Բաժիններ՝

Facebook-ը` ձեռագործ իրերի ցուցասրահ (լուսանկարներ)

Համացանցը ոչ միայն մարդկային շփումների, ծանոթությունների, տեղեկատվության հարթակ է, այլև բիզնեսի հնարավորություն:

Facebook-յան բազմաթիվ օգտատերեր, օգտվելով համացանցի լայն հնարավորությունից, իրենց ստեղծագործություններն են ներկայացնում, ձեռագործ աշխատանքները: Ավելին, մարդիկ կարող են ներկայացված տեսականուց իրենց նախընտրած իրը պատվիրել` հագուստ, շարֆեր, բիժուտերիա, տան հարդարանքի պարագաներ, և այլն:

Աննա Սողոմոնյանն ու Հասմիկ Սողոմոնյանը նկարիչ-մոդելավորողներ են, ովքեր ձեռագործ   գեղեցիկ իրեր են առաջարկում: Աննա և Հասմիկ քույրերի ֆեյսբուքյան պատը ժամանակ առ ժամանակ թարմացվում է նոր և գեղեցիկ զարդերով, որոնք շատ արագ սպառվում են:

«Ես միշտ մեծ բավականություն եմ ստացել ձեռագործ իրեր պատրաստելուց:  Եվ, ինչպես բոլորը, ես նույնպես մեծ բավականություն եմ ստանում, երբ իմ իրերը տեսնում և գնահատում են մարդիկ: Մասնագիտությամբ նկարիչ չէի, և նկարելը սկզբում միայն հոբբի էր, բայց եկավ մի պահ, երբ մտածեցի, որ ցանկացած միտք իրագործելու համար գիտելիք է պետք: Միայն ցանկությունը բավարար չէ:  Դրա համար որոշեցի կատարել մասնագիտական ավելի հասուն և կայացած ընտրություն»,- մեզ հետ զրույցում ասաց Աննա Սողոմոնյանը:

Այս աշխատանքը Աննայի համար բիզնես չէ. նա ուղղակի բավականություն է ստանում: Նշենք նաև, որ համացանցում քույրերը շատ հաճախ բարեգործական աճուրդներ են կազմակերպում, որի ընթացքում բավական մատչելի գներով են վաճառում իրենց պատրաստած իրերը:

«Ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Ես իմ աշխատանքին վերաբերվում եմ որպես արվեստի: Իմ հաջողությունը հենց դրանում է կայանում: Իսկ այն, որ մարդիկ քո աշխատանքը զգում, գնահատում են՝ արդեն մեծ բան է»,- ասաց Հասմիկ Սողոմոնյանը: Համացանցն օգնում է նրանց` ներկայացնելու իրենց աշխատանքները: «Եթե համացանցը չլիներ, մեր աշխատանքներն ուղղակի մեծ տարածում չէին ունենա: Համացանցի միջոցով ամեն բան մեկ վայրկյանում հասնում է աշխարհի մի ծայրից մյուսը:  Մեծ մասամբ գնորդներն ինձ վստահում են:

Բայց լինում են նաև դեպքեր, երբ թելադրում են, թե ինչն ինչպես անեմ: Նման դեպքերում ես ուղղակի հրաժարվում եմ, որովհետև դա ինձ լարման մեջ է պահում, և արդյունքում ոչինչ չի ստացվում: Այդ ամենի հետ մեկտեղ, շատ եմ սիրում, երբ օրիգինալ պատվերներ են տալիս»,- ասաց Հասմիկ Սողոմոնյանը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս