Պահանջում է վերանայել լուծարված հասարակական կազմակերպությունների կարգավիճակը
Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը հանդես է եկել հայտարարությամբ, որով պահանջում է անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը, վերանայել կարգավիճակի հարցը: Ստորև ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ:
«2011 թվականի մայիսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «2008 թվականի Հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքը: Սույն օրենքի սխալ կիրառման արդյունքում պետական լիազոր մարմինը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունը, անհատ ձեռներեցների և այլ կազմակերպությունների հետ միասին, լուծարել է նաև մեկ տասնյակից ավելի Հասարակական կազմակերպությունների, որը ՀՀ սահմանադրության 28-րդ հոդվածի ակնհայտ խախտում է:
Ինձ են դիմել մի շարք հասարակական կազմակերպություններ` խնդրելով այս հարցը ԱԺ-ում բարձրացնել և պաշտպանել իրենց շահերը: Այս կազմակերպություններից են` «Թռիչք», «Լոռու զարգացման կենտրոն», «Անվտանգ մանկություն», «Առողջ կյանք», «Երիտասարդական ալիք», «Բանալի», «Ապոլոն», «ԱՌՈՂՋ ԼՈՌԻ», «Վանաձորի առողջ հասարակություն», «Թագավորանիստ կրթամշակութային բարեգործական կենտրոն», «Անաղարտ Լոռի», «Մանչուկ», «Խուլերի կրթամշակութային կենտրոն» և բազմաթիվ այլ հ/կ-ներ:
ՀՀ Սահմանադրության 28-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի այլ անձանց հետ միավորումներ կազմելու, այդ թվում՝ արհեստակցական միություններ կազմելու և դրանց անդամագրվելու իրավունք: Միավորումների գործունեությունը կարող է կասեցվել կամ արգելվել միայն օրենքով նախատեսված դեպքերում՝ դատական կարգով:
Ավելին, նշված գործողությամբ պետական լիազորված մարմինը խախտել է նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» օրենքի 20-րդ հոդվածի 3-րդ մասը, որի համաձայն՝ կազմակերպության հարկադիր լուծարման մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` պետական լիազորված մարմնի պահանջով, և միայն օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:
Այսպիսով, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունից պահանջում եմ վերանայել Օրենքի կիրարկման անօրինական պրակտիկան և անվավեր ճանաչել Հասարակական կազմակերպությունների լուծարման մասին որոշումը` հանելով լուծարված կազմակերպությունների անունները լուծարված կազմակերպությունների ցանկից»: