«Դինո գոլդը» «մո՞ւռ» էր հանել եղբայրներից
Քիչ առաջ 168.am-ի հետ զրույցում Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲԸ-ի արդեն նախկին աշխատակից Սասուն Հայրապետյանը պատմեց, որ իրեն ու եղբորն անհիմն ազատել են աշխատանքից:
Ս. Հայրապետյանի խոսքով` 9 տարի է` ինքն աշխատում է «Հարստացուցիչ ֆաբրիկայում»: «Ինձ ոչ մի պատճառ չասացին: Ասացին, որ՝ շտատդ կրճատում ենք, ես էլ ասացի՝ շտատս ո՞նց կարաք կրճատեք, էս գործի համար պետք է մարդ ընդունեք: Ո՞նց կարա ֆաբրիկան ապրանք չստանա: Դրանից մի 10 օր առաջ էլ հալալ եղբորս հանեցին գործից»,- նշեց Ս. Հայրապետյանը, ում աշխատանքից ազատել են հոկտեմբերի 24-ին:
Նրա փոխանցմամբ` մեկ տարի առաջ էլ աշխատանքից ազատել էին իր միջնեկ եղբորը: «Միջնեկ եղբորս հանել էին մթամ նկատողության պատճառով: Եղբայրս դատարան դիմեց, ու դատարանի շնորհիվ վերականգնվեց, ու պարզ դարձավ, որ սխալ էին հանել: Ու ոնց որ մուռը հանեն մեզ վրա: Էդ ձևով էլ մեզ հանեցին»,- ասաց Ս. Հայրապետյանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ Դուք էլ դիմեք դատարան`եղբոր օրինակը հաշվի առնելով, Ս. Հայրապետյանը պատասխանեց. «Ոչ, չեմ ուզում, որովհետև իրենք իրենց իրավաբանների հետ էնպիսի բաներ են կարդացել, որովհետև իրենք չեն ուզի պարտվեն էս անգամ: Բողոքարկելն ինձ համար մի քիչ սիրուն չի լինի»:
Ընկերության զանգվածային կրճատումների կապակցությամբ 168.am-ը փորձեց որոշ մանրամասներ ճշտել այնտեղ տեղի ունեցող խմորումների մասին: Ընկերության հասարակայնության հետ կապերի պատասխանատու Գայանե Թադևոսյանը մեր ոչ բոլոր հարցերի պատասխաններն ուներ, հետևաբար, անընդհատ հորդորում էր գրավոր ուղարկել հարցերը:
Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են աշխատանքից ազատել ավելի քան 60 աշխատակցի, ինչի մասին, ի դեպ, խոսում են Կապանում, Գ. Թադևոսյանը պատասխանեց, որ նման բան չկա, որ իրենք նախորդ ամսվա ընթացքում ազատել են 30 աշխատակցի: «Ոչ թե ազատել ենք, այլ տարբեր պատճառներով է եղել: Եղել է, որ մարդ դիմում է գրել, դուրս եկել, թոշակի են անցել»:
Իսկ վերաբերում է ընկերության արտադրական տեղամասի սարքավորման գողությանը, ապա Գ. Թադևոսյանն ասաց. «Այո՛, այդ սարքավորումը` հորատման մուրճը, գողացել են»: Հարցին, թե ի՞նչ հիմնավորմամբ են մտածում, թե դա գողացել են աշխատակիցները, Գ. Թադևոսյանը պատասխանեց. «Համենայնդեպս, այդ սարքը չկա, եթե չկա, ուրեմն` գողացել են»:
«Դինո գոլդի» աշխատակիցը նաև նշեց, որ այդ դեպքի առթիվ ընկերությունը դիմել է Ոստիկանություն: