«Աերոֆլոտը» պահանջում է «Շերեմետևոյի» տնօրենի հրաժարականը
«Աերոֆլոտը»` որպես «Շերեմետևոյի» բաժնետեր, տնօրենների խորհրդի առաջիկա նիստում պահանջելու է օդանավակայանի գլխավոր տնօրեն Միխայիլ Վասիլենկոյի հրաժարականը։ Այդ մասին նշվում է ընկերության հաղորդագրության մեջ։
Ավիափոխադրողը նշել է, որ Վասիլենկոն «դեստրուկտիվ» քաղաքականություն է իրականացնում հիմնական ավիաընկերության հանդեպ։ Չվերթերի վերջին հետաձգումները և գրանցման համակարգի խափանումը, ըստ «Աերոֆլոտի», խախտում են փոխադրողի և օդանավակայանի համագործակցության հիմնական սկզբունքները։ Ավիաընկերությունը գտնում է, որ Վասիլենկոյի քաղաքականությունը թույլ չի տալիս իրենց՝ ընդգրկվել աշխարհի 5 առաջատար ավիաընկերությունների ցանկում։
Նշենք, որ հոկտեմբերի 1-ին և 2-ին օդանավակայանը փակվել էր՝ թռիչքուղու վերանորոգման աշխատանքների համար։ Ոչ պլանային վերանորոգման պատճառով հետաձգվել է «Աերոֆլոտի» ավելի քան 70 չվերթ։
Օդանավակայանի մամլո ծառայությունը պնդում է, որ աշխատանքները եղել են նախապես պլանավորված, և ավիաընկերությունը զգուշացված է եղել այդ մասին։ Սակայն «Աերոֆլոտը» հակադարձել է, որ նախնական գրաֆիկը փոխվել է, և իրենց աշխատանքների մասին տեղյակ են պահել միայն սեպտեմբերի 5-ին, երբ տոմսերի զգալի մասը վաճառված է եղել։