Կարեն Ավագյանի խոստովանությունը
Այսօր Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ՀՀԿ-ական երիտասարդ պատգամավոր Կարեն Ավագյանն իր ելույթը նվիրել է ընդդիմությանը:
Ինքն իր համար որպես ընդդիմադիր՝ ընտրել է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին (ընդդիմության հարցում ևս ճաշակին ընկեր չկա) և անդրադառնալով նրա շուրջ կատարվող իրադարձություններին՝ հայտարարել է` եթե խոսքը վերաբերեր ՀՀԿ-ին, կասեին, թե դա իրավական հարց է, մինչդեռ Վ. Օսկանյանի դեպքում՝ նշում են, թե այդ հարցը քաղաքական ենթատեքստ ունի: «Որոշ կուսակցություններում եռում են ինտրիգներն ու ընդհանուր պառակտման գործընթացը:
Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ: Այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ: Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչների չկողմնորոշված լռությունը: Ստեղծվել է մի իրավիճակ, երբ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին: Ընդ որում՝ այդ խորհրդավոր լռությունը խարխլում է կուսակցությունների առանց այն էլ երերուն շարքերը»,- հայտարարել է երիտասարդ հանրապետականը:
Ընդհանրապես քաղաքականությունն ու հոգեբանությունը սերտորեն կապված են իրար հետ: Շատ հաճախ քաղաքական գործիչները, առանց հասկանալու, ենթագիտակցորեն հրապարակավ խոսում են այն երևույթների մասին, որոնք ամենալավն են զգում սեփական մաշկի վրա:
Դա ավելի սուր արտահայտվում է հատկապես այն դեպքում, երբ խոսում են քաղաքական ընդդիմախոսների կամ հակառակորդների մասին: Այլ կերպ ասած, շատ հաճախ քաղաքական գործիչները ընդդիմախոսներին մեղադրում են այն «մեղքերում», որոնք բնորոշ են նաև իրենց, և մեղադրելով նրանց՝ թվում է, թե իրենք ձերբազատվում են դրանից: Դա, կրկնում ենք, ոչ թե բանական, կանխամտածված, այլ ենթագիտակցական մղում է:
Հիմա անդրադառնանք Կարեն Ավագյանի հայտարարություններին: Նա ասում է, որ Հայաստանի ընդդիմությունն ինքնիշխան չէ: Գուցե ճիշտ է ասում սույն երիտասարդը: Իսկապես, ընդդիմությունն իր գործողություններով շատ հաճախ ցույց է տալիս, որ կարևորն արտաքին այս կամ այն բևեռի վերաբերմունքն ու կողմնորոշումն է: Խնդիրը, սակայն, ընդդիմությանն այդ մեղադրանքից պաշտպանելը, կամ հակառակը` դա հիմնավորելը չէ:
Հարցին նայենք այլ տեսանկյունից: Իսկ ինքնիշխա՞ն է արդյոք Հայաստանի ինքնիշխանությունը, որը ներկայացնող կուսակցության անդամ է երիտասարդ Ավագյանը: Ֆորմալ, ատրիբուտների առումով, իհարկե, ինքնիշխան է, սակայն բովանդակային առումով՝ Հայաստանի իշխանության ինքնիշխանությունը, մեղմ ասած, ավելին չէ, քան ընդդիմադիրներինը:
Եթե Հայաստանի իշխանությունն ինքնիշխան լիներ, ապա Կարեն Ավագյանն իր կրքոտ ելույթը կնվիրեր ոչ թե Վարդան Օսկանյանին, այլ Հայաստանում Ռուսաստանի դեսպանին, ով իր վերջին հայտնի արտահայտություններով Հայաստանի իշխանություններին, մասնավորապես` իշխող կուսակցության անդամ վարչապետին, շատ մեղմ ասած, նկատողություն արեց:
Եթե Հայաստանի իշխանությունն ունենար ինքնիշխանության նվազագույն մակարդակ, թույլ չէր տա, որ Ռուսաստանի ինչ-որ պաշտոնյա գար Հայաստան ու այստեղ հայտարարեր, թե «Հայաստանի իշխանությունը հասկացել է, որ Եվրասիական միությանն անդամակցությունը շահեկան է իր համար»:
Սակայն ոչ միայն նման և բազմաթիվ այդպիսի խայտառակություններ է թույլ տալիս Հայաստանի իշխանությունը, այլ Կարեն Ավագյանի ներկայացրած կուսակցությունը հաջորդ ամիս միջոցառում է կազմակերպում` նվիրված նույն Եվրասիական միությանը:
Եթե սրան էլ ավելացնում ենք ընդամենը երկու շաբաթ առաջ Հայաստանի Ազգային ժողովի կողմից ընդունված արձանագրությունը` «ՀԱՊԿ անդամ պետություններում ոչ անդամ պետության կողմից ռազմական ենթակառուցվածքներ տեղակայելու» մասին, ապա ՀՀ իշխանությունների անիշխանության պատկերն ամբողջական է դառնում:
Ինչ վերաբերում է երիտասարդ ՀՀԿ-ականի այն հայտարարությանը, թե «ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները չգիտեն իրենց ղեկավարների իրական մտադրությունների մասին», ապա դա առնվազն ծիծաղելի է:
Հետաքրքիր է` Կարեն Ավագյանին թվում է, որ ինքը գիտի՞ իր կուսակցության ղեկավարի` Սերժ Սարգսյանի իրական մտադրությունների մասին: Եթե՝ այո, լավ կլիներ բացատրեր, թե ինչո՞ւ իր կուսակից երիտընկեր Վազգեն Խաչիկյանը ձերբակալվեց խայտառակ քրեական գործի հարուցումից երկու տարի հետո միայն, կամ ինչո՞ւ որոշեցին Գյումրիում քաղաքապետ դարձնել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանին, կամ ինչո՞ւ անձեռնմխելիությունից զրկվեց Վարդան Օսկանյանը:
Կամ, գիտի՞ արդյոք Կարեն Ավագյանը` Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել և ի՞նչ իրական մտադրություններ ունի:
Նման երիտասարդները, որպես կանոն, ՀՀԿ-ի կողմից ԱԺ-ում են հայտնվում զուտ այս կամ այն առիթով «պատվերով» ելույթներ կարդալու և քվեարկությունների ժամանակ գլխաքանակ ապահովելու համար, ուրիշ ի՞նչ կարող են անել: Մեկ էլ կարող են կողքից բիզնեսներ կպցնել, փուչիկներով փնթի միջոցառում կազմակերպել, որի արդյունքում տասնյակ մարդիկ լուրջ այրվածքներ կստանան …ու իրենց փոխարեն՝ ուրիշ մարդկանց պատասխանատվության կկանչեն:
Կարեն Ավագյանի հայտարարություններին կարելի էր չանդրադառնալ: Խնդիրը, սակայն, այն է, որ դրանք ոչ թե այդ երիտասարդի անձնական մոտեցումներն են, այլ իշխող վերնախավում տիրող ընդհանուր մթնոլորտի արտահայտությունները:
Ասել են` գնա ու սա կարդա: Նրանց բոլորին թվում է, թե իրենք «սարսափելի ինքնիշխան» իշխանության ներկայացուցիչներ են, որ իրենք ամբողջությամբ տեղեկացված են իրենց ղեկավարի մտադրությունների մասին, և այլն, և այդպես շարունակ: Մինչդեռ նրանք, մեծ հաշվով, ընդամենը մեկ ֆունկցիա ունեն. նման դատարկ ելույթներ ունենալ՝ մինչև իրենց ղեկավարը կիրականացնի իր իրական մտադրությունները: