Բաժիններ՝

«Արմավիայի» ինքնաթիռների՝ ԵՄ երկրներում չսպասարկվելու լուրերը սուտ են». Նանա Ավետիսովա

«Արմավիան» իրականացրել է և շարունակում է իրականացնել իր չվերթերը: Ամեն ինչ նորմալ է: Դա հերթական սուտն է, որի նպատակն անհասկանալի է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ավիաընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան:

Հիշեցնենք, որ մամուլում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ ԵՄ անդամ երկրները Հայաստանին նախազգուշացրել են, որ մտադիր են այլևս չսպասարկել հայկական, մասնավորապես՝ «Արմավիա» ավիաընկերության չվերթերը: Որպես պատճառ՝ նշվում էր, որ հայկական չվերթերը չեն համապատասխանում անվտանգության չափանիշներին, բացի այդ, ինքնաթիռները պարբերաբար խափանվում են:

Ըստ Ավետիսովայի, դա հերթական «բադն է», որն ուղարկվել է իրենց ընկերության հասցեին: «Հնարավոր չէ՝ նման բան տեղի ունենա: Մենք, ինչպես թռել ենք, այնպես էլ թռչում ենք: Ոչ մեկը ոչ մի բան չի կարող ասել մեր ընկերության հասցեին, մասնավորապես՝ ընկերության կողմից թռիչքների անվտանգության մասով»,- պարզաբանեց Նանա Ավետիսովան:

Վերջինիս խոսքերով, գոյություն ունեն IATA (Օդային տրանսպորտի միջազգային ասոցիացիա) և IOSA (թռիչքների անվտանգության աուդիտ) ասոցիացիաներ, և «Արմավիան» երկուսին էլ անդամակցում է: Ըստ.Ն. Ավետիսովայի, իրենց ընկերությունը հերթական անգամ հաջողությամբ անցել է փորձաքննությունը և ևս 3 տարով ձեռք բերել թռիչքներ իրականացնելու հավաստագիր։

Այն հարցերին, թե արդյո՞ք «Զվարթնոց» օդանավակայանի հետ առկա խնդիրները լուծվել են, և պարտքի գումարը ներկա պահին որքա՞ն է կազմում, ընկերության մամուլի քարտուղարը պատասխանեց. «Պարտքը մարվում է: Նախատեսել ենք մինչև այս ամսվա վերջ պարտքի թուլատրելի սահմանաչափը մարել: Հույս ունենք, որ անգամ պայմանավորվածության համաձայն՝ 2 միլիոն 390 հազարից էլ ավելի քիչ գումար կազմի այն՝ մարելուց հետո»,- պարզաբանեց Նանա Ավետիսովան:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս