Ես չեմ համարում. եթե ես համարեի՝ ՀԱԿ-ի հետ կլինեի

«Մեր քաղաքական որոշումն այս առումով արդեն կայացվել է, նույնիսկ հարկ էլ չեմ համարում գնահատական տալ»,-այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսին (ՀԱԿ)  նախկինում մաս կազմող «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Աբրահամյանն՝ անդրադառնալով օրերս ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանի կողմից արված այն հայտարարությանը, թե՝ «երբ կան ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն, հատկապես` եթե նրանք համագործակցեն, ապա դա դառնում է այս իշխանության համար մղձավանջ: Եվ հնարավոր է քաղաքական երկու այս խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»: «Անկեղծ ասած, դրա մասին չեմ ուզում խոսել, դա այն թեման չէ, որի մասին ես պետք է մտածեմ»,- ավելացրեց Սուրեն Աբրահամյանը:

 

Հարցին, թե՝ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ ՀԱԿ-ը ցանկանում է իշխանափոխություն իրականացնել նախկինում իշխանության մաս կազմող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ, Ս. Աբրահամյանը պատասխանեց. «Մեր դիրքորոշումը պարզ է եղել, ես իմ դիրքորոշման տերն եմ, ու ինձ համար դա անընդունելի է»: Դիտարկմանը, թե՝ փաստորեն համարում եք, որ ՀԱԿ-ը պետք է հանդես գա սեփակա՞ն թեկնածուով, Սուրեն Աբրահամյանը պատասխանեց. «Ես չեմ համարում: Եթե ես համարեի` ՀԱԿ-ի հետ կլինեի: Ես չեմ ցանկանում գնահատականներ տալ, դա ՀԱԿ-ի գործն է»:

«Արդյո՞ք ճիշտ են այն խոսակցությունները, որ «Հանրապետություն» կուսակցությունը դուրս եկավ ՀԱԿ դաշինքից, քանի որ հավանության չարժանացրեց «Բարգավաճ Հայաստանի» հետ համագործակցելու՝  ՀԱԿ-ի մտադրությունը»: Մեր այս դիտարկումը Ս. Աբրահամյանն այսպես պարզաբանեց. «Մենք, իհարկե, պաշտոնական քաղաքական հայտարարություն արել ենք այս մասին և չենք ուզում կրկնվել»: Այնուամենայնիվ, հարցին, թե, ի վերջո, պատճառներից մեկը, նաև ԲՀԿ-ՀԱԿ համագործակցությանը հավանություն չտա՞լն է եղել, Ս. Աբրահամյանը պատասխանեց կարճ-կոնկրետ` «Այո»:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ՀԱԿ ներկայացուցիչ Գուրգեն Եղիազարյանի տեսակետին, թե` «Այսօր մենք կարող ենք համագործակցել նույնիսկ նույն Սերժ Սարգսյանի, նույն Ռոբերտ Քոչարյանի հետ, հենց այսօր, և ասել մի բան`եկե՛ք նստենք և իրար հետ որոշենք, դուք էլ եք, չէ՞, ոնց որ հայ: Եկե՛ք համախմբենք, մեր երկիրը հանենք էս վիճակից, եկեք մտածենք` ի՞նչ անենք, որ դրսում 1,2 մլն սոված քաղաքացի չունենանք: Ուրեմն` մեծ սիրով կհամագործակցենք Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ», Ս. Աբրահամյանը չցանկացավ այն մեկնաբանել. «Ողջունեք Գուրգեն Եղիազարյանին, դա իր խնդիրն է: Չեմ ցանկանա մեկնաբանել»:

 

Տեսանյութեր

Լրահոս