«Սուխոյի» ինքնաթիռը ժամանել է Հայաստան
««Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությունը և «Արմավիա» ավիաընկերությունը քննարկել են SSJ100 ինքնաթիռի շահագործման պայմանները» ,- 168.am-ին ասաց «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության ղեկավար Մարինա Մոտորնայան։
Հիշեցնենք, որ օրեր առաջ 168.am-ը հարցում էր ուղարկել «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերությանը` «Արմավիա» ավիափոխադրողի հետ իրենց ունեցած խնդրի լուծման վերաբերյալ մանրամասներ իմանալու նպատակով: Ընկերության մամուլի ծառայության ղեկավարը գրավոր պատասխանում նշել է, թե խնդիրը կարելի է համարել մասնակի լուծված:
«Կողմերը ստորագրել են վարձակալման պայմանագիր, որն ուժի մեջ կմտնի ինքնաթիռը ֆինանսական պարտավորությունից դուրս հանելուց և մաքսային պարտավորությունները կատարելուց հետո»,- ասված է նամակում:
«Մոտ ժամանակներս «Արմավիա» ընկերությունը կվերսկսի օդանավի շահագործումը: Պայմանավորվածության համաձայն՝ «Արմավիան» կշարունակի լինել SSJ100-ի վարձակալողը, իսկ «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ն կլինի միակ վարձակալության տված ընկերությունը: Նշված վարձակալության պայմանագիրը կգործի վեց ամիս, ինչից հետո կրկին կողմերը կհանդիպեն և կքննարկեն հետագա գործողությունները: Ընթացիկ տարվա հոկտեմբերի 2-ին MSN 95007 ժամանել է Երևան»,- 168.am-ին հասցեագրված գրավոր պատասխանում ասել է Մ.Մոտորնայան:
«Կողմերը շարունակում են երկրորդ ինքնաթիռի հետ կապված հարցերը (MSN 95021), որը հատուկ «Արմավիայի» համար է կառուցվել` կանխավ կնքված պայմանագրի համաձայն, որն այժմ գտնվում է «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ-ի թռիչքափորձարկման կենտրոնում»,- մեկնաբանել է Մ.Մոտորնայան:
Հիշեցնենք, որ դեռևս օգոստոսի 15-ին 168.am-ի հետ զրույցում «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության մամուլի ծառայության աշխատակից Անդրեյ Մուրավյովը նշել էր, որ «Արմավիա» ավիաընկերությունը հայտարարել էր «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ընկերության երկրորդ ինքնաթիռից հրաժարվելու մասին, քանի որ 2011-ից շահագործվող «SSJ 100»-ը տեխնիկական խնդիրներ է ունեցել: