«Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքը կբացվի նոյեմբերի վերջին
Նոյեմբերի վերջին կբացվի «Այբ» ավագ դպրոցի նոր մասնաշենքը: Նոր մասնաշենքը ունի երկու անգամ ավելի տարածք` հսկայական սպորտդահլիճ, ճաշարան և խոհանոց: Նոր մասնաշենքի շնորհիվ կավելանան նաև դպրոցի լսարանների թիվը, ինչը հնարավորություն կտա ավելի շատ թվով երեխաների ուսանել «Այբ» դպրոցում: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց «Այբ» ավագ դպրոցի PR պատասխանատու Աննա Վելիցյանը: Նրա խոսքով` նոր մասնաշենքի բացման արդյունքում դպրոցում հնարավորություն կունենան սովորել 220 երեխաներ:
Ըստ Ա. Վելիցյանի, սակայն, շինարարական աշխատանքները այդքանով չեն ավարտվի:
«Նոր մասնաշենքի բացումից անմիջապես հետո մենք կսկսենք Սրբոց Թարգմանչաց եկեղեցու շինարարաությունը` իհարկե Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից թույլտվություն ստանալուց հետո միայն: Այդտեղ կկարողանան հաճախել ինչպես «Այբ» ավանի, այնպես էլ Զեյթուն համայնքի բնակիչները»,- ասաց Ա. Վելիցյանը:
Ըստ նրա` եկեղեցու կառուցումից հետո արդեն իրենք կնախաձեռնեն «Այբ» մեծ դպրոցի շինարարությունը, որը կլինի շատ ավելի մեծ տարածքում և շատ ավելի հարուստ պայմաններով` լողավազան, հանրակացարան և այլն: