«Նախաքննական մարմինն արդեն կկարողանա մեղադրանք առաջադրել Օսկանյանին». Սոնա Տռուզյան
«ԱԺ-ն տվել է իր համաձայնությունը, նախաքննական մարմինն էլ արդեն կկարողանա Վարդան Օսկանյանին առաջադրել մեղադրանք: Իսկ թե հետագայում տվյալ գործի նախաքննությամբ ի՞նչ ապացույցներ ձեռք կբերվեն, ես այս պահին ասել չեմ կարող»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը:
«Տվյալ պարագայում, ինչպես ցանկացած քրեական այլ գործերում, նախաքննական մարմինը որոշումներ է կայացնում ձեռք բերված ապացույցների հիման վրա: Ինչպես արդեն գլխավոր դատախազը ներկայացրել է ԱԺ-ում իր միջնորդագրի մեջ ու նաև եզրափակիչ ելույթում, կան բավարար հիմքեր քրեական գործով ձեռք բերված` Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համար:
Բնականաբար, այս փուլում է նախաքննական մարմինը կայացնում այդ որոշումը, և կշարունակվի օբյեկտիվ ու բազմակողմանի նախաքննության իրականացում: Նշեմ, որ գործի քննության նյութ են դարձել նաև պարոն Օսկանյանի ներկայացրած փաստաթղթերը: Համալիր քննության արդյունքում նախաքննական մարմինը կկայացնի որոշում, որի մասին, բնականաբար, ձեզ կիրազեկենք»,- ասաց Սոնա Տռուզյանը:
Վերջինս հավելեց, որ ԱԺ համաձայնությունը` Վ. Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին, ամենևին չի ենթադրում ձերբակալություն կամ կալանավորում, քանի որ խորհրդարանն այդ հարցի շուրջ չէ, որ համաձայնություն է տվել:
«Գլխավոր դատախազի միջնորդագիրը վերաբերել է բացառապես որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին: Այս փուլում նախաքննական մարմինը Վարդան Օսկանյանին կալանավորելու հարց չի կարող բարձրացնել, որովհետև դա ենթադրում է, որ կրկին գլխավոր դատախազը պետք է մտնի ԱԺ ու ստանա համաձայնություն՝ Վ. Օսկանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանք կիրառելու մասին: Գլխավոր դատախազը դա չի արել, քանի որ այս փուլում նման խնդիր չի տեսել»,- ընդգծեց նա:
Հարցին, թե արդյո՞ք Վարդան Օսկանյանի անձնական հաշվեհամարից համապատասխան գումարի փոխհատուցումը որևէ կերպ մեղմացնո՞ւմ է իրավիճակը, Սոնա Տռուզյանը պատասխանեց. «Այդ հարցերի պատասխանը կտա նախաքննական մարմինը: Բնականաբար, պատճառված վնասի վերականգնումը համարվում է մեղմացնող հանգամանք»: