«Փոխվել է էն, որ Կարեն Սերոբիչը չկա». ասում է Կարեն Դեմիրճյանի վարորդը
Այսօր Կոմիտասի անվան պանթեոն էր եկել նաև Կարեն Դեմիրճյանի վարորդը` Միշա Ասատրյանը: 168.am-ի հետ զրույցում Մ. Ասատրյանն ասաց, որ ինքը շուրջ 30 տարի աշխատել է` որպես Կարեն Դեմիրճյանի վարորդ: Հարցին` ի՞նչ գնահատականներ ունեք Հոկտեմբերի 27-ի ոճրագործության մասին, ի՞նչ է փոխվել այս տարիների ընթացքում, Մ. Ասատրյանը պատասխանեց. «Էն ա փոխվել, որ Կարեն Սերոբիչը չկա: Ուրիշ բան չի փոխվել: Ամբողջ Հայաստանը փոխվել ա: Պետք է արդարդություն լիներ, բայց չի լինում»:
1999թ. Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում տեղի ունեցածը Մ. Ասատրյանը հիշում է այսօրվա պես:
«Այդ օրը լավ տրամադրությամբ բերեցի աշխատանքի, ինքն ասաց` հեռու չգնաս, էսօր շատ գործ ունենք: Ու ես գնացի գարաժ, ինքը գնաց նիստի: Նիստը սկսվեց 12:00-ին, ու էդ օրը 5-ից 10 պակաս խփեցին: Դա հոկտեմբերի 27 էր: 13 տարի ա` ամեն ինչը փոխվել ա; Արդարություն չկա»,- ասում էր Կարեն Դեմիրճյանի վարորդը:
Միշա Ասատրյանի փոխանցմամբ` մինչ օրս որևէ բան չբացահայտվեց: «Խփողները նստած են, գիտենք, թե ովքեր են, իսկ պատվիրատուներից տեղյակ չենք, ներքին բան ա, որ ոչ մեկը չգիտի»,- ասաց Մ. Ասատրյանը` նկատելով, թե ի դեմս Կ. Դեմիրճյանի` ՀՀ-ն կորցրեց «տնտեսությունը, գործարանները, հույսը, հավատը, ապրելու իրավունքը»:
Մ. Ասատրյանի խոսքով` չնայած դեպքից անցել է 13 տարի, բայց ինքն այսօր էլ մոտ է Դեմիրճյանների ընտանիքի հետ, և, ինչպես ինքն ասաց` «պահում է իր կրոնը»: