«Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե ՀՀ նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովի հայտարարությունն Ազգային Ժողովում:

«Սեպտեմբերի երկրորդ կեսը հարուստ էր թե՛ ներքաղաքական իրադարձություններով, թե ՛ բարեփոխումների նոր թափով, թե քաղաքական շահարկումներով:

Մասնավորապես, նախագահ Սարգսյանի հրավիրած խորհրդակցությունները և խիստ հանձնարարականները քաղաքաշինության, արդարադատության, պետեկամուտների, առողջապահության և այլ ոլորտների կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ուղղությամբ խիստ կարեւոր էին և ևս մեկ անգամ եկան ապացուցելու, որ մեր երկրում լայնամասշտաբ բարեփոխումների կուրսն այլընտրանք չունի:

Չնայած բազմաթիվ խնդիրներին` Հայաստանը վերջին շրջանում նշանակալի հաջողությունների է հասել տարբեր ոլորտներում. գնալով աճում է Հայաստանի հեղինակությունը տարածաշրջանային և միջազգային ասպարեզում:

Ավելին` աշխարհի հեղինակավոր միջազգային կառույցները պատրաստ են աջակցել Հայաստանի շարունակական զարգացմանն ու ժողովրդավարացմանը: Զարգացել են հարաբերությունները մեր ռազմավարական գործընկերների հետ: Հայաստանը լուրջ հաջողություններ է արձանագրել թե՛ հայ-ռուսական, թե՛ հայ-ամերիկյան, թե՛ հայ-եվրոպական ուղղություններով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ողջունում են նախագահ Սարգսյանի կամքն առ այն, որպեսզի հնարավոր լինի շարունակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը:

Սա միան Հանրապետականի գնահատականը չէ: Տեղեկացնեմ, որ այս մասին Հայաստանի Հանրապետության անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ իրենց շնորհավորական ուղերձներում խոսել են թե՛ Ռուսաստանի, թե՛ Ֆրանսիայի, թե՛ ԱՄՆ-ի առաջնորդները:

Ափսոսանքով պետք է նշեմ, որ այս ամենին զուգահեռ կան ուժեր և գործիչներ, որոնք խեղաթյուրում են իրականությունը և անգամ քաղաքական շահարկումների դիմելով` խոսում են ինչ-որ հետապնդումների մասին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե հանրապետության նախագահն է առաջարկում ԲՀԿ ներկայացուցչին առաջադրվել Գյումրու քաղաքապետի պաշտոնին: Ի՞նչ հետապնդման մասին կարող է խոսք լինել, եթե Հանրապետականի ջանքերով ավելացել են քաղաքական ընդդիմության լիազորությունները:

Եզրափակելով խոսքս` նշեմ, որ ՀՀԿ-ն վճռական է Հայաստանում բարեփոխումների կուրսը շարունակելու գործում, քանի որ բոլորիս համար կա Հայաստանի մեկ տեսլական` ուժեղ, ազգային և ժողովրդավարական: Հանրապետականը հավատով գնում է դեպի բեկումնային բարեփոխումների, քանի որ դրան այլընտրանք չկա»:

 

Տեսանյութեր

Լրահոս