Բաժիններ՝

Արտալիբանանյան կենտրոններն ու բաց հրապարակը

Արևելյան Բեյրութում որոտացած պայթյունից առաջացած ապահովական, քաղաքական և հասարակական արձագանքները հայտնաբար շարունակվելու են որոշ ժամանակի համար: Հրապարակ են նետվել քաղաքական նոր վարկածներ, կանխատեսումներ, մեկնաբանություններ և վերլուծություններ` դեպքերի հետագա զարգացման սցենարների և ընդհանրապես երկրի ապագայի մասին պատկերացումների փորձեր կատարելու ուղղությամբ:

Լրատվական այս թոհուբոհում հայկական շրջանակներից անվերջ Բեյրութ հասնող հարցադրումները կկենտրոնանան սիրիական մոդելի լիբանանականացման հավանականության վրա: և այդպիսի մտավախությունը շարունակվում է ահագնանալ, հասնելու համար այնտեղ թե` լիբանանահայությունը նոր արտահոսքի եզրագծին առջև է կանգնած, ինչ որ առհասարակ միջին արևելյան հայկական գաղութների ճակատագրի ճշտորոշման տեսակետից վճռական փուլ է ենթադրում:

Նախ պետք է հիշել, որ վերջին ցնցող պայթյունին անմիջապես հաջորդած ապահովական բռնկումների առիթով գերտերությունները իրենց արտաքին գերատեսչությունների ղեկավարների մակարդակով հստակ դարձրին, որ ներլիբանանյան կայունությունը պետք չէ խնդրո առարկա դարձնել: Այս չի ենթադրում անշուշտ, որ գերտերությունների կողմից կիրառելի քաղաքականությունը համահունչ է և հարազատ` կատարված հայտարարություններին: Այնուամենայնիվ նախանշում է, որ գեթ այս հանգրվանին աշխարհաքաղաքական ուժերի օրակարգային կիզակետը հարևան Սիրիան է և նույնածավալ գործողություններ որոշ ժամանակի համար չպիտի տեղափոխվեն Լիբանան: Այլապես, հյուսիսային Լիբանանում արձանագրված սահմանափակ բնռկումները շատ արագ պիտի տարածվեին ամբողջ երկրում:

Պայթունավտանգ կարգավիճակը միշտ էլ ուղեկցել է լիբանանյան կացությանը, երբ մանավանդ բազմակողմանիորեն համոզիչ է դարձել, որ մայրիների երկիրը օտար ուժերի համար քաղաքական բաց տարրալուծարան է`  փորձարկումներ կատարելու, առևտուր անելու, հաշիվներ մաքրելու, թափանցելու և…ապահովական կացություններ ստեղծելու:

Համալիբանանյան ընդհանուր գիտակցության բացակայությունը`  շիկացումներից հեռու մնալու, կոճակի սեղմումներով չղեկավարվելու, լարվածությունը չեզոքացնելու, հարցերը պետական համապատասխան ատյաններում երկխոսության միջոցով քննարկելու, ավելի կդյուրացնեն արտաքին կենտրոնների հեռակառավարման այս համակարգի արդյունավետ աշխատանքը:

Լիբանանահայ գործոնի ավանդական ընտրանքը` բևեռացումների մաս չկազմելու և համալիբանանյան շահերը գերադասելու, միջհամայնքային համակեցության համար համայնքների իրողական ներկայացվածությունը հարգելու և համագործակցելու, այսօր ևս ինքն իրեն գերակա ուղղություն իբրև զգալի է դարձնում շատ սուր կերպով:Մանավանդ, որ եթե ոչ անմիջական հանգրվանին, այսուհանդերձ բաժանարար աշխարհաքաղաքական ալիքները միջերկրական այս ծովափը ևս հարվածելու նշաններ են ցույց տալիս` իսլամական երկու մեծ համայնքները իրար հակադրելու ճանապարհով չբացահայտված ծրագրեր իրականացնելու համար:

Արաբական գարնանային հովերի առաջացրած ալիքների հետ առնչություն ունենան դրանք թե ոչ, վտանգի անընդհատ սպառնալիքի շեշտումը այս օրերին կապվում է ռմբահարումներով քաղաքական թիրախներ հարվածելու և նրանց իբրև հետևանք նոր իրավիճակներ հրամցնելու վերջին արարքին, որ շատ արագ լիբանանյան սահմաններից դուրս եկավ, ստացավ շրջանային-միջազգային տարողություն և արժանացավ աշխարահաքաղաքական կարևորագույն կենտրոնների անմիջական արձագանքումներին:

Պարզ է, որ լիբանանյան բռնկումները կմնան սահմանափակ և չեն կլանի երկիրը: Հայտնապես զսպիչ գործոնները դեր ունեն այստեղ: Ըստ երևույթին համալիբանանյան բռնկման ազդանշանը տրված չէ: Լիբանանյան երկարատև տագնապի փորձառությունը հուշում է, որ ինչպես զսպիչ, այնպես էլ հրահրիչ գործոններն ու հանգամանքները արտալիբանանյան կենտրոններից կախյալ են:

Դամոկլյան այս սուրը պիտի շարունակի ճոճվել լիբանանյան երկնակամարի վրա այնքան ժամանակ, որ հեռակառավարումը մերժելու համալիբանանյան կամքը չի կայանում և այդպիսով տեղի կտա արտալիբանանյան կենտրոնների անարգել և ազատ գործունեությանը` Բեյրութի քաղաքական բաց հրապարակի վրա:

Շահան Գանտահարյան
«Ազդակ»-ի գլխաւոր խմբագիր

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս