«Բարեկամաբար պիտի խորհուրդ տամ տիկին Սարգսյանին` ձեռնպահ մնալ»
Այսօր ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը հայտարարել է, թե ԲՀԿ-ն գաղափարական կուսակցություն չէ, հայտնի չէ` սոցիալիստակա՞ն է, թե՞ լիբերալ: «Եվ բոլորս գիտենք, թե ինչի՞ համար է ստեղծվել, բայց ունի հնարավորություն լրջագույն քաղաքական միավոր դառնալու: Ընտրությունն իրենցն է, եթե ցանկանան քաղաքական ուժ դառնալ, նրանք հիմա այդ հնարավորությունն ունեն, իսկ եթե ոչ` այդ դեպքում ԲՀԿ-ն, կարծում եմ` ՕԵԿ-ի կողքին իր տեղը կզբաղեցնի»,- ասել էր Լ.Սարգսյանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Լ. Սարգսյանի այս հայտարարությանը` ասաց.
«Ես ընդհանրապես որդեգրած սկզբունք ունեմ` աշխատում եմ կին պատգամավորներին պատասխանելուց ձեռնպահ մնալ: Ուղղակի բարեկամաբար խորհուրդ պիտի տամ տիկին Սարգսյանին` ձեռնպահ մնալ, չհնչեցնել գնահատականներ, որոնք սթափ տրամաբանությունից դուրս են: Եթե ԲՀԿ-ն գաղափարական կայացած քաղաքական ուժ չլիներ, ողջ քաղաքական և հասարակական դաշտը շունչը պահած չէր սպասի, թե ի՞նչ է որոշելու ԲՀԿ-ն նախագահական ընտրությունների վերաբերյալ, այդ թվում՝ նաև այն քաղաքական ուժը, որի կազմում տիկին Սարգսյանն այսօր ներկայացված է խորհրդարանում»:
Իսկ մեր այն հարցին, թե արդյո՞ք այդ հայտարարության մեջ առկա է առաջիկա նախագահական ընտրություններում ԲՀԿ-ՀԱԿ միասնական թեկնածուով հանդես գալու ենթատեքստ, Ն. Զոհրաբյանը պատասխանեց. «Ես սովոր չեմ ենթատեքստեր մեկնաբանել, ես մեկնաբանում եմ հստակ ասելիք, հստակ փաստ: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին, ես հասկանում եմ, որ մեր պատասխանը միգուցե չբավարարի այսօր հանրային քաղաքական շրջանակներում եղած ակնկալիքները, բայց պիտի կրկնեմ այն, ինչ ասել եմ: ԲՀԿ-ն դեռևս վերջնական որոշում չունի նախագահական ընտրությունների վերաբերյալ, և իր որոշումը կհրապարակի այն պահին, երբ մենք հարմար գտնենք>: