Բաժիններ՝

ԲՀԿ-ն՝ ընդդեմ բյուջե 2013-ի

«ԱԺ ներկայացված 2013թ. բյուջեի նախագիծն անընդունելի  է ԲՀԿ խմբակցության կողմից: Մենք այլ մոտեցումներ ենք առաջարկում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Ըստ Մելքումյանի, դեռևս վերջնական որոշում չի կայացվել այդ հարցի վերաբերյալ. «Վաղը կսկսվեն 2013թ. բյուջեի խորհրդարանական քննարկումները, և եթե այն փոփոխման ենթարկվի, ապա մենք էլ մեր դիրքորոշումը կփոխենք։ Սակայն այս տեսքով բյուջեի նախագիծը չենք ընդունում»,- ասաց Մ.Մելքումյանը:

«Բյուջեի ծախսային մասի տոկոսային բաղադրիչները հետևյալն են՝ բյուջեի սոցիալական մասը՝ 43%-ից ավելի, 21%-ը՝ պաշտպանության, ազգային անվտանգության ծախսեր, ընդամենը 14%-ից քիչ ավելի՝ տնտեսության մյուս ճյուղերի սպասարկմանն են ուղղված, 4%-ից քիչ ավելի ուղղված է պետական պարտքի սպասարկմանը, և 3%-ից մի փոքր ավելի  ֆինանսական համահարթեցման շրջանակներում գյուղական համայնքների դոտիացիաների ֆինանսավորման չափն է: Ներկայիս բյուջեն ես կանվանեի ոչ թե սոցիալական, այլ՝ «գոյատևման բյուջե»,- ասաց Մ. Մելքումյանը:

Վերջինս նաև կարծիք հայտնեց «կառավարության կանխատեսման ունակությունների» վերաբերյալ, մեկնաբանելով, որ յուրաքանչյուր ամիս կանխատեսումները փոփոխության են ենթարկվում:

Լրագրողների այն հարցին, թե արդյոք ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական կոնֆլի՞կտն է պատճառը, որ ԲՀԿ-ն դեմ է բյուջեի նախագծին, Մ.Մելքումյանը պատասխանեց. «Որևէ բան մեխանիկորեն չի լինում աշխարհում, ամեն ինչը ունի իր տրամաբանությունը: ԲՀԿ-ն պարբերաբար նշել է, որ լավին լավ ենք ասելու, վատին՝ վատ: Հիմա բյուջեն հենց այդ դեպքն է: Մենք նայում ու տեսնում ենք, որ աղքատությունն աճում է, ծնելիությունն  անկում է ապրում: Մենք դեմ ենք այն գաղափարախոսությանը, այն մոտեցումներին, որ տանում է դեպի առաջարկի խթանմանը, որ միայն գոյատևման նպաստներ է տալիս և նվազագույն աշխատավարձ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս