Ինչո՞ւմ է Հովիկ Աբրահամյանը խաբել Վարդան Օսկանյանին

Վարդան Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու հարցի վերաբերյալ խորհրդարանական քննարկումներում արձանագրվեց մի երկխոսություն, որը բավարար ուշադրության չարժանացավ, սակայն կարող է լույս սփռել այս գործընթացի մութ կողմերի վրա: Խոսքը Վարդան Օսկանյանի ելույթի ժամանակ վերջինիս ու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի միջև ծավալված երկխոսության մասին է:

Հ. Աբրահամյանի այն խոսքին, թե «եթե Օսկանյանը ժամանակին պարզաբանումներ ներկայացներ իրավապահ մարմիններ, ոչ թե խուսափեր նրանց հետ հանդիպումներից, հնարավոր է, նման խնդիրներ այսօր չլինեին», ի պատասխան` Վարդան Օսկանյանը նկատեց. «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ առիթ տվեցիք»: Հ. Աբրահամյանն իր հերթին պատասխանեց, թե «առիթ տալը քաղաքական կատեգորիա չէ»:

Օսկանյանը՝ դիմելով Աբրահամյանին, ասաց, որ իրեն խաբված է զգում նրա հետ ունեցած հանդիպումից հետո: «Պարոն Աբրահամյան, Դուք ինձ հրավիրեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում այժմ այդ մասին ասել, ես ակնկալում էի, որ Դուք կզանգեիք: Պարոն Աբրահամյան, Դուք պետք է զանգեք ինձ, Դուք պարտավոր եք: Մենք պետք է առանձին խոսենք: Ես խաբված եմ զգում ինձ, չեմ ասում, թե խաբել եք… Ես պետք է գամ ձեզ մոտ զրուցելու, որովհետև Դուք այն օրը…»,- հայտարարեց նախկին արտգործնախարարը` թերևս, իր բարեկրթությունից ելնելով՝ չհրապարակելով այդ հանդիպման մանրամասները:

Ուշագրավ է, որ այդ հայտարարությանն ի պատասխան՝ Հովիկ Աբրահամյանը հարկ համարեց նշել, որ հարցն անձնական չի եղել: Նշենք, որ խոսքը Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ վերջինիս աշխատասենյակում կայացած հանդիպման մասին է, որին, ըստ տարբեր տեղեկությունների, մասնակցել են նաև ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն ու Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Վերջինս երեկ չէր հերքել այդ հանդիպման մասին տեղեկությունը` ասելով. «Ոչ միայն հանդիպել ենք Վարդան Օսկանյանի հետ, այլ` ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: Քանի որ Վարդան Օսկանյանը նախաքննություն իրականացնող մարմնին ցուցմունքներ չի տալիս և իր դիրքորոշումը չի հայտնել, ցանկություն առաջացավ, որ նա ներկայացնի Գլխավոր դատախազին և ԱԺ նախագահին փաստաթղթեր, որոնք կհիմնավորեն իր անմեղությունը: Ես պատրաստակամորեն այդ թղթերն ընդունեցի, փոխանցեցի նախաքննություն իրականացնող մարմնին, որ ձևակերպեն քրգործում, կցված են գործին այս պահին»:

Դժվար է, իհարկե, հստակ ասել, թե ի՞նչ են խոսել ներկա պաշտոնյաներն ու նախկին արտգործնախարարը, սակայն, դատելով Օսկանյանի ասածի տոնայնությունից, կարելի է ենթադրել, որ նա իրեն խաբված է զգում հենց Հ. Աբրահամյանից: Ընդհանրապես Հովիկ Աբրահամյանն իշխանական համակարգում հաշտեցնողի, «բարիշացնողի» համարում ունի, ինչն առավել արտահայտված դրսևորվում է հատկապես ՀՀԿ-ԲՀԿ հակասությունների սրման փուլերում: Շատերը Հ. Աբրահամյանի այդ հատկությամբ են պայմանավորում այն, որ նույնիսկ ամենափակուղային իրավիճակներից նա կարողանում է «չոր» դուրս գալ ու պահպանել իր կարգավիճակն իշխանական ու պաշտոնական համակարգում: Հ. Աբրահամյանի այդ գործունեության հիմքում ընկած է քաղաքական առևտուրը` բառի ուղղակի և անուղղակի իմաստով:

Այսինքն` երկու հակադիր կողմերից մեկին ինչ-որ բան խոստանալու միջոցով՝ մյուս կողմից ավելի շատը վերցնելու, մի խոսքով, իր ծառայությունը  «վաճառելու» սկզբունքը: Վարդան Օսկանյանի դեպքը նույնպես, թերևս,  բացառություն չէ: Ամենայն հավանականությամբ, Հ. Աբրահամյանը Օսկանյանին հորդորել է այս գործի հետ կապված ինչ-որ հարցերում ընդառաջ գնալ: Ի դեպ, Աղվան Հովսեփյանն անգամ շնորհակալություն  հայտնեց Վարդան Օսկանյանին` համագործակցության համար:

«Շնորհակալ ենք մենք այդ համագործակցության համար Վարդան Օսկանյանի կողմից, որովհետև նա ներկայացրել է նաև իր անձնական հաշվեհամարի շարժը, որը իրավունք չունեինք: Այդ հաշվեհամարի շարժից էլ երևում է, որ 181 հազար դոլար նա կանխիկ է ստացել ու փոխանցել մյուս քարտերի վրա, որտեղից ակնհայտ երևում է, որ ծախսել է իր անձնական պահանջների համար»,- ասել է Գլխավոր դատախազը:

Հարց է առաջանում` ինչի՞ արդյունքում է նախաքննության մարմնին ցուցմունքներ տալուց հրաժարվող Վարդան Օսկանյանը հանկարծ համաձայնել համագործակցել Դատախազության հետ և անգամ տրամադրել անձնական հաշվեհամարի շարժի մասին տեղեկությունները: Առնվազն տրամաբանական է ենթադրել, որ Հ. Աբրահամյանը (Գագիկ Ծառուկյանի ներկայությամբ, գուցե նաև` օգնությամբ) կարող էր խնդրել կամ համոզել Վ. Օսկանյանին` համագործակցել նախաքննության մարմնի հետ` ինչ-ինչ պայմաններով, դիցուք, այն պայմանով, որ այդ դեպքում հարցն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը չի հասնի:

Հաշվի առնելով Հ. Աբրահամյանի խառնվածքը, պետք չէ բացառել նաև, որ նա այդ պայմանավորվածությունները պահպանելու անձնական երաշխավորություն հայտնած լինի: Եվ, ինչպես հաճախ է անում` հետո «իր վրայից քցում է»: Վարդան Օսկանյանի հայտարարությունը` Հովիկ Աբրահամյանից  խաբված լինելու վերաբերյալ, այս վարկածը շատ հավանական է դարձնում:

Հ. Աբրահամյանը, ինչպես վերը նշվեց, հայտարարել է, որ Վարդան Օսկանյանի հետ հանդիպման հարցն անձնական չի եղել, ուստի նա պարտավոր է հրապարակայնացնել, թե ի՞նչ է խոսել Վ. Օսկանյանի հետ: Հակառակ դեպքում, եթե անգամ նա «զանգի Օսկանյանին», այս պատմության շուրջ կասկածները չեն փարատվելու, և շատերը մտածելու են, որ ԱԺ նախագահն ինչ-որ հարցում խաբել է նախկին արտգործնախարարին, ու նաև դրա արդյունքում է վերջինս զրկվել պատգամավորական անձեռնմխելիությունից:

 

 

 

Տեսանյութեր

Լրահոս