Բաժիններ՝

ԿԲ-ն հնազանդեցրե՞լ է գնաճի հրեշին

ՀՀ կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Ներսես Երիցյանն այսօր Ազգային ժողովում ներկայացրել է ՀՀ 2011 թ. դրամավարկային քաղաքականության ծրագրի կատարման հաշվետվությունը և հայտարարել, որ 2011 թ. դեկտեմբերին 12-ամսյա գնաճը կազմել է 4,7%։ Հետևաբար, ըստ Ն. Երիցյանի, ՀՀ կենտրոնական բանկն ապահովել է ՀՀ պետական բյուջեի մասին օրենքով նախանշված առավելագույն շեմի ցուցանիշը (հիշեցնենք, որ թույլատրելի առավելագույն գնաճը 5.5%-ն է:

Սա հենց այն է, ինչի մասին տարվա ընթացքում միշտ խոսել ենք։ Փաստորեն, տարվա ընթացքում մարդիկ ապրում են բարձր գների պայմաններում, հազիվ ծայրը ծայրը հասցնում, իսկ տարվա վերջին գները մի թեթև իջնում են, ու դա ներկայացվում է՝ որպես «թույլատրելի միջակայքի ապահովում»։ Իրական գնաճը՝ տարվա ընթացքում, ըստ ազգային վիճակագրական ծառայության, եղել է 7.7%։ Ընդ որում, պարենային ապրանքների գներն աճել են 11.2 տոկոսով։ Այսինքն՝ խոցելի խավի համար գնաճն ավելի շոշափելի է եղել։

Զուտ ֆորմալ առումով՝ Ն. Երիցյանն, իհարկե, ճիշտ է. նա ի՞նչ մեղք ունի, որ օրենքով նորմատիվային է համարվում ոչ թե տվյալ ժամանակահատվածի միջին գնաճը, այլ 12-ամսյա գնաճի ցուցանիշը։ Սակայն  զուտ բարոյական հարթության մեջ անհասկանալի է նման ինքնագոհ գնահատականը՝ ապահովել ենք։ Ի՞նչն եք ապահովել։

Ձեր ապահովածը նույնն է, եթե ընտանիքիդ անդամներին մի ամբողջ շաբաթ սովի մատնես, շաբաթվա վերջին օրը երեկոյան հյուրասիրես խորովածով ու ասես՝ տեսեք, ես իմ ընտանիքին ինչ լավ եմ պահում։ Ի՞նչ են ուզում սրանով ասել, անհասկանալի է։ Խոսքը վերաբերում է բոլոր ոլորտների պատասխանատուներին, ովքեր ձգտում են ինչ-որ թվերով ապացուցել, որ փայլուն են աշխատել։ Ախր, միևնույն է՝ ժողովուրդը ձեր թվերով չի առաջնորդվում։ Նախագահն էլ, ինչպես ցույց տվեցին վերջին խորհրդակցությունները, կարող է անարգանքի սյունին գամել՝ անկախ ձեր ոլորտի «պլպլան» ցուցանիշներից։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս