Ի՞նչ կապ ուներ Կասպրչիկի հայտարարությունը Գեղամյանի քվեարկության հետ

Հայաստանի պատվիրակությունը հոկտեմբերի 5-7-ը Տիրանայում մասնակցել է ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական նիստին: Այստեղ հայկական պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանը դեմ է հանդես եկել Թուրքիայի կողմից Սիրիային վերաբերող բանաձևին և դեմ է քվեարկել դրա ընդունմանը:

Դեմ է քվեարկել միայնակ, քանի որ ԵԱՀԿ անդամ մյուս երկրները կողմ են եղել բանաձևի ընդունմանը: Նույնիսկ Ռուսաստանի պատվիրակությունն է ձեռնպահ քվեարկել, այն դեպքում, երբ Ռուսաստանը միջազգային կառույցներում մշտապես հանդես է գալիս Սիրիայի պաշտպանությամբ: Եթե ՌԴ ներկայացուցիչները ևս դեմ քվեարկեին, ապա բանաձևը չէր ընդունվի, քանի որ, ինչպես բացատրում է Արտաշես Գեղամյանը, կոնսենսուս մինուս 2-ի պարագայում բանաձևերը չեն ընդունվում: Բայց քանի որ եղել է կոնսենսուս մինուս Հայաստան, բանաձևն ընդունվել է:

ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը, ով արդեն տևական ժամանակ զբաղեցնում է այդ պաշտոնը և դիվանագիտական աշխատանքի բազմամյա փորձ ունի, երեկ անսպասելիորեն հանդես է եկել բավական կոշտ հայտարարությամբ` կապված Ստեփանակերտի օդանավակայանի հնարավոր շահագործման հետ: «Առանց կողմերի միջև փոխադարձ համաձայնության` Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի շահագործումը կվնասի Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցային գործընթացին»,- ասել է նա: Բայց Կասպրչիկը սրանով չի բավարարվել և ավելացրել է.

«Այն հողը, որի վրա գտնվում է Լեռնային Ղարաբաղի օդանավակայանը` Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է: Այնպես որ, այս հարցում շատ բան կախված է Ադրբեջանի դիրքորոշումից: Խանքենդի օդանավակայանը շահագործելուն ուղղված քայլը վտանգավոր է, և խախտում է միջազգային իրավունքի նորմերը և վնասում է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման գործընթացին»,- ավելացրել է նա: Եվ այսպես, Կասպրչիկը ոչ միայն օդանավակայանի շահագործումը միջազգային նորմերին հակասող է ճանաչել, այլև հայտարարել է, որ ԼՂՀ տարածքը Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, իսկ Ստեփանակերտն անվանել է ադրբեջանական Խանքենդի տարբերակով: Ի՞նչն է պատճառը, որ ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցիչը հանդես է եկել այսչափ արմատական գնահատականներ պարունակող հայտարարությամբ: Արդյոք սա կարո՞ղ էր լինել ԵԱՀԿ-ի պատասխանը Հայաստանի քվեարկությանը:

Արդյոք սրանով ԵԱՀԿ-ն չի՞ փորձում հասկացնել, որ իր համար անթույլատրելի է Հայաստանի պահվածքը, երբ Հայաստանի ներկայացուցիչը փորձում է տապալել մի բանաձև, որն ընդունելի է բոլորի համար: Երեկ մենք այս հարցով դիմեցինք ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արտաշես Գեղամյանին:

«Ձեր ասածը աբսուրդային է, և կապել իրար հետ քվեարկությունն ու Կասպրշչիկի հայտարարությունը` կնշանակի արտաքին քաղաքական հարցերում բոբիկ լինել: Երեկ ՌԴ «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը տպագրել է իմ մտորումները Տիրանայի ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի վերաբերյալ, վերնագիրն էլ հետևյալն է` «ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը` գաղափարախոսական զենք Թուրքիայի ձեռքի՞ն»: Այսինքն` դուք բանալին փնտրեք ուրիշ տիրույթում: Իհարկե, եթե անկեղծ, այդ հարցով դուք շոյեցիք ինձ, որ այդ աստիճան հրատապ փորձում են հակահարված տալ իմ հայտարարությանը, բայց ավաղ, ցավոք սրտի, դա այդպես չէ: Ես կուզեի, որ այդպես լիներ, քանի որ այն, ինչ ասել եմ ես Տիրանայում` մեկը մեկին հաստատվում է այն, ինչ տպագրել եմ «Ռեգնում» գործակալությունում:

Ես չէի ասի, որ դա կտրուկ հայտարարություն է, պարզապես պարոն Կասպրչիկն այստեղ ինքն իրեն է ապահովագրում, քանի որ, եթե Ալիևը գլուխը կորցնի և հարձակում գործի քաղաքացիական օդանավի վրա, Կասպրչիկի ամբողջ առաքելությունը կհավասարվի զրոյի, և նա կհեռացվի դիվանագիտական աշխատանքից: Նա այս հայտարարությամբ փորձում է իր կաշին փրկել հետագա բարդ զարգացումներից: Դա է գաղտնիքը, որովհետև դա կնշանակի իր աշխատանքի տապալումը` որպես ԵԱՀԿ նախագահի մշտական ներկայացուցիչ: Որովհետև, եթե դուք մի քիչ հարցին մոտ կանգնած լինեիք, ապա տեղյակ կլինեիք, որ ցանկացած օդանավակայանի շահագործում կատարվում է միայն, եթե կա ԻԿԱՕ-ի երաշխավորությունը, առանց որի ոչ մի դիսպետչերական ծառայություն իրավունք չունի սպասարկել տվյալ օդանավակայանից թռիչք գործող կամ վայրէջք կատարող ինքնաթիռներին:

Ինչպես հայտնի է` ԻԿԱՕ-ն թույլատրել է Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքները, իսկ եթե իրենք հարձակում են գործում ԻԿԱՕ-ի արտոնագրած չվերթերի ինքնաթիռների վրա, դա բնութագրվում է` օդային տեռորիզմ: Ցավում եմ, որ պարոն Կասպրչիկը նման տարրական բաները չգիտի: Մյուս կողմից` ասում եմ, թե ինչով է սա պայմանավորված` նա վախենում է, որ եթե Ադրբեջանի նախագահը բառիս իսկական առումով արկածախնդրության գիրկն ընկնի և նման սադրանքի գնա, ապա Կասպրշիկի միսիան և ստացած աշխատավարձն արդարացված չեն լինի: Բայց, անկախ դրանից, ուզում եմ ասել, որ նա միակողմանի, չեզոք դիվանագետին ոչ հարիր հայտարարությամբ է հանդես եկել, ինչի իրավունքն ու լիազորությունը նա չուներ»,- ի պատասխան մեր հարցադրման` պատասխանեց ՀՀԿ խմբակցության անդամ Արտաշես Գեղամյանը:

Տեսանյութեր

Լրահոս