Qan-Cor. Բժշկական կենտրո՞ն, թե՞ բիզնես կենտրոն
Բաց նամակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին և Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանին
Այսօր լրանում է իմ հոր մահվան 10-րդ օրը: Այս օրերին, մինչ մասնագետները նշում էին Սրտի համաշխարհային օրը` մեր ընտանիքը վշտում էր սրտի անբավարարության պատճառով հորս մահը, որից բժիշկները մեծ շահույթ ստացան:
Պատմություն
Մենք ապրում ենք Աշտարակում: Հորս` Կարապետ Քեշիշյանի առողջական վիճակը կտրուկ վատանում է սեպտեմբերի 23-ին` կիրակի ցերեկը: Շտապ օգնությունը հասցնում է հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվում է վերակենդանացնել մի քանի րոպե մահացած հորս: Այնուհետև մայրաքաղաքից Ռեանիմոբիլ ենք հրավիրում, որի բժիշկը վիճակը գնահատում է ծայրահեղ ծանր, ապրելու հավանականությունը` 0 տոկոս:
Աշտարակի հիվանդանոցում անհրաժեշտ սարքավորումներ չկային, ու այդտեղ երկար մնալը դատավճիռ կարող էր լինել:
Ստորագրությամբ համաձայնում ենք տեղափոխել Երևան: Հիվանդին համաձայնում է ընդունել «Քանկոր» բժշկական կենտրոնը: Դա` շոկի մեջ գտնվող հարազատներիս ուրախացնում է, հուսադրում, իսկ շտապօգնության բժշկին ապշեցնում. սրտաբանի հետ հեռախոսազրույցում նա մի քանի անգամ հարցնում է` իրո՞ք պատրաստ են ընդունել նման ծայրահեղ վիճակում գտնվող հիվանդի: Ստանալով դրական պատասխան` երջանիկ պատահականությամբ հասնում ենք հիվանդանոց: Բժիշկներն ախտորոշում են սուր ինֆարկտ: Ելքը` տեղադրել երեք ստենտ:
Առաջարկում են տեղադրել ծածկույթովը: Դա թեպետ թանկարժեք է, բայց 10-15 տարվա երաշխիք ունի: Վստահելով բժշկի խոսքերին` միանշանակորեն համաձայնում ենք ու ստորագրում պայմանագիրը, որն այդ պահին այնքան էլ կարևոր չէր թվում: Մեզ համար առաջնայինը բժշկի հետ հուսադրող զրույցն էր, որի ընթացքում ոչ մի անգամ չի զգուշացվել բարձր ռիսկի մասին: Արդյունքում` վճարեցինք ընդհանուր 3.746.000 դրամ:
Հաջորդ օրը հայրս գիտակցության չի գալիս. չի ընկալում` որտեղ է գտնվում, խառնում է ժամանակագրությունը, հազիվ է ճանաչում հարազատներին: Բժիշկները մեզ հորդորում էին, որ դա 90 տոկոսով անցողիկ է, իսկ ֆիզիկական վիճակը` կայուն:
Հիվանդի առողջական վիճակը կեսգիշերին սկսում է կտրուկ վատանալ: Առավոտյան` մոտ վեցին, բժիշկը հիվանդանոցում գտնվող հարազատներիս հավաստիացնում է, թե ամեն ինչ նորմալ է, և ուղարկում է տուն: Դրանից հետո նորից վատանում է հորս վիճակը, և սրտաբանը, առանց մեր համաձայնության, ըստ իրեն, փրկելու միտումով, հավաստիացնում է, թե տեղադրել է 4-րդ ստենտը, սակայն, առավոտյան ժամը 7:45-ին հայրս մահանում է:
Բանավոր զրույցի ընթացքում ստենտավորող բժիշկը, հետո` նաև բուժկենտրոնի տնօրեն Շահեն Խաչատրյանը դա որակեցին աբսուրդային երևույթ ու բացատրեցին գերբնական ուժերի ակտիվ ներգործությամբ:
Սա 21-րդ դարն է` տեխնոլոգիայի ու մասնագիտական բարձր պատրաստվածության ժամանակաշրջան: Մենք հիվանդանոց տարել էինք` հենց այդ նկատառումները հաշվի առնելով: Եթե առաջնորդվելու լինեինք «Քանկոր» բժշկական կենտրոնի տնօրենի տրամաբանությամբ ու եզրակացությամբ, ապա պետք է տանեինք եկեղեցի և բոլորով սկսեինք աղոթել կամ էլ խոշոր եղջերավորների զոհեր մատուցել երկնքի բնակիչներին, միգուցե այդ դեպքում, ի վերջո, հեռանային, հանգիստ թողնեին գերբնական ուժերը:
Խնդիր
Սգո արարողություններից հետո` ծանոթանալով պայմանագրին (մինչ հորս մահը մեզ չէր հետաքրքրում պայմանագրի նրբերանգները, քանի որ բժիշկների հետ զրույցում միանգամից քննարկվել է ոչ թե ստենտ դնել-չդնելու հարցը, այլ` թե ինչ կարգի, ինչ գնի և որակի ստենտ է հարկավոր: Մենք անգամ չէինք էլ կարող պատկերացնել մահվան ելքով ավարտի մասին, իսկ պայմանագրի մեզ տրված օրինակում ոչ մի դրույթ նախատեսված չէ նման ելքով վիրահատությունների դեպքերի առնչությամբ:
Պայմանագրի 1.3 կետի համաձայն` «բուժծառայությունները համարվում են մատուցված, եթե դրանք փաստացի կատարվել են և բավարարում են բժշկական ցուցումներին` անկախ դրանց առողջական արդյունքներից»:
Այսինքն, կոպիտ ասած, նրանք միայն ստենտ տեղադրելու տերն են, ոչ թե նրա առողջության երաշխավորն ու ջատագովը: Մենք դեղատնից ստենտ չէինք գնել, այլ վճարել էինք կյանքի, առողջության համար: Ստենտն ընդամենը միջոց էր` դա ապահովելու համար: Պայմանագրի հավելվածում նշված է, որ կատարվել է երկու ստենտների իմպլանտացիա: Այնինչ մեզ հավաստիացրել են, որ տեղադրել են երեքը (երկուսը` ծածկույթով), և մենք վճարել ենք դրան համապատասխան գումար: Ինչպես նաև, վերջնահաշվարկում Շահեն Խաչատրյանը ներառում է նաև վերջին րոպեներին առանց մեր համաձայնության տեղադրված ստենտը: Արդյունքում` ընդհանուր գումարը կազմում է 4.300.000 դրամ: Պայմանագրի 6-րդ կետի
«Այլ Պայմաններ» ենթաբաժնում նշված են այն լիազորությունները, որն ունի հիվանդը` ստենտավորելուց հետո: Մենք դիմեցինք կենտրոնի ղեկավարությանը` առ այն, որ գումարի որոշակի մասը հետ վերադարձվի` հիմնվելով Նորք-Մարաշ սիրտ-անոթային հիվանդանոցում գործող կանոնակարգի վրա, ըստ որի` նման դեպքերում ետ են վերադարձնում գումարի 30 տոկոսը:
Բանավոր զրույցի ընթացքում Շահեն Խաչատրյանն ասում է, թե պայմանագրում նշված է, որ մահվան դեպքում ոչ մի դրամ ենթակա չէ վերադարձման: Նախ` պայմանագրի մեզ տված օրինակում նման տող ու ակնարկ չկա: Թերևս, միայն 1.3 կետը, որը էլի չի կարգավորում ֆինանսական հարցերը: Եվ ընդհանրապես, պայմանագրով նախատեսված չէ, թե մահվան ելքով վիրահատությունից հետո բուժկենտրոնն ինչ պարտավորություններ է կրում: Ամեն դեպքում, գլխավոր տնօրենը խոստանում է ետ տալ գումարի մի մասը:
Հերթական հանդիպման ժամանակ հիվանդանոցի գործադիր տնօրենը մեզ առաջարկում է արտագրել դիմումի իր գրած օրինակը: Դիմումում լրացուցիչ ավելացվել էր այս տողը` «և զգուշացվել է բարձր ռիսկի մասին»: Դա խմբագրելուց հետո էին հիշել ու ավելացրել` մոռանալով կամ դիտավորությամբ չհիշելով, որ մեզ այդ մասին ոչ բանավոր, ոչ էլ պայմանագրի որևէ կետով չեն զգուշացրել:
Այնուհետև, դիմումը եզրափակվում էր այս տողերով` «խնդրում եմ Ձեզ օգնության կարգով իմ վճարած գումարից հետ վերադարձնել որոշակի գումար` հետագա ծախսերը հոգալու համար»: Ողորմություն ենթադրող նման նվաստացուցիչ դիմումը հրաժարվում ենք ստորագրել:
Պահանջ
Մենք չենք պահանջում մեր հոր կյանքը. դա խելամիտ չէ: Մենք չենք էլ պահանջում մեր գումարը, չնայած դա խելամիտ է, բայց այն պայմանագիրը, որը կստորագրի յուրաքանչյուր հիվանդի այլընտրանք չունեցող հարազատ` երկրորդ կողմին իրավական դաշտում գործելու ցածր հնարավորություններ է տալիս: Ըստ իս, դա կոնկրետ հաշվարկած է, որովհետև այդ պահին դժվար թե որևէ մեկին հետաքրքրի պայմանագրի մանրամասները` էլ չեմ խոսում վիճարկելու մասին:
Դա էլ բուժկենտրոնի ղեկավարությանը հնարավորություն է տալիս օգտվել առիթից ու ստորագրած ունենալ նման «ստրկացուցիչ» պայմանագիրը: Մեր պահանջը քաղաքացիական է, բարոյական, ի վերջո` մարդկային: Չի կարելի վճարել մոտ 4 միլիոն դրամ` առողջ մարդ տեսնելու ակնկալիքով, արդյունքում, 48 ժամ չանցած, տուն տանել դիակ: Չի կարելի ամեն ինչ թողնել ու նախնադարի մարդկանց միամտության ու տգիտության վրա հենվելով` ամեն ինչ բարդել գերբնական ուժերի վրա: Ըստ իս, նրա գործողություններն ունեն երեք հնարավոր տարբերակ.
1. Բժիշկները հստակ չեն ախտորոշել հիվանդին: Դա ենթադրում է սխալ եզրակացություն նրա օրգանիզմի վերաբերյալ ու սխալ բուժում:
2. Բժիշկները ճիշտ են ախտորոշել, սակայն կա նեղ մասնագիտական սխալ, որի արդյունքում հնարավոր չի եղել փրկել կյանքը:
3. Բժիշկները ճիշտ են ախտորոշել ու հստակ իմանալով, որ հիվանդը չի ապրի, ամեն դեպքում տեղադրել են ստենտ: Ինչպես ամերիկացիներն են ասում` «just business»:
Մենք պահանջում ենք արտոնագրից զրկել և դադարեցնել նման քաղաքականություն ու կանոնադրություն որդեգրած բուժկենտրոնի գործունեությունը: Նրանց աշխատաոճը միայն իրենց է հարմարեցված. պայմանագիրն աշխատում է բուժկենտրոնի օգտին` ոչ մի արտոնություն չտալով երկրորդ կողմին: Կարելի է ենթադրել, որ նրանք պատրաստ են ստենտավորել յուրաքանչյուրին` անկախ իր առողջական վիճակից, և հույսը գցել գերբնական ուժերի «մկաններին»: Կապրի` լավ` բոլորի համար, չապրի` լավ` բուժկենտրոնի, վատ` կարևոր ու հետաքրքիր էլ չէ ում համար: Գործողությունների նման հաջորդականությունը տպավորություն է ստեղծում, որ բուժկենտրոնը պարզապես գումար է աշխատել` հստակ իմանալով ճակատագրի մասին: Ի վերջո, դա կազինո չէր, որտեղ մենք գումար էինք խաղարկում` հուսալով բախտի քմահաճույքին:
Ակնկալիք
Մեծարգո նախագահ, գոնե մենք` լրագրողներս, անձամբ էինք ականատեսն ու ունկնդիրը, թե ինչպես եք Դուք նախընտրական շրջանում 20 հոգանոց համայնքից մինչև մեկ միլիոնից ավելի երևանցիներին վստահեցնում, որ Դուք լինելու եք յուրաքանչյուրի նախագահը: Ես հիմա ցանկանում եմ այդ աջակցությունը զգալ անձամբ, դա տեսնեն ու Ձեր նախընտրական խոստումը հիշեն բոլորը: Խնդրում եմ, հետամուտ լինել անպատասխանատու բժշկությամբ զբաղվող կենտրոնների արտոնագրից զրկմանը և դիակից շահույթ ստացող մասնագետներին պատասխանատվության ենթարկելուն:
Լրագրող` ՄԱՆՎԵԼ ՔԵՇԻՇՅԱՆ