«Իշխանությունը փորձում է ծնկի բերել ԲՀԿ-ին, բայց չի հաջողվի»

«Ժողովրդավարական դիզայնով կիսաավտորիտար համակարգ ունեցող երկրներում իշխող ուժը միշտ էլ ցանկանում է իր ազդեցիկ մրցակցի նկատմամբ ունենալ քաղաքական լծակ»,- այսօր ԳԱԼԱ-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը՝ մեկնաբանելով իշխանությունների կողմից Վարդան Օսկանյանի դեմ սկսված արշավը:

Նրա խոսքով՝ Վարդան Օսկանյանի դեմ սկսված քաղաքական հալածանքներն իրականում ոչ մի կապ չունեն կոռուպցիայի դեմ սկսված պայքարի հետ, այլ մեկ նպատակ են հետապնդում՝ ձեռք բերել քաղաքական լծակ ԲՀԿ կուսակցության նկատմամբ՝ հաշվի առնելով մոտեցող նախագահական ընտրությունները: Նա նշել է, թե այդ երևույթը բնորոշ է ոչ միայն Հայաստանին, այլև ժողովրդավարության պակաս ունեցող այլ երկրներին ևս, մասնավորապես՝ Ռուսաստանին:

«Պարզվում է, որ ամբողջ ԱԺ-ում «փողերի լվացում» իրականացնում է միայն Վարդան Օսկանյանը: Ուրիշ ոչ մի կոռուպցիոներ չկա, անգամ եթե հաշվի առնենք, որ Նյու-Յորքի դատարանը վերջերս որոշում կայացրեց հենց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Այվազյանի դեմ՝ մեղադրելով նրան 37 մլն դոլար չվճարելու հարցում»,- ասել է Արմեն Բադալյանը:

Հարցին՝ արդարացվա՞ծ է արդյոք իշխանությունների այդ քաղաքական հաշվարկը, նա դժվարացել է միանշանակ պատասխանել, սակայն կարծիք է հայտնել, որ իշխանությունը փորձում է ծնկի բերել ԲՀԿ-ին, սակայն, ըստ նրա` նրանք դրան չեն հասնի: Ա. Բադալյանի խոսքով` մի բան ակնհայտ է, որ եվրոպական մի քանի հեռուստաընկերություններ և լրատվամիջոցներ արձագանքել են այդ իրադարձությանը, իսկ ՀՀ-ում ԱՄՆ և Բրազիլիայի դեսպանները հանդիպել են Վարդան Օսկանյանի հետ, ինչը նշանակում է` անուղղակի աջակցություն այդ երկրների կողմից և բացասական արձագանք` իշխանությունների գործելաոճի նկատմամբ:

Տեսանյութեր

Լրահոս