Բաժիններ՝

Արի տուն, գենացվալե

ՀՀ Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանից մեկնել է 1,692,045.0 մարդ, ժամանել՝ 1,594,950.0 մարդ։ Միգրացիայի բացասական սալդոն կամ արտագաղթը կազմել է 97 095 մարդ։

Ընդ որում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ արտագաղթն աճել է  7,2 հազարով կամ 8,0 %-ով: Հիշեցնենք, որ սրանք պաշտոնական տվյալներն են։

Նույն պաշտոնական վիճակագրությունը, այս անգամ՝ ի դեմս Ազգային վիճակագրական ծառայության, երեկ հայտարարել է, որ այս տարվա առաջին 9 ամիսներին տնտեսությունն ակտիվացել է 7.6%-ով, արդյունաբերությունն ունեցել է երկնիշ աճ, աշխատավարձը կրկնակի  արագ է աճել, քան սպառողական գները, և այլն։

Եթե այս ամենին էլ գումարենք այն, որ Եվրոպան չի կարողանում հաղթահարել իր պարտքային ճգնաժամը, Ռուսաստանում, ԱՄՆ-ում և այլուր կյանքն այնպես արագ չի բարելավվում, որքան մեզ մոտ, բախվում ենք պարադոքսի՝ ո՞ւր ենք արտագաղթում և ինչո՞ւ։ Պարադոքս է, որովհետև տնտեսության վերականգնմանը զուգահեռ՝ արտագաղթը մեծանում է։ Չեն օգնում անգամ պետական համակարգի վճռականության դրսևորումները՝ խորհրդակցությունների, բացահայտումների և յուրացումներ կատարած անձանց ձերբակալությունների տեսքով։

Դե, Սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագիրն էլ արդեն կարելի է անվանափոխել՝ «Արի մեր տուն, մի բաժակ սուրճ խմենք, հետո տաքսիով կճանապարհենք»։ Որովհետև եկողները՝ տարեկան մի քանի հարյուր երիտասարդ, հայաստանյան ճամբարներում հանգստանալուց հետո մեկնում են իրենց բնակության երկիրը։ Իսկ արտագաղթն այդ ծրագրի ընթացքում չի դադարում։

Լավ, իսկ ի՞նչ անել, որ մարդիկ իրո՛ք տուն գան։ Գոնե այն մարդիկ, ովքեր այստեղից են գնացել վերջին տարիներին։ Գոնե դրանց մի մասը։

Հարցի պատասխանը կարելի է գտնել «Գրուզիա օնլայնի» հրապարակման մեջ։ Պարբերականը տեղեկացնում է, որ մի շարք էմիգրանտներ վերադարձել են Վրաստան, որպեսզի իրենց ներդրումն ունենան երկրի տնտեսությունը ոտքի կանգնեցնելու մեջ։ Ճիշտ է, պարբերականը նշում է, որ դա նրանց անձնական որոշումն է, և «Վրացական երազանքի» կողմից ոչ մի պաշտոնական կամ ոչ պաշտոնական որևէ առաջարկ չի եղել, սակայն միամտություն կլինի կարծել, որ դա կապված չէ ընտրությունների հետ։  Վերադարձողներից մեկն, օրինակ, Վրաստանի Ազգայնական շարժման նախկին ներկայացուցիչ Զաուր Գուրգենիձեն է, ով քաղաքական ապաստան էր ստացել Ֆրանսիայում և բնակվում էր այնտեղ։

Այս օրինակը ցույց է տալիս ամենաարդյունավետ ճանապարհը մարդկանց իրոք տուն բերելու համար՝ «տուն արի»-ների փոխարեն։ Այն է՝ գոնե մեկ անգամ նորմալ, արդար ընտրությունների անցկացում։ Ընդ որում, կապ չունի, թե ով կհաղթի այդ ընտրություններում։

Պարզապես պետք է որոշել, թե որ տարբերակն է ընտրում Հայաստանը. նորմալ ընտրություններ՝ մարդկանց ետ բերելու համա՞ր, թե՞ մարդկանց արտագաղթ՝ աննորմալ ընտրություններով իշխանությունը պահելու համար։ Այլ կերպ ասած՝ տունը կարգի ենք բերում ու հրավիրո՞ւմ, թե՞ ամեն ինչ կրկին ավերում ենք, որ տանը մնացածներն էլ թողնեն և հեռանան։ Մոտեցման հարց է։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս