Բաժիններ՝

Մխիթարյանին Շախտյորը կվաճառի առնվազն 20 մլն եվրոյով. Նագորնյակ

Ֆուտբոլային փորձագետ Սերգեյ Նագորնյակը կարծում է, որ «Շախտյորի» ու Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն ամռանը պետք է տեղափոխվի թոփ առաջնություն:

«Կարծում եմ` այսօր Հենրիխն Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտբոլիստն է: Նա խփել է 14 գոլ 11 հանդիպումներում, բայց հարցը դա չէ: Խաղադաշտում հայ ֆուտբոլիստը ջանք չի խնայում «Շախտյորի» համար, այլ ոչ թե` իր անվան դիմաց գոլերի քանակը մեծացնելու համար: Ծայրահեղ թիմային ֆուտբոլիստ է:

Մխիթարյանն արդեն երրորդ մրցաշրջանն է անցկացնում «հանքափորների» հետ: Անկեղծ ասած, չէի սպասում, որ նա այսքան բարձր մակարդակի կարող է հասնել:

Պատճառները մի քանիսն էին. բարձրակարգ մասնագետը նկատեց տաղանդ ու վստահեց նրան, բրազիլացիների հետ հիանալի է համագործակցում, որովհետև ինքն էլ տեխնիկապես ուժեղ է, Ժադսոնը հեռացավ ու ազատվեց հարձակվողական կիսապաշտպանի դիրքը:

Սակայն ամենակարևորն այն է, որ Մխիթարյանը չափազանց պահանջկոտ է իր նկատմամբ: Նկատելի է իր աշխատանքը սեփական անձի վրա, ինչպես նաև խաղադաշտում ամեն դրվագում մինչև վերջ պայքարելու ձգտումը:

Հարգում եմ «Շախտյորը», եվրոպական մակարդակի թիմ է: Բայց այն հանդես է գալիս Ուկրաինայի առաջնությունում, որն ամենաուժեղը չէ Եվրոպայում: Ամբողջ ներուժը բացահայտելու համար Հենրիխը պետք է թոփ առաջնություն տեղափոխվի: Ընդ որում, դա պետք է անել անմիջապես այս մրցաշրջանի ավարտից հետո` առաջիկա ամռանը:

Մխիթարյանին «Շախտյորը» բաց կթողնի ամենաքիչը 20 մլն եվրոյի դիմաց: Ընդգծում եմ` ամենաքիչը: Պոտենցիալ գնորդը պետք է սկսի գումար նախապատրաստել: Չեմ կարծում, թե նման ծախսերի կգնա անգլիական «Արսենալը»: Թեև, ըստ իս, խաղաոճով այն հիանալի է համապատասխանում հայ կիսապաշտպանին»,-Նագորնյակի խոսքերն է մեջբերում Terrikon-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս