը և ճանապարհ հարթել դեպի ապագա:
Հիմնադրամի ծրագրերի շարքում է հայ ոսկերչության պատմության մանրամասն ուսումնասիրումը, ներկայիս հայազգի ոսկերիչների գործունեության հետազոտում և հանրահռչակումը: Հիմնադրամի գործունեության կարևոր ուղղություններից է կրթականը, որի շրջանակներում կրթաթոշակներ կտրամադրվեն հայազգի երիտասարդներին ՝ աշխարհի լավագույն դիզայնի դպրոցներում սովորելու համար:
Այս պահին Հայ ոսկերիչների հիմնադրամը ներկայացնում է երկու հովանավորչական փաթեթ՝ $25,000 և $15,000: Յուրաքանչյուր հովանավոր իբրև հուշանվեր կստանա Franck Muller ժամացույց՝ հատուկ սահամանափակ շարքից:
Այս բացառիկ ժամացույցները ստեղծվել են Franck Muller ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Սիրմակեսի աջակցությամբ և նվիրված են հայոց այբուբենին: 38 ոսկե և 38 պողպատե ժամացույցներից յուրաքանչյուրը կրում է մի տառ:
Հոկտեմբերի 29-ից 31-ը Հայ ոսկերիչների հիմնադրամը կներկայացվի Երևանում՝ Հայ ոսկերչության ցուցահանդեսին