Ողջույններ ռազմավարական վերակացուին
Այս օրերին Երևանում անց է կացվում «Հայաստան և Ռուսաստան. միջտարածաշրջանային երկխոսություն 2012» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային երկրորդ համաժողովը, որին մասնակցում են Ռուսաստանի բազմաթիվ մեծ ու փոքր պաշտոնյաներ` Հայ-ռուսական տնտեսական միջակառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ: Այդ համաժողովն իրենից առանձնապես նշանակալից բան չի ներկայացնում և հերթական արարողակարգային միջոցառումներից է:
Հիմա «Գառնի-Գեղարդի» համար բարենպաստ եղանակ է, խաշի սեզոնն էլ բացվել է, ու ռուս պաշտոնյաներն այս բարձրագոչ անվանումով համաժողովը կհամատեղեն հաճելիի հետ: Հայերն էլ, ինչպես հայտնի է, հյուրասեր ժողովուրդ են, հայ պաշտոնյաները` առավել ևս, ռուս պաշտոնյաներին ընդունելու դեպքում` հատկապես: Այնպես որ, այս մի քանի օրերին Հայաստանի համախառն ներքին արդյունքը զգալիորեն կավելանա:
Դա, թերևս, կլինի այս համաժողովի ամենամեծ և գուցե՝ միակ օգուտը Հայաստանի համար:
Մյուս կողմից, սակայն, միջտարածաշրջանային այս համաժողովն անց է կացվում հայ-ռուսական հարաբերությունների տեսանկյունից Հայաստանի համար ճակատագրական ժամանակահատվածում ու հենց դրանով բավական խորհրդանշական է: Ռուսները, հատկապես վերջին ամիսներին, հիմնականում Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության քննարկումների մեկնարկից հետո Հայաստանի հետ խոսում են առանց ավելորդ դիվանագիտական ձևականությունների` «ռուսական սապոգի» մեթոդով: Ռուսները հերթական անգամ ցանկանում են, որ այդ «սապոգն» օրհնվի` այս անգամ գուցե վերջնականապես:
Ընդամենը մեկ-երկու շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրապարակավ մտահոգություն հայտնեց Հայաստանում գործող ու Հայաստանից մարդկանց արտագաղթը կազմակերպող ռուսական «Հայրենակիցներ» ծրագրի մասին` նշելով, որ ամենաբարձր մակարդակով ՀՀ իշխանությունները ռուս գործընկերներին են փոխանցել այդ մտահոգությունները: Ընդամենը մի քանի օր հետո Հայաստանում Ռուսաստանի դեսպանն ասուլիս հրավիրեց և հայտարարեց, որ Հայաստանից ոչ մեկին ստիպողաբար չեն տանում Ռուսաստան, և մարդիկ գնում են իրենց կամքով:
Սա Ռուսաստանի պատասխանն էր, կամ հերթական ապտակը Հայաստանի իշխանություններին: Դրանից անցել է մեկ շաբաթ, սակայն որևէ հայ պաշտոնյա, հայաստանյան իշխող քաղաքական կուսակցության որևէ ներկայացուցիչ չի համարձակվել պատասխանել Ռուսաստանի դեսպանին: Դա Ռամիլ Սաֆարովի արտահանձնում չէ, որի վերաբերյալ կարելի է ժամերով հայրենասիրական ելույթներ ունենալ: Դա Հայաստանի ինքնիշխանությանն ուղղված ավելի կոպիտ հարված է, սակայն հասցնողը ոչ թե Հունգարիան կամ Ադրբեջանն են, այլ «ռազմավարական վերակացու» Ռուսաստանը: Հետևաբար, հայ պաշտոնյաներն ընդամենը չնկատելու են տվել այդ երկրի դեսպանի հայտարարությունները:
Նույնը, բնականաբար, նրանք չէին կարող անել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հետ կապված, ով հանդիպել էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ և իր մտահոգություններն էր արտահայտել Վարդան Օսկանյանի գործի առնչությամբ: Մեր հայրենասերներն իսկույն շտապեցին հայտարարել, որ դա գրեթե այլ երկրի ներքին գործերին միջամտելու փորձ է, որն անընդունելի և դատապարտելի է:
Վերադառնանք, սակայն, Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին: Թվում է` դա լավ առիթ է գոնե անուղղակիորեն ռուսներին պատասխանելու, սեփական դեմքը փրկելու համար:
Գոնե տարածաշրջանային պաշտոնյաների մակարդակով հանդիպմանը հայ պաշտոնյաները կարող էին մի քանի նախադասությամբ կրկնել իրենց մտահոգությունները, հատկապես, որ նույն՝ «Հայրենակիցներ» ծրագրով ՀՀ քաղաքացիների մեծ մասն արտագաղթում է Ռուսաստանի այն ռեգիոններ, որոնց ղեկավարներն այսօր Երևանում են: Սակայն բավական է կարդալ նախագահ Սերժ Սարգսյանի` հրապարակված, վարչապետ Տիգրան Սարգսյանի` անձամբ արտասանած ուղերձները, հասկանալու համար, որ Հայաստանում ամենայն ռուսականը տաբու է, որի մասին կարելի է ասել միայն լավը:
«Հայաստանին և Ռուսաստանին միավորում են եղբայրության և բարեկամության բազմադարյա հարաբերությունները: Հենց այդ հարաբերություններն են դաշնակցային փոխգործակցության և ռազմավարական գործընկերության սկզբունքներով այսօր վստահորեն զարգացող հայ-ռուսական միջպետական համագործակցության հիմք կազմում…Մեր պետությունների միջև փոխգործակցության ամենաարդյունավետ գործիքներից մեկը դարձել է Հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովը, որը համեմատաբար կարճ ժամանակահատվածում ձեռք բերեց Հայաստանի և Ռուսաստանի պետական իշխանության, գործարար և փորձագիտական համայնքների ներկայացուցիչների միջև բաց, կառուցողական երկխոսության պահանջված հարթակի հեղինակություն: Շատ կարևոր է, որ նման համագործակցությունը ներգրավում է Ռուսաստանի ավելի շատ տարածաշրջաններ՝ արևմտյան և հյուսիս-արևմտյան հատվածից մինչև Սիբիր և Հեռավոր Արևելք…»,- ողջունելով ռուս պաշտոնյաներին` ասել է Սերժ Սարգսյանը: «Հայաստանի և Ռուսաստանի փոխհարաբերությունները կրում են ռազմավարական գործընկերային բնույթ: Քաղաքական և տնտեսական երկխոսություն է հաստատվել պետական կառավարման բոլոր մակարդակներում: Այսօր եկել է ավելի սերտ միջտարածաշրջանային համագործակցության ժամանակը… Մենք պետք է մեր երկխոսությունը հասցնենք պրակտիկ գործողությունների, ինչի արդյունքում անպայման կհասնենք այնպիսի արդյունքների, որոնք այդքան անհրաժեշտ են մեր քաղաքացիներին»,- իր հերթին՝ հայտարարել է համաժողովին այցելած ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Այս ամենը, ինչպես ասում են, կլիներ շատ ծիծաղելի, եթե այսքան ողբերգական չլիներ: Ռուսաստանի դեսպանը ՀՀ վարչապետին պատասխանում է այնպիսի տոնով, որ նորմալ երկրում նրան առնվազն կհրավիրեին Արտաքին գործերի նախարարություն, Ռուսաստանի նախագահը ՀՀ նախագահին «հիշեցնում է», որ Հայաստանն իր երկրից տարեկան 1 մլրդ դոլար փող է ստանում… Այս և մի շարք քայլերին ի պատասխան, սակայն, Հայաստանի երկու ամենաբարձրաստիճան պաշտոնյաները «գորովանքով» խոսում են հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մասին:
Այս համաժողովն իսկապես խորհրդանշական է: Այն առումով, որ ներկայումս ՀՀ-ի նկատմամբ Ռուսաստանի վարած քաղաքականության արդյունքում Հայաստանը կարող է դառնալ «ՌԴ տարածաշրջաններից մեկը»` բառի ուղղակի կամ փոխաբերական իմաստով: