Ցավում եմ, որ Ալեքսանդր Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին

«Բացի պատգամավորական մանդատը վայր դնելու պայմանավորվածությունից, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանը մի շարք այլ պայմանավորվածություններ ևս խախտել է»,- ըստ «Aravot.am»-ի` Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:

Մանրամասներին անդրադառնալ պարոն Հակոբյանն առայժմ չի ցանկացալ: Միայն նշել է, որ այս հարցերը կուտակվել են խորհրդարանական ընտրություններից հետո. «Քոքոբելյանն, ըստ էության, իրեն դուրս է դրել խմբակցությունից: Եթե ուշադրություն դարձրել եք, որևէ ելույթ ինքը չի ունեցել: Խմբակցությունն էլ քվեարկեց Քոքոբելյանի կեցվածքը և…»:

Խաչատուր Քոքոբելյանն էլ իր հերթին առաջարկել էր Ռուբիկ Հակոբյանին հեռացնել խմբակցության ղեկավարի պաշտոնից, ինչին հակադարձելով` Հակոբյանն ասել է. «Երբ խմբակցության ղեկավար էր ընտրվում, առանց դեմի ընտրվեց: Ցավում եմ, որ պարոն Քոքոբելյանն իրեն այդպես է դրսևորում»:

Ի դեպ, Հակոբյանի համար անակնկալ էր, որ  Քոքոբելյանը լրագրողներին ասել էր այդ մասին: Նա գտնում է, որ Քոքոբելյանն այժմ պետք է մտածի այն մասին, թե ինչու այսպես եղավ, ոչ թե խմբակցության նիստի օրակարգը ձևավորվելուց հետո արած իր առաջարկությունն անմիջապես լրագրողներին ծանուցի:

Կարդացեք նաև

«Քոքոբելյանն ավելի ճիշտ կաներ ոչ թե ծանր վիճակում հայտնվեր, այլ որպես մարդ, քաղաքական գործիչ, տղամարդ, պահեր իր պայմանավորվածությունները, ծանր վիճակի մեջ չդներ իրեն, իր կուսակցությանը և կուսակից ընկերոջը՝ Ալեքսանդր Արզումանյանին: Ցավում եմ, որ Արզումանյանը զոհ գնաց այս իրավիճակին, որովհետև նորմալ աշխատում էր»,- ասել է Ռ. Հակոբյանը:

Կատարվածից հետո Հակոբյանը որևէ խնդիր չի տեսնում «Ժառանգություն» խմբակցության հետագա աշխատանքների համար: Նա չի ընդունում Խաչատուր Քոքոբելյանի այն պնդումը, որ ներդրել է բոլոր ջանքերը, որպեսզի խմբակցությունը չպառակտվի. «Եթե այդ ցանկությունից դուրս լինեին նաև կոնկրետ քայլեր… Քոքոբելյանը գործնական որևէ քայլ չի արել»:

Պարոն Հակոբյանը, վերհիշելով մանդատը վայր դնելու մասին նախկինում արած իր հայտարարությունը, այսօր մեկ անգամ ևս վերահաստատել է, որ Քոքոբելյանի և Հովհաննիսյանի միջև նման պայմանավորվածություն եղել է: Ավելացրել է նաև, որ դրան ներկա են եղել  խմբակցության բոլոր անդամները. «Դա քմահաճություն չի եղել, քաղաքական պայմանավորվածություն է եղել»:

Խաչատուր Քոքոբելյանի պատգամավորական մանդատը վայր դնել-չդնելուն առնչվող բոլոր հարցերը Հակոբյանը համարում է բարոյականության խնդիր: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե այս իրավիճակն արդյո՞ւնքն է ԱՄՆ դեսպանատան միջնորդությամբ պարտադրված դաշինք ձևավորելու,  Ռ. Հակոբյանը հակադարձել է. «Ժառանգության» կուսակցության անունից ես հայտարարում եմ, որ դրսից որևէ նախագիծ չի եղել դաշինք ձևավորելու, եղել է երկու կուսակցությունների պայմանավորվածություն: Որևէ տեղից որևէ ցուցում չի եղել: Եթե լիներ՝ այս ճակատագիրը չէր ունենա»:

Տեսանյութեր

Լրահոս