Բաժիններ՝

«Ադրբեջանի քայլը խոսում է ոչ թե ուժեղ լինելու, այլ թուլության մասին»

Գերմանիայի խորհրդարանի փոխնախագահ Վոլֆգանգ Թիրզեի
բացառիկ հարցազրույցը «Մեդիամաքս» գործակալությանը

– Ձեր այցի ընթացքում հանդիպել եք մի շարք բարձրաստիճան հայ պաշտոնյաների հետ: Ինչպիսի՞ հարցեր են եղել այդ հանդիպումների օրակարգում:

– Ես հանդիպել եմ ոչ միայն քաղաքական գործիչների հետ, այլև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Կաթողիկոսի և շատ այլ բնագավառների ներկայացուցիչների հետ: Գերմանական քաղաքական գործչի համար շատ կարևոր է հանդիպել տարբեր մարդկանց հետ` երկրի խնդիրներն ավելի լավ հասկանալու համար:

– Այս տարի նշում ենք հայ-գերմանական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 20-րդ տարելիցը: Ինչպե՞ս եք գնահատում այս տարիների ընթացքում կատարված աշխատանքը և հայ-գերմանական քաղաքական երկխոսության և համագործակցության ներկայիս վիճակը:

– Հայաստանի և Գերմանիայի հարաբերությունների 20 տարիները հիանալի ընթացք են ունեցել, իրականացվել են բազմաթիվ ծրագրեր: Հիանալի բարեկամական հարաբերություններ ենք ունեցել այս տարիների ընթացքում: Իհարկե, դրանք պետք է էլ ավելի զարգանան տնտեսության, մշակույթի, քաղաքացիական հասարակության բնագավառում, և, որպես Բունդեսթագի փոխնախագահ, կասեմ, որ նաև` պառլամենտարիզմի ասպարեզում:

Աշնանը Մայնի Ֆրանկֆուրտում տեղի է ունենալու մի տնտեսական միջոցառում, որտեղ քննարկվելու են տնտեսական համագործակցության խնդիրներ: Սակայն, Հայաստանի Ազգային ժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ ես նշեցի նաև, որ շատ ցանկալի է, որպեսզի զարգանան խորհրդարանների միջև հարաբերությունները: Ես շատ կուզենայի, որ հայ քաղաքական գործիչներն ավելի ակտիվորեն ներկայացնեն Հայաստանի խնդիրները, առաջնահերթությունները Գերմանիայում, որպեսզի մեզ մոտ ավելի մեծ ըմբռնում ստեղծվի Հայաստանում տիրող ընդհանուր իրավիճակի հանդեպ:

– Նշեցիք տնտեսական համագործակցության մասին. այսօր Հայաստանի և Գերմանիայի միջև առևտրի ծավալը կազմում է մոտ 400 մլն դոլար: Երկու կողմերն էլ ասում են, որ տնտեսական համագործակցությունը երկու պետությունների միջև բարձր մակարդակի վրա է: Ինչպիսի՞ հնարավորություններ եք տեսնում համագործակցության հետագա զարգացման համար և ո՞ր ոլորտներում:

– Իհարկե, առևտրային հարաբերությունները զարգանում են, և Եվրամիության հետ բանակցություններ են ընթանում Ասոցիացման պայմանագիր կնքելու, ինչպես նաև` ազատ առևտրի համաձայնագիր ստորագրելու և մուտքի արտոնագրի ռեժիմը դյուրացնելու ուղղությամբ: Դրանք, իհարկե, կնպաստեն այդ հարաբերությունների զարգացմանը, սակայն, շատ կարևոր է նաև, որպեսզի Հայաստանում նպաստավոր պայմաններ ստեղծվեն գերմանացի ներդրողների համար: Պետք է ավելի ապահով իրավական դաշտ լինի այդ ներդրողների համար, և վերացվեն այն խոչընդոտները, որոնք խանգարում են ներդրողներին, ինչպես, օրինակ, կոռուպցիան և այլ խնդիրները:

– Ինչպես հայտնի է, հայ խաղաղապահների ստորաբաժանումը ծառայում է գերմանական հրամանատարության ներքո Աֆղանստանի աջակցության ուժերի առաքելությունում (ISAF): Ի՞նչ կարծիք ունեք այս փորձի և համագործակցության մասին:

– Այն ամենը, ինչ լսել եմ հայ և գերմանացի զինծառայողների համագործակցության մասին, խոսում է դրական փորձի մասին: Բունդեսվերի զինվորների հետ հայ զինծառայողները, փաստորեն, շատ հուսալի և վստահելի հարաբերությունների մեջ են:

– ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը Գերմանիայի ԶՈՒ գործողությունների հրամանատար Ռայներ Գլացի հետ վերջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը չի նախատեսում 2013-ին կրճատել իր խաղաղապահների թիվն Աֆղանստանում և կշարունակի աջակցել խաղաղության պահպանմանը նույնիսկ 2014-ից հետո: Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի այս մոտեցումը:

– Իհարկե, դա Հայաստանի ինքնուրույն որոշումն է: Գերմանիայի խորհրդարանը որոշել է, որ քայլ առ քայլ դուրս է բերելու զորքերը և պատասխանատու կերպով աֆղանական ուժերին է փոխանցելու անվտանգության ապահովման պատասխանատվությունը: Այն, որ հայկական զորքերը ցանկանում են մնալ, Հայաստանի քաղաքականության որոշելու հարց է:

– 2012թ. մարտին տարածաշրջան կատարած այցի ընթացքում Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեսթերվելը շեշտադրեց Կովկասում խաղաղության և կայունության պահպանման կարևորությունը: Այս համատեքստում ինչպիսի՞ գնահատական կտաք Ադրբեջանի իշխանությունների գործողություններին, ովքեր ներում շնորհեցին և հերոսացրին հայ զինվորին սպանողին: Չե՞ք կարծում, որ այդ քայլը կարող է կտրուկ խորացնել առանց այդ էլ անկայուն իրավիճակը տարածաշրջանում:

– Ադրբեջանական իշխանությունների մոտեցումը և վարվելակերպն այդ հանցագործի հանդեպ` սկանդալային իրադարձություն էր: Միշտ էլ ազգային զգացումների թեժացումը և դրանք որպես գործիք օգտագործելը շատ վտանգավոր հետևանքների կարող են հանգեցնել: Ընդհանրապես, կարծում եմ, որ Ադրբեջանի նման քայլերը ոչ թե ուժեղ լինելու, այլ թուլության մասին են խոսում:

– Վերջերս «Մեդիամաքսի» հետ հարցազրույցում Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով պետնախարար Դևիդ Լիդինգթոնն ասաց, որ Մեծ Բրիտանիան մեծ տնտեսական հետաքրքրություն ունի Հարավային Կովկասում: Ինչպիսի՞ն է Գերմանիայի հետաքրքրությունը քաղաքական և տնտեսական համատեքստում:

– Գերմանիան հատուկ տնտեսական շահեր չի հետապնդում այս տարածաշրջանում: Մենք հետապնդում ենք հուսալի գործընկերներ ունենալու հետ կապված շահեր: Այդ առումով Գերմանիան շահագրգռված է, որպեսզի խաղաղ և կայուն զարգացում լինի Կովկասում:

– Սկզբում ասացիք, որ կցանկանաք, որպեսզի հարաբերություններ զարգանան նաև պառլամենտարիզմի ասպարեզում: Որպես Բունդեսթագի փոխնախագահ, ինչպե՞ս կգնահատեք միջխորհրդարանական կապերը Հայաստանի և Գերմանիայի միջև:

– Խորհրդարանների միջև կա որոշակի համագործակցություն: Անցած տարի Հայաստանի ԱԺ նախագահն էր ժամանել Գերմանիա, այժմ ես եմ Հայաստանում գտնվում: Կան նաև մի շարք ծրագրեր: Գերմանիայի Բունդեսթագը հրավիրում է հայ կրթաթոշակառուներին` մասնակցելու մի քանի ամիս տևողությամբ ծրագրերի, ծանոթանալու խորհրդարանական համակարգին և քաղաքական հաստատություններին: Կցանկանայի, որպեսզի նաև հակառակը լիներ, միգուցե գերմանացի կրթաթոշակառուները հրավիրվեին Հայաստան` մոտիկից ծանոթանալու մշակույթին, դեմոկրատական հաստատություններին և, ընդհանրապես, երկրին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս