
2022 թվականին 60-ից բարձր բնակչության թիվը կհասնի մեկ միլիարդի

ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամը զգուշացնում է, որ 10 տարի անց 60 տարեկանից բարձր բնակչության թիվը կհասնի մեկ միլիարդի: Ինչպես հաղորդում է BBC-ն, դեմոգրաֆիկ նման իրավիճակը մեծ վտանգ է ներկայացնելու երկրների սոցիալական, առողջապահական և կենսաթոշակային համակարգերի համար: Շատ երկրներ էլ ստիպված կլինեն պայքարել նաև ճարպակալման և ծերերի իրավունքների խախտման դեմ:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի զեկույցում նշվում է, որ աշխարհում ծերերի թիվն ամենաարագն է աճում՝ համեմատած սոցիալական մյուս խմբերի հետ: Աշխարհում ինը մարդուց մեկը 60 տարեկանից բարձր է:
Զեկույցում նաև նշվում է, որ տվյալ երկրում ծերերի թվի աճը վկայում է նրա մասին, որ այդ երկրում սնունդը, առողջապահական, կրթական, տնտեսական համակարգերը լավ են աշխատում, բայց խնդիրն այն է, որ այդ երկրների կառավարություններն ի վիճակի չեն լուծելու խնդիրները, որոնք առաջանալու են ծերերի թվի մեծացման հետ: