ԲՀԿ-ի պատասխանը ռուսներին
Արդեն երրորդ օրն անընդմեջ ռուսական տարբեր լրատվամիջոցներ հնչեցնում են միևնույն հարցը. ինչո՞ւ Հայաստանի խորհրդարանի ամենապրոռուսական խմբակցությունը՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ), բոյկոտեց Ռուսաստանի համար այնպիսի կարևոր փաստաթղթի վավերացման քվեարկությունը, ինչպիսին էր «ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքներում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներ տեղակայելու մասին» արձանագրությունը: Ինչպես հայտնի է` այդ արձանագրությունը ՀՀ խորհրդարանում քվեարկվեց հոկտեմբերի 4-ին, և արձանագրության վավերացմանը կողմ քվեարկեցին ՀՀԿ, ՕԵԿ և ՀԱԿ խմբակցությունները ներկայացնող պատգամավորները:
Այս արձանագրության վավերացումը չափազանց կարևոր նշանակություն ունի Ռուսաստանի համար, քանի որ այն նախատեսում է, որ ՀԱՊԿ անդամ երկրներն իրենց տարածքում ռազմական ենթակառուցվածքի օբյեկտ կարող են տեղակայել միայն ՀԱՊԿ անդամ մյուս բոլոր երկրների գրավոր համաձայնության դեպքում: Այս արձանագրությունը թույլ կտա Ռուսաստանին սահմանափակելու կամ խոչընդոտելու ՀԱՊԿ անդամ այլ երկրների ռազմական համագործակցությունն այլ երկրների հետ: Ռուսաստանը կարող է իր նպատակին հասնել ոչ թե անմիջականորեն՝ իր անունից, այլ մյուս երկրների միջոցով: Օրինակ, եթե պետք է սահմանափակել Ղրղըզստանի համագործակցությունն ԱՄՆ-ի հետ, ապա դրան կարող է դեմ լինել Հայաստանը, իսկ հաջորդ անգամ՝ արդեն Ղրղըզստանն ինքնաբերաբար դեմ կլինի Հայաստանի համագործակցությանը ցանկացած այլ երկրի հետ:
Բայց հիմա անդրադառնանք բուն խնդրին: Ռուսները մեղադրում են ԲՀԿ-ին այս արձանագրության վավերացումը բոյկոտելու մեջ: Եթե չլիներ ՕԵԿ-ի և ՀԱԿ-ի աջակցությունը, ապա այս արձանագրությունը ՀՀԿ-ն միայնակ չէր կարող անցկացնել, և մեծ էր վտանգը, որ այն կարող էր տապալվել: Նշանակում է, որ ռուսների համար այդքան կարևոր պահին ԲՀԿ խմբակցության բոյկոտը կարող էր տապալել արձանագրության վավերացումը: Ռուսական «Ռեգնում» գործակալության թղթակիցը ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանին հարցրել է, թե ինչո՞ւ է ԲՀԿ-ն բոյկոտել արձանագրության վավերացման քվեարկությունը, ինչին ի պատասխան՝ Ուրիխանյանն ասել է, որ ԲՀԿ բոյկոտը ոչ մի կապ չունի արձանագրության վավերացման քվեարկության հետ, այլ կապված է խմբակցության անդամ Վարդան Օսկանյանին քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հետ:
Դատախազի միջնորդությունը քվեարկվել է հոկտեմբերի 2-ին, իսկ արձանագրությունը վավերացնելու հարցը քվեարկության է դրվել հոկտեմբերի 4-ին, և եթե ԲՀԿ-ն իսկապես ուզում էր կողմ քվեարկել արձանագրության վավերացմանը, ապա կարող էր հայտարարել, որ այդ հարցն իրենց համար շատ կարևոր է, և իրենք հանուն այդ քվեարկության դադարեցնում են բոյկոտը: Ի վերջո, ԲՀԿ-ում չեն բացառում, որ իրենք հենց հաջորդ նիստին կարող են դադարեցնել բոյկոտը: Բայց այստեղ կա մի հանգամանք, որն արժանի է ուշադրության. Ուրիխանյանը՝ հայտարարելով, որ իրենց բոյկոտը կապ չունի արձանագրության վավերացման հետ, չի ասում, թե ինչպիսի՞ն է ԲՀԿ պաշտոնական դիրքորոշումն այս արձանագրության նկատմամբ: Կարող էր, չէ՞, ասել, որ, թեև իրենք բոյկոտել են նիստը, բայց, եթե ներկա լինեին, ապա ամբողջ խմբակցությամբ կողմ էին քվեարկելու արձանագրության վավերացմանը:
Հնարավոր է, որ դատախազի միջնորդությունը և ԲՀԿ-ի կողմից արձանագրության քվեարկությունը բոյկոտելն իրար հետ ամենասերտ կապվածության մեջ է: Մինչև վերջերս՝ դատախազի միջնորդության բավարարումը, ԲՀԿ խմբակցության անդամները վստահեցնում էին, որ ՀՀ իշխանությունները չեն կարող իրենց նկատմամբ ուլտիմատումների կամ ճնշումների լեզվով խոսել, քանի որ կուսակցությունը գտնվում է ՌԴ իշխանությունների բարձր հովանու ներքո, և ՌԴ իշխանություններն այդ մասին հստակ տեղյակ են պահել նաև ՀՀ իշխանություններին: «Հարցը լուծված է անձամբ Պուտինի մակարդակով»,- վստահեցնում էին ԲՀԿ-ականները: Բայց ՀՀ դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդության բավարարումը ցույց տվեց, որ ԲՀԿ-ին տրված անվտանգության երաշխիքները կեղծ են կամ առնվազն ոչ լիարժեք, քանի որ ապահովում են ոչ բոլոր ԲՀԿ-ականների անվտանգությունը: Հնարավոր է, որ դրան ի պատասխան էլ ԲՀԿ-ն որոշել է բոյկոտել արձանագրության վավերացումը: Եվ հենց այդ պատճառով է, որ Ուրիխանյանը չի հայտարարում, որ ԲՀԿ-ն կողմ է արձանագրության վավերացմանը:
Սա ընդամենը վարկած է, և, եթե այն ճիշտ է, ապա պետք է ուրախանալ, որ ԲՀԿ-ն իր մեջ այնքան ուժ է ունեցել, որ կարողացել է համարժեք պատասխան տալ և հասկացնել, որ նույնիսկ «ամենապրոռուսական ուժը» (բնորոշումը ռուսական մամուլինն է), կարող է պաշտպանել իր ինքնասիրությունը և արժանապատվությունը: