Հայաստանում պիրատության մակարդակը մոտ 90 տոկոս է կազմում
«Հայաստանում պիրատության մակարդակը մոտ 90 տոկոս է կազմում: Մեր երկրում ընդամենը երկու նախարարություններ են ամբողջովին համակարգված ձևով կիրառում լիցենզիոն ծրագրեր, մեկը` ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է, իսկ մյուսը` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը»: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Microsoft-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգոր Բարսեղյանը: Նրա խոսքով` մեր երկրի տարբեր գերատեսչություններում, սկսած նախագահական նստավայրից՝ մինչև ամենահեռավոր վարչական շրջաններ, կիրառում են լիցենզիոն ծրագրեր, սակայն՝ ոչ համակարգված և ոչ ամբողջական կերպով:
«Ցանկացած երկրում պետական կառույցների կողմից լիցենզիոն ծրագրերի օգտագործումը նպաստում է այդ երկրում պիրատության ցուցանիշի նվազմանը, քանի որ պետական հատվածն օգտագործողների տեսանկյունից բավական խոշոր մաս է կազմում»,- ասաց Գ. Բարսեղյանը` նշելով, որ բացի բուն պիրատության ցուցանիշի տոկոսների նվազման վրա ազդելուց, պետական գերատեսչությունների կողմից լիզենցիոն ծրագրերի կիրառումը նաև օրինակ է հանդիսանում սովորական օգտագործողների և մասնավոր ընկերությունների համար:
Նշենք, որ պետական գերատեսչությունների կողմից անցումը լիզենզիոն ծրագրերի կիրառմանը սահմանված է դեռևս 2007թ. ՀՀ կառավարության և Microsoft ընկերության միջև ստորագրված պայմանագրով: Ըստ այդմ` ՀՀ կառավարությունը ստանձնել է պարտավորություն` օգտագործելու Մայքրոսոֆթի միայն լիցենզավորված ծրագրեր և ջանքեր գործադրելու Հայաստանում հեղինակային իրավունքի պաշտպանության ուղղությամբ: Իսկ ընկերությունը պարտավորվել է կրթության, առողջապահության, սոցիալական, էլեկտրոնային կառավարման, մտավոր սեփականության պահպանման բնագավառներում համագործակցել Կառավարության հետ, իրականացնել է Microsoft Windows և Microsoft Office ծրագրային փաթեթների հայիֆիկացում, մասնագետների վերապատրաստում և սերտիֆիկացում, Երևանում Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի հիմնում և այլ միջոցառումներ:
Տեղեկացնենք, որ Հայաստանում Microsoft-ը գրասենյակ է բացել 2006թ.: Ընդհանուր առմամբ, թե որքա՞ն գումար է կազմում Microsoft-ի կատարած ներդրումը Հայաստանում, Գ. Բարսեղյանը դժվարացավ ասել, սակայն նշեց, որ խոսքը միլիոնավոր դոլարների մասին է, և իրենք գտնվում են հայաստանյան 340 խոշոր հարկատուների ցանկում: