Բժիշկների բաց նամակը հասարակությանն ու իշխանություններին
«Մենք` ֆեյսբուքյան «Բժշկական Ազատ Անկախ Արհմիություն» խմբում միավորված բուժաշխատողներս, արտահայտում ենք մեր խորին մտահոգությունը առողջապահության ոլորտում տեղ գտած մի շարք բացասական երևույթների կապակցությամբ, որոնք առաջացրել են համընդհանուր անվստահության ու անպաշտպանվածության մթնոլորտ թե հիվանդների, և թե բուժաշխատողների մոտ:
Առողջապահությունը նախ ինքը պիտի առողջ լինի: Ներկայումս գործող ՀՀ բնակչության բուժօգնության մասին օրենքը, իր անորոշ ձևակերպումներով, արդյունավետ չի կանոնակարգում բուժօգնության համակարգը, չի արտահայտում ո՛չ բուժօգնությունն իրականացնողի, ո՛չ էլ բուժօգնություն ստացողի, հետևաբար ոչ էլ պետության շահերը: Առողջությունը չի լինում ընդդիմադիր կամ իշխանամետ, այն համամարդկային արժեք է բոլորի համար:
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայտարարել է առողջապահությունը որպես առաջնահերթություն, և հայտարարել է նպատակային թիրախ` հստակ մրցակցային առավելություն համաշխարհային և տարածաշրջանային շուկաներում: Միգուցե նաև տիեզերական, ով գիտե:
Բայց մեզ առավել հետաքրքրում է մեր ժողովրդին մատուցվող ծառայությունների որակը, ու այդ ծառայությունները մատուցողների վիճակը:
Բոլորը պետք է հասկանան, որ ժողովուրդ-բժիշկ-իշխանություն հարաբերության մեջ բժիշկը միշտ ժողովրդի հետ է և’ իր գործով, և’ կյանքում: Անթույլատրելի է այլ նպատակներով սեպ խրել ժողովրդի և բժշկի միջև` բժիշկներին դարձնելով քավության նոխազներ:
Զուտ բժշկական պարտականություններից բացի, այսօր բժշկի ֆունկցիային ավելացել են բժշկական և սոցիալական ոլորտների կառավարման թերությունները ծածկելը` բժշկի սեփական նյարդերի և լրացուցիչ անվճար աշխատանքի հաշվին: Այդ ավելացումների մեջ են նաև ազատազրկման դատապարտվելը որպես քավության նոխազ, և երբեմն հիվանդի և հիվանդատերերի կոպտությունն ու բռնությունը անխոս տանելը: Հարգելինե՛րս, այդքան շատ մատնացույց արվող Հիպոկրատի երդման մեջ նման կետեր ՉԿԱՆ:
Մեր կոչը և համագործակցության առաջարկ է բոլոր շահագրգիռ անձանց, և հստակ գիտակցում, որ այսպես այլևս չի կարելի:
Մենք միայն չենք քննադատում, այլ փորձում ենք գտնել լուծման ուղիներ:
Խնդիրներ և լուծումների տեսլական
Ֆինանսական խնդիրներ
Եթե պետության բյուջեն չի կարող ամբողջ առողջապահական ծախսը վերցնել իր վրա և անխուսափելի են համավճարներն ու վճարները, պետք է ընդունել նաև, որ շատ մարդկանց բյուջեն նույնպես չի թույլատրում նման ծախսեր, և միայն ճարահատյալ են դիմում հիվանդանոց: Արդյունքում մենք չենք կարող ունենալ ժամանակակից բժշկություն, մեր բժշկությունը էքստրեմալ բժշկություն է` պայքար խորացված հիվանդությունների, ծայրահեղ վիճակների հետ: Մենք ռեալիստ ենք ու համընդհանուր գործազրկության պայմաններում չենք հուսում համընդհանուր ապահովագրություն: Լուծման տարբերակ առաջարկում ենք`
1. Կատարել առողջության վարկավորման ծրագիր` քիչ տոկոսադրույքով, արագացված թղթատարությամբ, նույնիսկ հիվանդանոցում: Գումարը տրվում է ոչ թե հիվանդին, այլ հիվանդանոցին` ծառայության դիմաց: Հետագայում հարաբերությունների կողմեր են հիվանդը, հարազատը կամ երաշխավորը` մի կողմից, բանկը` մյուս կողմից, իսկ ռիսկերը վերցնում է պետությունը, քանի որ բանկը և պետությունը ունեն փողային վիճելի հարցերը կարգավորելու մշակված մեխանիզմներ, ինչը չունեն բժիշկը և հիվանդանոցը:
Եթե մարդը չի կարող միանգամից 100.000 դրամ տալ, միգուցե ի վիճակի լինի ամիսը վճարել10 000: Անվճարունակության դեպքում նման մարդկանց ծախսերի ռիսկերը պետք է վերցնի պետությունը` համապատասխան սոցիալական ծրագրերով, մասամբ կամ լրիվ: Նման ձևով պետությունը կարող է մարել նաև արտոնություններ ունեցող մարդկանց գումարը արդեն առկա սոցիալական ծրագրերից: Բժիշկը սոցիալական վիճակի համար մեղք չունի: Բժիշկը իրեն օրենքով ամրագրված լիազորություններով չունի ոչ հիվանդից համավճար պահանջելու, ոչ պահանջը չիրականացնելու դեպքում ստիպելու, ոչ չվճարելու կամ պետպատվերի վերջանալու դեպքում հիվանդին մերժելու կամ չբուժելու, ոչ վիճարկելի դեպքերում գումար հետ վերադարձնելու իրավական գործառույթներ:
Մենք բժիշկ ենք` առանց գանձապահի կամ կատարածուի ֆունկցիաների, թողեք մեր գործով զբաղվենք:
Անհասկանալի է, որ բժիշկը (և հիվանդանոցը) նույն հիվանդությունը բուժելու համար ստանում է տարբեր վարձատրություն` պետպատվերի արտոնություն ունեցող հաշմանդամության խումբ ունեցող հիվանդից (ով համավճար չի վճարում) 11.500 դրամ, չունեցողից` 23.500 դրամ: Ինչո՞ւ, ո՞րն է տրամաբանությունը: Իրականում բժիշկը և հիվանդանոցը հաշմանդամին բուժելու համար ավելի մեծ ջանք ու ծախս են անում:
Օրինակ` դիաբետով հիվանդին վիրահատելու դեպքում ավելանում են հակադիաբետիկ, մետաբոլիկ, սիրտանոթային դեղորայքները, կատարվում են մեծ քանակի լրացուցիչ բիոքիմիական անալիզներ, ԷՍԳ, էնդոկրինոլոգի, թերապևտի, ակնաբույժի կոնսուլտացիաներ ու հսկողություն, վերքերի ուշ լավացման ու բարդությունների պատճառով երկարատև հոսպիտալիզացիա, կրկնակի միջամտություններ, և այդ ամենը թողնվում է բժշկի և հիվանդանոցի ուսերին: Նույնը կարելի է ասել սիրտ-անոթային, երիկամային, թոքային և այլ հիվանդություններ ունեցողների կապակցությամբ: Արտոնություն ունեցող հիվանդը պիտի անվճար բուժվի պետության, ՈՉ ԹԵ բուժող բժշկի (և հիվանդանոցի) հաշվին:
Կամ ինչու պիտի բժիշկը ընդհանրապես պետական վճարից կրկնակի ավելի քիչ վճարվի, քան հիվանդի վճարածից: Ինչու է այդքան անիմաստ բարդացվել վճարման համակարգը, փոխանակ միջինացվելու:
Նույնը վերաբերվում է մարզային բժիշկներին: Մարզերում վճարների չափը 2-3 անգամ քիչ է Երևանի հիվանդանոցների վճարներից: Քանի որ տոկոսները նույնն են, մարզային բժիշկները ստանում են նույն աշխատանքի համար նույնքան անգամ քիչ, աշխատելով առավել բարդ աշխատանքային և սոցիալական պայմաններում: Համաձայն ենք, որ մարզերում ժողովրդի վճարունակությունը քիչ է, բայց միգուցե մարզերում տոկոսները բարձրացվեր: Այսօր մարզային բժշկությունը դեռ մի կերպ յոլա է գնում նախկին սովետական կադրային քաղաքականության վերջին մոհիկանների հաշվին, բայց աղետը մոտ է: Պետք է գոնե շտապ վերանայել առկա արժեքներն ու տոկոսները, որևէ իմաստ թողնելով մարզերում աշխատելու համար:
2. Բժշկի նվազագույն աշխատավարձ համարել ոչ թե 50.000, այլ գոնե 200.000 դրամը: Եթե համապատասխան տոկոսներից գոյացած գումարը գերազանցում է նշվածը, պարզ է որ պետք է վճարել: Նման մեխանիզմով աշխատելու դեպքում հիվանդանոցը ինքը շահագրգռված կլինի գոնե մինիմում ծավալով ապահովել բոլոր բժիշկներին աշխատանքով, ինչը առավել կարևոր է նորավարտ բժիշկների կայացման, իրենց մինիմալ կենցաղային խնդիրները լուծելու և արտագաղթի կասեցման համար, և աշխատավարձի երբեմն տասնյակ անգամ գերազանցող տարբերություններ նույն հիվանդանոցում չեն լինի:
Այն բուժաշխատողները, ովքեր աշխատում են ֆիքսված աշխատավարձով (նաև բուժքույրերն և մայրապետերը), չեն վճարվում ավելացած աշխատանքային ժամաքանակի համար:
Մենք չենք ուզում խոսել առանց ապացույցների, սակայն դեռ կան թերի աշխատավարձի ստացման դեպքեր:
Պոլիկլինիկայի բժիշկների վարձատրման չափը ուղղակի խայտառակություն է: Նեղ մասնագետ չի նշանակում նեղ կենսապայմաններով մասնագետ. ևս մեկ անգամ հիշեցնենք, որ պոլիկլինիկայի նեղ մասնագետի աշխատավարձը կասզմում է 30-40 հազար դրամ: Շուտով պոլիկլինիկաներում ակնաբույժը, հոգեբույժը, նյարդաբանը և այլ մասնագետներ դառնալու են էկզոտիկա:
Մանկաբույժները, նեոնատոլոգները ընդհանրապես վերանում են նման վճարային համակարգի հետևանքով: Շրջանում մեկ երեխայի հետծննդյան բուժօգնության համար մանկաբույժն ստանում է պաղպաղակի գումար` 400-600 դրամ:
Անեսթեզիոլոգները, վիրաբույժները առավել ցայտուն են զգում իրենց իրավական անպաշտպանությունն ու մասսայաբար արտագաղթում են: Որ մեկն ասես:
Իրավական խնդիրներ
Մշակել կոշտ պատժաչափ և դրա գործելու մեխանիզմներ` ծառայողական պարտականություններ կատարելիս բժշկին խանգարելու կամ վնասելու վերաբերյալ.
Այս պահանջին կարելի է հասնել ընդամենը ՀՀ Օրենսգրքում Հոդված 316-ում ավելացնելով փրկարար և բժիշկ բառը: Այսպիսով առաջարկում ենք օրենքը վերաձևակերպել այսպես`
Հոդված 316. Իշխանության, փրկարարական և բժշկական ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը`
1. Իշխանության ներկայացուցչի, փրկարարի և բժշկի կամ նրա մերձավորի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ, ինչպես նաեւ իշխանության ներկայացուցչին, փրկարարին և բժշկին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ խոչընդոտելը՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:
2. Իշխանության ներկայացուցչին, փրկարարին և բժշկին՝ օրենքով նրա վրա դրված պարտականությունները կատարելու ժամանակ դիմադրելը կամ նրան ակնհայտ ապօրինի գործողություններ կատարելուն հարկադրելը, որը կատարվել է բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանքով՝ մինչեւ երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով:
3. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասում նշված անձանց նկատմամբ կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնությունը պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով:
4. Սույն օրենսգրքում իշխանության ներկայացուցիչ է համարվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայող այն անձը, ով ծառայողական ենթակայության տակ չգտնվող անձանց նկատմամբ սահմանված կարգով օժտված է կարգադրիչ լիազորություններով:
5. Սույն հոդվածը հավասարաչափ գործում է, երբ բռնություն է գործադրվում փրկարարի և բժիշկի հանդեպ` իր ծառայողական պարտականությունները կատարելիս, երբ դրա արդյունքում տուժում է փրկարարական կամ բուժօգնություն ստացողը` փրկարարի կամ բժշկի գործունեության խափանման հետևանքով:
Այս հարցի հետ կապված` միաժամանակ կոչ ենք անում պարգևատրել հետմահու` շտապ օգնության բժիշկ Աշոտ Գրիգորյանին (ք. Գյումրի), ով չի դադարել կատարել իր ծառայողական պարտականությունները` անգամ իր հանդեպ բռնություն կատարվելուց հետո:
Բժշկին տրվող պատժաչափի կանոնակարգում
ա) Հստակեցնել բժշկական ՍԽԱԼ և ՀԱՆՑԱՆՔ հասկացությունը և այն լուսաբանել ԶԼՄ-ներում, հասկացնելով, որ այն տարբեր երանգ ունի, և մի մասն անխուսափելի է` տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Անել քայլեր` բժշկի աղավաղված անունը վերականգնելու համար (նաև ԶԼՄների միջոցով):
Առավել հստակ լինելու համար ներկայացնենք գերմանական օրենքում բժշկական հանցանքի դասակարգումը.
– Կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
– Ոչ կանխամտածված սպանություն / մարմնական վնասվածք
– Բժշկական օգնություն չցուցաբերելը
– Բժշկի օգնությամբ հիվանդի ակտիվ ինքնասպանություն (էֆթանազիա)
– Ֆինանսական հափշտակում (օր. հիվանդության կեղծ ծանրացում ավելի մեծ վճար գանձելու համար, չարված կամ ցուցում չունեցող դիագնոստիկայի կատարում լրացուցիչ շահույթ ստանալու համար և այլն)
– Բժշկական տվյալների (օր. դիագնոզի) կամ ոչ բժշկական տվյալների (օր. բժշկական գործունեության հետ կապված եկամուտի, սոցիալական վճարների և այլն) կեղծում
– Բժշկական գործունեության հետ կապված կաշառք կամ օրենքով չթույատրված այլ նյութական արժեքներ վերցնելը
– Բժշկական գաղտնիքի հրապարակում բացի օրենքով չարգելված դեպքերից:
Օրենքը յուրաքանչյուր դեպքի համար սահմանում է որոշակի հստակ պատիժ:
բ) Բժշկական սխալի համար բժշկից ստորագրություն վերցնել չբացակայելու համար` մինչ դատավճիռ, ոչ թե ձերբակալել (խոսքը չի գնում կանխամտածված կերպով ծանր մարմնական վնասվածք հասցնելու կամ մահ պատճառելու մասին): Միաժամանակ չխանգարել բժշկին` կատարել իր գործունեությունը այդ ընթացքում` աշխատանքային և մարդկային դրական բնութագրերի, համապատասխան որակավորման և կոլեգաների երաշխավորման առկայության դեպքում: Առավել գործուն և օգտակար է բժշկական կառույցներում, քննարկումներում և ամսագրերում սխալների օբյեկտիվ վերհանումն ու քննարկումը` հետագա սխալներից խուսափելու և թերությունները շտկելու համար: Փորձված բժշկին մեկուսացնելուց ամենաշատը տուժում է հենց հասարակությունը: Պետք է վերջ տալ բժշկին մի կողմ շպրտելու, զոհաբերելու երևույթին:
գ) պատժաչափի տեսակ ընդունել կամ առավել հաճախակի կիրառել բժշկին մասնագիտական լիազորությունից ժամանակավոր զրկելը կամ նրա ֆունկցիայի նվազեցնելը` թույլատրելով աշխատել ավելի կրտսեր պաշտոնի, մինչ նորից լիցենզիոն հանձնաժողովի (դրա ֆունկցիաներն էլ է պետք ակտիվացնել) ատեստավորում անցնելը:
դ) Բացառիկ ծանր դեպքերում, երբ բժշիկն ազատազրկվում է առանձնակի ծանր (բայց ոչ կանխամտածված) սխալի համար, ազատազրկման վայրում բժշկին տրամադրել հնարավորություն բուժաշխատողի գործառույթ կատարել (բուժակ, հնարավորության դեպքում` բժիշկ ընդհանուր պրոֆիլի):
Պետք է ներդնել ապահովագրություն ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՍԽԱԼԻ դեմ` ԱՊՊԱ-ի նման, բայց իր առանձնահատկություններով: Բժշկի ՆՈՐՄԱԼ աշխատավարձից ապահովագրական վճարը գանձելով պետք է ձևավորվի ԲԺՇԿԱԿԱՆ ՖՈՆԴ, որից գնալու են և՛ հիվանդին ֆինանսական հատուցումները, և՛ բժշկական հաշտարարի վճարը:
Մասնագիտական բժշկական սխալի համար պետք է տուժողին ֆինանսապես հատուցել` այնուամենայնիվ հասկանալով, որ դա չի փոխհատուցում ֆիզիկական, բարոյական և հոգեկան վնասը: Այդ հատուցումը պետք է ՊԱՏՇԱՃ լինի, որը սակայն բժշկի գրպանով հնարավոր չէ (անգամ եվրոպական չափանիշով վարձատրվելու դեպքում էլ, քանի որ հատուցումը, իրոք, պետք է զգալի լինի): Իսկ բժիշկն անսխալ չէ, քանի որ կան սխալներ, որոնցից խուսափել շատ դժվար է (անատոմիական հազվագյուտ առանձահատկություններ, դեռ չպարզված հիվանդություններ), հատկապես ԹԵՐԻ հետազոտական և բուժական միջոցներով հագեցվածության պայմաններում: Դա թերևս նույնքան անհրաժեշտ է և ԲՈՒԺՀԻՄՆԱՐԿԻՆ, քանի որ բուժհիմնարկն էլ է պատասխանատու իր աշխատողի մատուցած ծառայության սխալի կամ թերության համար:
Անհասկանալի է` ինչպիսի բժշկագիտություն է ընդունված հիմա մեզ մոտ. սովետական, եվրոպական, ամերիկյան թե զուլու ցեղախմբի: Դրանց ցուցումներն ու մեթոդները բավականին հակասական են, ու երբ չկան չափորոշիչներ և պրոտոկոլներ, վիճարկելի դեպքերում հղումը համապատասխան երկրների փորձին, ձեռնարկներին չունի ապացուցողական բնույթ ու կարող է տարատեսակ մեկնաբանվել:
Անհասկանալի է նաև, թե ինչի հիման վրա են գրվում դատաբժշկական եզրակացությունները, եթե որևէ օրինական ընդունված հիմք չկա, օրինակ բուժական մեթոդների վերաբերյալ: Բուժական մեթոդները(օրինակ վիրահատությունները, միջամտությունները) դեղորայքից պակաս ազդեցիկ չեն, անհասկանալի է միայն դեղորայքը կարգավորելու, լիցենզավորելու միակողմանի մոտեցումը: Նման չափորոշիչները արտասահմանում գրվում են հսկայական ստատիստիկ տվյալների, ծախսատար հետազոտությունների, փորձարարական բժշկության նվաճումների արդյունքում, ինչը մեր երկրում դժվար է իրականացնել: Առավել իրատեսական է հեծանիվ հնարելու փոխարեն վերցնել որևէ մոդել` վերապատրաստումներով կարճ ժամկետում ներդնելով մեր բժշկության մեջ:
6. Սովետական մնացուկ է մեր բժշկական թղթարարությունը: Պետք է օպտիմալացնել բժշկի աշխատանքը, ներդնել համակարգչային համակարգեր: Այսօր չունեն համակարգչային փաստաթղթավորում մի քանի աֆրիկյան երկիր ու Հայաստանը: Դրանով կկարգավորվեն նաև տվյալների բազաները, պետության վերահսկողության օպերատիվությունը:
7. Անհրաժեշտ է ստեղծել անկախ բժշկական մասնագիտական խորհրդատվական կենտրոններ` անհրաժեշտության դեպքում հիվանդին կամ դատարանին եզրակացություն տրամադրելու համար: Թող դրանք ունենան նաև ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՏԱՐԱՐԻ նմանատիպ ֆունկցիաներ:
Այդ կենտրոնի մեր պատկերացրած մոդելը մոտավորապես այսպիսին է` այն բժիշկների և իրավաբանների խումբ է (ինչպես որ ֆինանսական հաշտարարի դեպքում ֆինանսիստների և իրավաբանների խումբն է), որի ֆինանսավորումը պիտի պետականորեն կատարվի, ինչպես որ պետական փաստաբանի ծառայությունը: Այդ կենտրոնի աշխատակիցները պիտի տիրապետեն օրենքի իմացությանը` համապատասխան ոլորտում, և ուղղորդվեն ԲԺՇԿԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑՈՎ` չմոռանալով, որ հնարավոր է լինեն բացառություններ սովորական դեպքերից: Նրանց կարող են որպես խորհրդական լինել հանրապետության գլխավոր մասնագետները:
Իհարկե, դրանով կարող է դիմորդը չբավարարվել, և կարող է վարձել կամ դիմել իր ուզած մասնագետին (ինչպես օրինակ վարձում են մասնավոր փաստաբան):
Սոցիալական խնդիրներ
ա. Պետական և մասնավոր ապահովագրությունները սպասարկող անձը `բժիշկը, չունի ապահովագրություն: Ինչի՞ է նման, երբ բժիշկը սեփական կամ հարազատի վիրահատության կամ լուրջ հիվանդության բուժման համար գումար չունի, կամ աշխատանքային պայմաններում բուժաշխատողի ստացած բոլոր տիպի վնասվածքների և հիվանդությունների, տուբերկուլյոզի, հեպատիտի և ՄԻԱՎ-ի վարակի դեպքում ինքը միայնակ պիտի կրի ամբողջ ծանրությունը: Պահանջում ենք բուժաշխատողների համար անմիջապես ներդնել առողջության պարտադիր ապահովագրություն:
բ. Բուժաշխատողի աշխատանքային գործունեության, հանգստի, սննդի և հիգիենիկ պայմանների իրական ապահովում (համապատասխան տարածք, գույք, աշխատանքային գրաֆիկ):
Առողջապահության որակի բարձրացում
ա. Բժշկի մասնագիտական շարունակական կրթությունը նրա անձնական պարտականությունն է: Այնուամենայնիվ բուժհիմնարկը պետք է բազմակողմանիորեն նպաստի այդ գործընթացին: ՊԱՀԱՆՋՈՒՄ ենք պահպանել աշխատողի աշխատավարձի վճարումը առանց ընդհատման, եթե վերապատրաստման կուրսի տևողությունը մեկ օրացուցային ամսից չի անցնում և մասնագիտական ուղղվածություն ունի, անգամ եթե վերապատրաստումը Հայաստանում չէ և պետական չէ: Պահպանել աշխատողի աշխատատեղն առանց աշխատավարձի վճարման, եթե վերապատրաստման կուրսի տևողությունը մեկ ամսից ավելի է, սակայն չի անցնում վեց օրացուցային ամսից:
Պետությունը պահանջում է մոտ 5 տարին մեկ անցնել վերապատրաստում 4 շաբաթով, որն արժե մոտ 54.000 դրամ (բերված է ԲԿ ԱԻ-ի 4 տարի առաջ գործող գինը): Իսկ ինչու՞ պիտի բժիշկն ինքը միայն վճարի, երբ դա հիվանդի և հիվանդանոցի, նաև պետության համար է: Անհասկանալի է նաև այն տրամաբանությունը, որ այդ վերապատրաստումը բժիշկը պիտի անցնի իր իր արձակուրդի կամ չվճարվող արձակուրդի հաշվին (խոսքը չի վերաբերվում մեկ ամսից ավելի տևող և բուժհիմնարկի հետ չհամաձայնեցված վերապատրաստմանը): Նույնիսկ երբ բժիշկը իր ուժերով գտնում է միջազգային ծրագրեր և մեկնում է վերապատրաստման, փոխանակ դրա համար նա խրախուսվի, մի բան էլ իր հաշվից է վերցնում արձակուրդը, քանի որ պատճառաբանվում է, թե վերապատրաստումը ոչ պետական է: Ցավոք, պետությունը չի խրախուսում նման ձգտումները:
բ) դադարեցնել ձևական վերապատրաստումները` խիստ հսկողություն սահմանելով պայմանների իրական կատարման ուղղությամբ: Էական է ոչ թե թուղթը, այլ գիտելիքը:
գ) վերապատրաստումից և բժշկի գիտելիքներից ու հմտությունից բխող խրախուսումների` աստիճանակարգերի և լրացուցիչ վճարումների համակարգի ներդրում:
դ) Բժշկին հնարավորություն տալ հիվանդի բժշկմամբ պատշաճ զբաղվելու` վերջ տալով ԴԻԲԱԶՈԼԱՅԻՆ բժշկությանը: Դրանով պետականորեն վնաս է հասցվում բնակչության առողջությանը, ինչպես նաև` բժշկի վարկանիշին, քանի որ հնարավոր չէ նման ճահճացած մոտեցմամբ հաջողություն ունենալ, և բժշկի անունը բարձր պահել: Ստիպում եք բժշկին ակամայից ներգրավվել հիվանդին հիմարացնելու գործընթացի մեջ:
Այլ խնդիրներ
ա) Համակարգում կիրառվող դեղորայքի մի մասը վաղուց չի կիրառվում նորմալ երկրներում` դրանց ՎՆԱՍԱԿԱՐության պատճառով (այնինչ հիվանդանոցներում և հատկապես շտապ. օգնության համակարգում շարունակվում են դեռ կիրառվել նախնադարյան դեղորայքներ` անալգին, դիբազոլ, պապավերին…): Դեղորայքների մի մասն էլ, որ էժանագին են (վիտամիններ և այլն), որ ուղղված են նշանակման թերթիկը լցնելուն` ավելի շատ հիվանդի վրա տպավորություն թողնելու, քան իրական բժշկման համար: Միաժամանակ, արտասահմանում կիրառվող դեղորայքների մեծ մասը անհասանելի է մեր հիվանդների` ֆինանսական անհասկանալի «հասկանալի» պատճառներով:
բ) Անհասկանալի են մնում ստացիոնար բուժման, ինչպես նաև դժվարամատչելի հետազոտությունների ՊԵՏՊԱՏՎԵՐԻ ժամանակից շուտ վերջանալու” երևույթը ` հատկապես ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ բուժօգնության համար կոմպյուտերային տոմոգրաֆիայի, մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի և կորոնարոգրաֆիայի հարցում:
* ԵՐԲԵՔ հնարավոր չէ արդիական բժշկությունով զբաղվել, առանց վերոհիշյալների: ՊԱՐՈՆԱՅՔ, ֆինանսական կառավարման թերությունը ՄԵՆՔ` բժիշկներս «կոմպենսացնել» չենք կարող, ինչքան էլ մեր էներգիան և ուշադրությունը կրկնապատկենք: Ի՞նչ անենք հիմա… հիվանդին ասենք, թե ԿՏի հնարավորություն չունենք, թե՞ ասենք, որ նրանք այն վճարովի անցնեն: Երկուսի իրավունքն էլ մենք չունե՛նք: Աստված ոչ անի, բայց փորձանք առաջանալու դեպքում ոչ մի իշխանավոր չի կանգնի բժշկի կողքին, այլ ՀԱԿԱՌԱԿԸ, կներկայացվի, որ իրականում ԿՏ-ի հնարավորություն կա, և բժիշկը պարզապես ոտնահարել է հիվանդի իրավունքները: Հասկանալի ՉԷ այդ փոքրոգիությունը…
Չէ՞ որ հիվանդի թերհետազոտումը և թերբուժումը ՈՉ ՄԻԱՅՆ վնասում է հիվանդին, այլ նաև բուժող բժշկին` ոչ միայն իջեցնելով հիվանդների վստահությունը բժիշկի մասնագիտության հանդեպ, այլև բժշկին կանգնեցնելով իրավական խնդիրների առջև: Միաժամանակ արժե իմանալ, որ ճիշտ ախտորոշել և բուժել չկարողանալը` միջոցների պակասի պատճառով, բժշկի մոտ առաջացնում է մտավոր գերլարում և հոգեբանական լուրջ ապրումներ` խղճի և ափսոսանքի զգացման պատճառով:
գ) Ներկայումս խիստ անհրաժեշտ է հիվանդանոցային բժշկական սպասարկման մեջ վերականգնողական բժշկության դերը: Շատ դեպքերում հիվանդին վաղ ցուցաբերված ճիշտ վերականգնողական բուժումը ավելի օգուտ է տալիս, քան դեղորայքային ամենաթանկ բուժումը: Հետևաբար, խիստ անհրաժեշտ է հատկապես վնասվածքաբանական, նյարդավիրաբուժական և նյարդաբանական բաժանմունքներում ավելացնել ԱՐԴԻԱԿԱՆ կրթություն ստացած վերականգնողական մասնագետների հաստիքներ`կինեզոլոգ, ֆիզիոթերապիստ, ինչպես նաև լոգոպեդ: Նաև ծանր հիվանդների խնամքի ապահովման համար պետք է ավելացնել բուժքույրերի կամ հատուկ վերապատրաստում անցած մայրապետերի քանակը: Հարազատների սրտացավ վերաբերմունքը ԵՐԲԵՔ չի կարող փոխարինել մասնագետի ՃԻՇՏ աշխատանքին` հատուկ խնամք ունեցող հիվանդների խնամելու և վերականգնողական բուժման հարցում: Այդ հարցում մենք ԽԻՍՏ ուշացել ենք:
ե) Անհրաժեշտ է նաև լուսավորչական լայն աշխատանք կատարել բնակչության շրջանում` հատկապես հեռուստատեսությամբ, հիվանդների` ժամանակին պոլիկլինիկա կամ ստացիոնար դիմելու նպատակով:
* Արդեն հայկական սովորություն է դարձել օրերով կամ շաբաթներով զսպել ցավն ու հիվանդությունը` հուսալով, որ այն կանցնի, և չգիտես ինչու, երկու շաբաթ հետո միայն գիշերվա ժամը 4-ին են հասկանում, որ իրենց մոտ բարելավում չի գնում: Դիմելով կեսգիշերին, երբ հիվանդանոցի մասնագետների և հետազոտման հնարավորությունների քանակը անհամեմատ սակավ է աշխատանքային ժամերից, հիվանդները զարմանում կամ ցասումով են լցվում, որ բժիշկները օժտված չեն աստվածային շնորհով` իրենց արագ բուժելու-փրկելու հարցում:
Բուժհիմնարկներում, ուր առկա է վերակենդանացման, վնասվածքաբանական, այրվածքային, ծննդաբերական, կամ սրտաբանական բաժանմունքներ, ՊԱՐՏԱԴԻՐ դարձնել շուրջօրյա ոստիկանական (կամ պարեկային) ծառայությունը: Բավակա՛ն է աչք փակել բուժաշխատողների հանդեպ տեղի ունեցող բռնությունների վրա:
Ելնելով վիճակի վերաբերյալ խոր մտահոգությունից` մենք, այս նախաձեռնությանը միացած բուժաշխատողներս, պահանջում ենք մեր պետությունից, մասնավորապես ՀՀ Ազգային Ժողովից և կառավարությունից, անհապաղ ձեռնարկել համապատասխան օրենսդրական փոփոխություններ, ուղղված վերոհիշյալ խնդիրների լուծմանը: Միաժամանակ խնդրում ենք բոլոր պետական և հասարակական կազմակերպություններին` զորավիգ լինել մեր կոչին և բոլոր հնարավոր միջոցներով նպաստել անհրաժեշտ քայլերի կատարմանը:
Պահանջում ենք արագ վերակառուցում առկա ռեսուրսների սահմանում` ձերբազատվելով անհասկանալի շոուներից և վնասակար դեղորայքներից, ինչպես նաև արագ կերպով ձեռնարկել արդիականացման քայլեր:
ՀԻՄՆՈՎԻՆ վերակառուցել ԱՐՀԵՍՏԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆԸ` նրան ավելի լայն գործառույթներ շնորհելով:
* Արհմիության գործունեությունը մարտի 8 և Նոր Տարի շնորհավորելուց, սգո ծաղկեպսակ տանելուց ՊԵՏՔ է անցնի նաև բուժաշխատողի շահերի ԻՐԱԿԱՆ պաշտպանությանը: Արհմիությունը պետք է իրական հակակշիռ լինի, որպեսզի կողմերի շահերի բախումներից ու կոմպրոմիսներից ծնվեն փոխշահավետ լուծումներ:
Պահանջում ենք խաղի կանոններից անցնել սահմանադրական օրենքներից բխող լիարժեք և ՀՍՏԱԿ մշակված օրենքների ընդունմանը և դրանց իրական կիրառմանը` ի պաշտպանություն մեր բուժաշխատողների և ի շահ մեր հասարակության»:
Հարգանքներով`
«Բժշկական Ազատ Անկախ Արհմիություն»-ում միավորված բուժաշխատողներ