Հոկտեմբերի 27-ն ամբողջությամբ բացահայտված չէ. Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր Եռաբլուրում հարգանքի տուրք մոտցեց Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հետևանքով զոհված Կարեն Դեմիրճյանի հիշատակին:
168.am-ի հետ զրույցում Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Զոհվեցին ոչ միայն պետական այրեր, ազգային հերոսներ, պաշտոնյաներ, այլ նաև մեր հավատը սեփական երկրի նկատմամբ: Հավատը երբեք չի կորչում, բայց պարզ է, որ մինչ օրս մեր ժողովուրդը տակավին փնտրում է արդարադատությունը, ճշմարտությունը, և մենք դեռ չենք հասել սրան»:
Րաֆֆի Հովհաննիսյանի կարծիքով` եթե ժողովուրդն ուզենա` կկարողանա բացահայտել Հոկտեմբերի 27-ը, քանի որ, ըստ նրա` այն ամբողջությամբ բացահայտված չէ: «Նրանք, ովքեր պաշտոնյա էին այն ժամանակ` թե’ նախագահ, թե’ նախարար, իրենք շարունակեցին ու մինչ օրս շարունակում են այսպես, թե այնպես պաշտոնավարել: Եվ քանի դեռ մեր ժողովուրդը ու հատկապես նոր սերունդը չի հասել իր երկրում ազատության, արդարության ու ճշմարտության, չի կարելի ենթադրել, որ Հայաստանը կդառնա առաջատար երկիր, ըստ Սահմանադրության` ժողովրդավար, ինքնիշխան պետություն: Ճշմարտության փնտրտուքը պիտի շարունակվի և սա ժողովրդի ձեռքում է: Եթե ժողովուրդն ուզենա իր խոսքն ու գործը մեկ անել, ի վերջո, կհասնենք այդ ճշմարտությանը և պետք չէ, որ ինչ-որ մի ուրիշ մեկին` թշնամի, հակառակորդ, հարևան, ոչ մեկին` թե’ ներքին, թե’ արտաքին, չպետք է մեղադրել: Ճշմարտության որոնումն ու հայտնաբերումը մեր ձեռքերում է, մեր պատքն է»,- ասաց Ր. Հովհաննիսյանը:
Հարցին, թե ի՞նչն է խանգարում Հոկտեմբերի 27-ի ոճրագործության ամբողջական բացահայտման համար, Ր. Հովհաննիսյանը պատասխանեց. «Անձնական, մասնավոր և հատվածական շահերը, որոնք առայժմ ոմանց կողմից գերադասվում են քաղաքացու, ազգի և պետության շահերից: Պետք է լինի հակառակը»: