ՀԱԿ-ի առաջարկած առանցքային փոփոխությունները ԲՀԿ-ի համար կարող են ընդունելի լինել
ՀԱԿ-ի ներկայացրած Ընտրական օրենսգրքի փոփոխություններում մեզ համար իսկապես բավական մեծ թվով ընդունելի դրույթներ կան: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով ԱԺ ՀԱԿ խմբակցության կողմից ներկայացրած` Ընտրական և քրեական օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին:
Նշենք, որ «ՉԻ» տեղեկություններով` ՀԱԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի օգնական Սամվել Աբրահամյանը երեկ տեղեկացրել է, որ ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները պատրաստակամություն են հայտնել քննարկելու իրենց կողմից ներկայացրած նախագիծը:
«Անկեղծ ասած` տեղյակ չեմ ՀՅԴ-ի ու «Ժառանգության» դիրքորոշմանը: Լավ է, եթե իրենք ևս պատրաստակամություն են հայտնել քննարկել նախագիծը: Ողջ փաթեթը խմբակցությունում դեռևս չի քննարկվել, բայց հիմնական, առանցքային փոփոխությունները, որ առաջարկում են ՀԱԿ մեր գործընկերները, մեզ համար կարող են լինել ընդունելի»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:
Նա նշեց, որ, մասնավորապես, ԲՀԿ-ի կողմից ընդունելի տարբերակ է 100%-անոց համամասնական ընտրակարգի անցումը, որն, ի դեպ, ԲՀԿ քարտուղարի խոսքով, կուսակցության ծրագրային դրույթներից է եղել: «Եթե անգամ այս փուլում հնարավոր չլինի անցնել 100%-անոց համամասնական ընտրակարգի, մեզ համար ընդունելի կլինի նաև հնարավորինս մեծամասնական տեղերի նվազեցումը գոնե կիսով չափ: Մեզ համար ընդունելի է նաև ՀԱԿ-ի առաջարկած ծրարների հաշվառման մեխանիզմը, ընտրացուցակների հրապարակումը, որը, կարծում եմ, մեխանիզմ կարող է դառնալ ընտրակեղծարարության վերահսկման համար, որովհետև մեզանում ընտրակեղծարարության կանխումը շատ բարդ ու այս պահին անիրականանալի գործընթաց է»,- նշեց Նաիրա Զոհրաբյանը:
Վերջինս հավելեց, որ ԲՀԿ-ն մնում է այն տեսակետին, որ բազմակի քվեարկությունները կանխելու արդյունավետ տարբերակ կարող էր լինել օքսիդացող դրոշմակնիքները, բայց մայիսի 6-ի ու դրան հետևած ՏԻՄ ընտրությունները, Նաիրա Զոհրաբյանի խոսքով, ցույց տվեցին, որ այդ տարբերակը, ցավոք, չի աշխատում:
«Եթե այս տարբերակը չի աշխատում, մեզ համար կարող է ընդունելի լինել ՀԱԿ-ի առաջարկած մատների թանաքոտման մեխանիզմը: Այնպես որ` ընդունելի բազմաթիվ դրույթներ կան: Կարծում եմ՝ խմբակցությունում նախաձեռնության քննարկումից հետո հնարավոր է նաև՝ խորհրդարանում բավական լայն կոնսենսուս առաջանա Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Բայց ես այն կարծիքին չեմ, որ Ընտրական օրենսգիրք փոխելով՝ մենք կարող ենք հստակ երաշխավորել, որ ընտրությունները կանցնեն ազատ և արդար: Մենք կարող ենք ամեն նստաշրջանում Ընտրական օրենսգիրք փոխել, բայց, միևնույն է` եթե չկա քաղաքական կամք՝ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու, որևէ օրենսգիրք` անգամ ամենակատարյալը, երբեք չի կարող ծառայել»,- ընդգծեց Նաիրա Զոհրաբյանը: