Աճպարարություն

Քիչ առաջ լրագրողների հետ զրույցի ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով այն հարցին, թե առաջիկա նախագահական ընտություններին արդո՞ք սատարելու են «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, ասաց.

«Կարծում եմ, այս պահի դրությամբ նման հարցադրում ուղղակի չարժե  անել: Կա մի խնդիր՝ եթե Րաֆֆի Հովհաննիսյանն իր լայն նախընտրական ծրագրով, մեր պատկերացրած՝ մինչև այս պահը բոլոր պայմանավորվածությունները, նկատի ունեմ՝ ծրագրային, և նախագահական ընտրություններին այն խնդիրները վեր հանի, որը մեզ ավելի  հոգեհարազատ կլինի, եթե ոչինչ չփոխի, ես որևիցե անձնական խնդիր չեմ տեսնում այդ հարցը նորից քննարկելու մեր կուսակցության վարչությունում»:

Հարցին, թե հակառակ դեպքում կսատարե՞ն ընդդիմադիր մեկ այլ թեկնածուի, Խ. Քոքոբելյանը պատասխանեց. «Քաղաքական դեպքերի զարգացումը ցույց կտա նաև մեր գործողությունները: Այսօր ՀՀ-ում այնպիսի ժամանակաշրջան է քաղաքական առումով, որ բոլոր քաղաքական պրոցեսները կապված են նախագահի ընտրություններին նախորդող զարգացումներին, և այլն, և այլն: Ակնհայտ է, որ մենք բացառապես ընդդիմադիր դաշտում միասնական թեկնածու ունենալու ենք և քանի անգամ առիթ ենք ունեցել խոսել այդ մասին,  միասնական թեկնածու՝ չի նշանակում, որ 18 կամ 26 քաղաքական ուժ կարող են պաշտպանել: Կարող են երկու-երեք քաղաքական ուժ պաշտպանել, բայց հասարակության կողմից դա ընկալվի այն թեկնածուն, որը կկարողանա սոցիալական բոլոր շերտերի շահերը ներկայացնել»:

Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ինքն առաջադրի իր թեկնածությունը, վերջինս պատասխանեց. «Երբևիցե ես ինքնագործունեությամբ չեմ զբաղվել: Երբևիցե ես այնպիսի քաղաքական պրոցես չեմ փորձելու անել, որն ինքնանպատակ լինի, և չեմ ուզում ուրիշ բառեր որակել՝ հերթապահ քայլերի չեմ գնացել և չեմ գնա այս անգամ: Իմ կենսագրությունն իմացողները բոլորը գիտեն, որ ես կողմնակից եմ հաստատուն, հստակ քաղաքականության: Աճպարարությանը ես դեմ եմ»:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ «Ազատ դեմոկրատները» դեռևս խորհրդարանական ընտրությունների ժամանակ հայտարարել էին, որ սատարելու են Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը, ինչից, սակայն, այսօր հրժարվում են:

Հիշեցնենք նաև, որ Քոքոբելյանը խախտել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ձեռք բերված` մանդատները միասին վայր դնելու մասին պայմանավորվածությունը, ինչի պատճառով «Ժառանգությունը» հայտարարեց, որ այսուհետ Քոքոբելյանը որևէ ձևաչափով չի ներկայացնելու «Ժառանգության» տեսակետը: Իսկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր հայտարարության մեջ Խ. Քոքոբելյանին անվանել էր «ստախոս»:

 

Տեսանյութեր

Լրահոս