
ԱՄՆ դեսպանությունը «անչափ մտահոգված» է Օսկանյանի գործի վերջին զարգացումներով

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, որով իր մտահոգությունն է հայտնել ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
«Մենք ուշադրությամբ հետեւել ենք արտաքին գործերի նախկին նախարար Օսկանյանի դեմ ընթացող դատական գործին եւ անչափ մտահոգված ենք վերջին զարգացումներով: Մենք հուսով ենք, որ այս գործը չի հանդիսանում Հայաստանի օրենսդրության ընտրովի կիրառում` պայմանավորված քաղաքական շարժառիթներով, քանի որ դա կարող է արժեզրկել այն ջանքերը, որոնք ուղղված են առավել մեծ թափանցիկության խթանմանը եւ Հայաստանի իրավական, արդարադատության եւ օրենսդրական ոլորտների բարեփոխմանը»,- ասված է հայտարարության մեջ:
ՀՀ Ազգային Ժողովն այսօր բավարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի միջնորդագիրը` ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու ու նրան որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ: