
Հարուցվել է քրեական գործ` ԲԲԸ տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու փաստի առթիվ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ` արգելանքի տակ գտնվող գույքը վաճառելու նպատակով բաց բաժնետիրական ընկերության տնօրենի կողմից պաշտոնեական փաստաթուղթ կեղծելու և այն օգտագործելու փաստի առթիվ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ գլխավոր դատախազության կայքէջից:
ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ստացված գրության հիման վրա նախապատրաստված նյութերով մասնավորապես պարզվել է, որ «Գյումրի կահույք» ԲԲ ընկերության տնօրենը կեղծել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` Շիրակի տարածքային ստորաբաժանման անշարժ գույքի միավորի և դրա նկատմամբ գրանցված իրավունքների ու սահմանափակումների վերաբերյալ միասնական տեղեկանքը, օգտագործել այն` ներկայացնելով Ախուրյանի նոտարական գրասենյակ:
Արդյունքում` նշված ԲԲ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող և ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Շիրակի մարզային ստորաբաժանման որոշումներով արգելանքի տակ գտնվող 0,66 հա հողամասը և 1964.22 քմ շինությունները 2012թ. փետրվարի 9-ին կնքված առուվաճառքի պայմանագրով օտարել է երկու քաղաքացիների:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնին: