Վարդան Ղուկասյանի թիմը վաղվանից չի ներկայանա աշխատանքի
Երեկ Գյումրիում նշվել է Քաղաքի օրը: Այս միջոցառումը պետք է միաժամանակ լիներ Վարդան Ղուկասյանի հրաժեշտը Գյումրիին: Միջոցառումը պաշտոնական առումով բավական անշուք է ստացվել, քանի որ ՀՀ երկրորդ քաղաքի օրվա տոնակատարությանը չի մասնակցել հանրապետական նշանակության որևէ պաշտոնյա, ԱԺ ոչ մի պատգամավոր, նույնիսկ Գյումրիից ընտրված կամ գյումրեցի: Քաղաքի օրվան չեն մասնակցել նաև Գյումրիի նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը և Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը:
Որոշ գնահատականներով, սա վկայում է Հայաստանում պետական մտածողության իսպառ բացակայության մասին. երկրի և մարզի պաշտոնյաները կարող էին բոյկոտել Վարդան Ղուկասյանի ծննդյան տոնը, կամ անձամբ նրա հետ կապված ցանկացած միջոցառում, բայց ոչ՝ քաղաքի տոնը, որը ոչ մի կապ չունի Ղուկասյանի անձի հետ:
Այսօր մենք տեղեկություն ստացանք, որ Վարդան Ղուկասյանի թիմը լքում է քաղաքապետարանը, և վաղվանից նրանք այլևս չեն ներկայանա աշխատանքի, քանի որ այսօր Վարդան Ղուկասյանը հրաժարականի դիմում է ներկայացնելու: Աշխատանքից ազատման դիմում է գրել նաև փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը, քաղաքապետարանի մի քանի ծառայությունների ղեկավարներ: Վաղը կառավարությունը Վարդան Ղուկասյանի փոխարեն կնշանակի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, քանի որ Սամվել Բալասանյանի լիազորությունները սկսվում են նոյեմբերի 12-ից: