«Հասարակությունն արդեն «Հոկտեմբերի 27»-ն իր ներսում, իր մեջ բացահայտված է համարում»
«Հանրապետություն» կուսակցության նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբայր Արամ Սարգսյանն այսօր Եռաբլուրում 168.am-ի հետ զրույցում` խոսելով «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության մասին, ասաց.
«Հոկտեմբերի 27-ը տեղի ունեցավ հասարակության աչքի առաջ: Այն միանշանակ ուղղված էր Հայաստանի պետականությանը, ու սա միայն իմ կամ զոհվածների հարազատների բնորոշումը չէ: «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը պիտի բավարարեր հասարակության սպասելիքները: Սակայն տեսականորեն դատավարությունը ոչինչ չտվեց հասարակությանը, քան այն, ինչ գիտեր ոճրագործության հաջորդ օրը` հոկտեմբերի 28-ին:
Այստեղ ամեն ինչ թողնվեց հասարակության վրա, որ ինքը եզրակացություններ անի, թե ում էր այն ձեռնտու, ով դրանից շահեց: Հասարակության համար այդ գործն արդեն բացահայտված է` անկախ նրանից, թե ինչքանով է հասարակության մոտեցումն իրականությանը համապատասխանում: Հասարակությունն արդեն «Հոկտեմբերի 27»-ն իր ներսում, իր մեջ բացահայտված է համարում»:
Արամ Սարգսյանը կարծում է, որ պետության կայացածության հիմնական բաղադրիչը արդարադատության համակարգի ձևավորումն է, որը թույլ կտա քրեադատավարական գործընթացներ ծավալելով, այս կամ այն գործը բացահայտելով՝ հասարակությանը պարզ ցույց տալ իրական գործընթացը և չթողնել հարցեր:
«Քաղաքական դաշտի մեծամասնության գնահատմամբ` «Հոկտեմբերի 27»-ն ամբողջությամբ կբացահայտվի, եթե տեղի ունենա իշխանափոխություն: Ինչ վերաբերում է անպատասխան հարցերին, ինձ համար դրանք շատ են` սկսած դատավարության, դատաքննության գործընթացներից, վերջացրած` դատավորի հիվանդանալով, գործընթացն արագ տանելով, վկաների մեծ մասին չհարցաքննելով, և այլն»,- ասաց Արամ Սարգսյանը:
Անդրադառնալով հարցին, թե ովքեր են Հոկտեմբերի 27-ի իրական մեղավորները, Արամ Սարգսյանն ասաց, որ դատաքննությունն ու դատավարությունը որևէ վարկած չհերքեցին, ինչից ելնելով էլ՝ հասարակությունը եզրակացություններ արեց:
«Ակնհայտ էր, որ հենց Հոկտեմբերի 27-ին հաջորդած ժամերի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը հանդիպում ունեցավ ահաբեկիչների հետ, և չէր կարող այդ հանդիպումը փակ դռների ետևում չձայնագրվել` հենց նույն գործող նախագահի անվտանգության ապահովման տեսանկյունից: Բայց պարզվում է` նման ձայնագրություն չի արվել, ինչին ես, իհարկե, չեմ հավատում: Բազմաթիվ նման անպատասխան հարցեր կան»,- 168.am-ին ասաց Արամ Սարգսյանը:
Նաև հավելեց. «Հավատացեք, որ իմ վիճակում հայտնված ցանկացած մարդ ուզում է իմանալ ճշմարտությունը: Ոչ թե այն, թե ինչ են մտածում, կամ ում կարող էր այն ձեռնտու լինել, այլ` իմանալ ճշմարտությունը»:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի