Արամ Կարապետյան. «Որևէ սերիալում քաղաքական քննարկում տեսնո՞ւմ եք»

Այսօր Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը հայտարարեց Հայաստանի քաղաքագետների միությունում քաղաքական քննարկումների և լսումների նոր ձևաչափի մեկնարկի մասին: Լսումների  նպատակը, ըստ Հմ.Հովհաննիսյանի, նախագահական բոլոր թեկնածուների նախընտրական ծրագրերի փորձագիտական քննությունն է՝ նրանց առանձին-առանձին քննարկումներին հրավիրելու և 10 առանցքային հարցեր ուղղելու ճանապարհով, որոնց պատասխաններից կարելի է պարզել, թե տվյալ թեկնածուն ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ապագան:  Նախագահի հավանական թեկնածուներից առաջինը  հրավիրվել էր «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը, ում Հմ.Հովհաննիսյանը խնդրեց ներկայացնել իր պատկերացումները, թե ինչպե՞ս ՀՀ քաղաքացին «այս բզկտված և շիլաշփոթ հիշեցնող քաղաքական դաշտում» կարող է կատարել իր ընտրությունը:

Արամ Կարապետյանը նախ կարծիք հայտնեց, որ «քաղաքական դաշտում ստեղծված շիլաշփոթը» ուղղակի հնարավորություն չի տալիս կատարել իրավիճակի քննարկում: Անդրադառնալով Հոկտեմբերի 27-ին` նա ասաց, որ Հոկտեմբերի 27-ի դասերից մեկն այն, է որ, մենք չենք կարողանում բացահայտել դրա ճշմարտությունը: «Ես համոզված եմ, որ հասարակության ճնշող մեծամասնությունը չի հավատում այն վարկածին, որը ներկայացվեց, թե դա եղել է մի խումբ մարդկանց ինքնուրույն գործողություն։ Եվ կարծում եմ` քանի դեռ այդ հարցը չի ստացել ռեալ լուծում, ապա միշտ մնալու են կասկածներ, որ այդ մարդկանց ետևում եղել են ուժեր, և չեմ կարծում` միայն հայկական ուժեր»: Ըստ Ա.Կարապետյանի, եթե այս հարցերը լուծում չեն ստանում, հասարակության մեջ դժվար թե արթնանա հավատ, որ հասարակական շարժումների միջոցով կարելի է ինչ-որ բան փոխել: «Ես կարծում եմ, որ մենք վերջիվերջո վերադառնալու ենք այդ հարցին, ինչպես նաև Մարտի 1-ին»,- ասաց նա:

Ա.Կարապետյանը Հայաստանի այսօրվա քաղաքական դաշտը բնորոշեց որպես մի ճահիճ, որը չունի ուղղվածություն` ոչ արտաքին քաղաքականության, որի պատճառով մենք ամեն կողմից հարվածներ ենք ստանում, ոչ ներքին քաղաքականության մեջ: «Ինչո՞ւ պետք է ՆԱՏՕ-ի անդամ Հունգարիան Ռ.Սաֆարովին արտահանձներ Ադրբեջան, որ մենք էլ ընկնեինք այդպիսի ծանր իրավիճակի մեջ և չիմանայինք`ինչպես խուսափել պատերազմից, որովհետև ես ունեմ բավականաչափ լավ տվյալներ, որ այդ ամենն արվել է պատերազմ հրահրելու նպատակով` ավելի շատ կապված իրանական խնդրի հետ: Դրա հետ միասին մենք մեր փոխհարաբերությունները չենք կարողանում մինչև վերջ հստակեցնել Ռուսաստնի հետ, դրա համար ստանում ենք գազի թանկացում, դրա պատճառով էներգետիկ հզոր ռեսուրսները հանձնվել են Ռուսաստանին:

Քաղաքագիտական մի հարց տամ. ինչպե՞ս կարելի է բնութագրել Հայաստանի այսօրվա քաղաքական համակարգը: Մենք ունենք ուժեղ նախագահ, ունենք կոալիցիա և կոալիցիոն կառավարություն: Ասե´ք ինձ որևէ այդպիսի երկիր, որտեղ կամ վարչապետը չի ուժեղացված կամ նախագահը: Այս ի՞նչ քաղաքական համակարգ է: Համակարգ, որն իր մեջ արդեն դրել է բոլորն իրար դեմ լինելու սկզբունքը: Եվ սա, ցավոք սրտի, քաղաքականության հիմք է Սերժ Սարգսյանի մոտ: Բոլոր տեղերում իրար դեմ դրված փոխհարաբերություններ են. ուժայիններն իրար դեմ են դրված, քաղաքական դեմքերն` իրար դեմ, կուսակցություններն` իրար դեմ, էլիտայի տարբեր հատվածներ` իրար դեմ»,-նշեց նա: Այս համատեքստում Ա.Կարապետյանը խոսեց քաղաքական համակարգում սերնդափոխություն իրականացնելու մասին` առաջարկելով սահմանադրության մեջ մտցնել մի դրույթ, ըստ որի որևէ մեկը 2 անգամ նախագահ ընտրվելուց հետո իրավունք չունենա ևս մեկ անգամ ընտրվելու, ոչ թե անընդմեջ, այլ ընհանրապես. «Ոչ Ռոբերտ Քոչարյանը կուզենար հետ գար, ոչ` Լևոն Տեր-Պետրոսյանը…»:

Խոսելով տնտեսական հարցերի մասին` Ա.Կարապետյանը նմանատիպ հարցադրում կատարեց նաև այս ոլորտի վերաբերյալ. «Որևէ մեկը կարո՞ղ է բնութագրել Հայաստանի այսօրվա տնտեսության իրական կատեգորիան: Սա ի՞նչ է, կապիտալի՞զմ, սոցիալի՞զմ, վայրի՞ կապիտալիզմ, լիբերալիզմի ինչ-որ ձև՞ է: Ի՞նչ անուն տանք սրան»:

Ա.Կարապետյանն ասաց, որ ժամանակն է կոալիցիոն կառավարության փոխարեն մտածել մասնագիտական կառավարություն ձևավորվելու մասին, առավել ևս որ կուսակցությունների մեծամասնությունը գաղափարական պայքարի մեջ չէ:

«Որևէ մեկն ինձ կարո՞ղ է ասել Հանրապետական կուսակցության և «Բարգավաճ Հայաստանի»` այսօրվա իրավիճակից դուրս գալու ռեալ քայլերի մարտավարությունը: Մեկին հարցնում ես` ասում են Նժդեհ, մյուսի մոտ ամբողջությամբ «բարգավաճում» է, «Օրինաց երկրի» մասին ես միշտ լռում եմ: Կուսակցությունների դերը գաղափարական պայքար տանելը և ծրագրեր առաջարկելն է, իրենց գաղափարներից ելնելով` այդ ծրագրերի քննարկումը հասարակությանը հասանելի դարձնելն է… Հեռուստատեսությունն այսօր տալի՞ս է այդ հնարավորությունը, դուք որևէ սերիալում քաղաքական քննարկում տեսնո՞ւմ եք: Այսինքն` Հայաստանում այսօր ամենաշատ տարածված հասարակական երևույթներն են ծեսերը (ներողություն  եմ խնդրում այդ բառը կիրառելու համար), տոները և սերիալները, որին գումարվում է Հանրապետականի բոցը (նկատի ունի վերջերս հաճախ հրդեհվող ՀՀԿ գրասենյակը,- Ա.Ս.) »,- ասաց Արամ Կարապետյանը:

 

Տեսանյութեր

Լրահոս