ՀՀԿ-ԲՀԿ դիմակայության երկու հնարավոր սցենարները
ԱԺ-ում և ԱԺ-ից դուրս բոլորը համոզված են, որ այն, ինչ տեղի է ունենում Վարդան Օսկանյանի հետ` քաղաքական հետապնդում է, և դա տեղի չէր ունենա, եթե նա չլիներ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, այլ` որպես անկուսակցական կամ ՕԵԿ անդամ, զբաղված լիներ «Սիվիլիթասով» և «ՍիվիլՆեթով»:
Միանշանակ կարծիք ունենալով քաղաքական հետապնդման հարցում, տեսակետների բազմազանություն կա այն իմաստով, թե ինչի՞ն է ուղղված այդ հետապնդումը, ավելի կոնկրետ` ի՞նչ է ակնկալում ստանալ իշխանությունը ԲՀԿ-ից, որը նրան չի հաջողվում, և հիմա, պարտադրված, ԲՀԿ-ին ենթարկում է քրեաքաղաքական հետապնդման:
Իշխանական շրջանակներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ, նախագահ Սերժ Սարգսյանին բավական վրդովեցնում է այն հանգամանքը, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն անընդհատ «հաջորդ դասին» է թողնում նախագահական ընտրությունների նկատմամբ իր կուսակցության վերաբերմունքի հստակեցումը:
Ընտրություններին ընդամենը 4,5 ամիս է մնացել, բայց նախագահ Սարգսյանը չգիտի, թե ինչպե՞ս է ընտրություններին մասնակցելու երկրի` իր մեծությամբ երկրորդ խորհրդարանական ուժը, որը բավական անհարմար իրավիճակ է ստեղծում իր համար: ԲՀԿ-ն չի շտապում հայտնել իր դիրքորոշումը, իսկ իշխանությունն այլևս ձգձգելու ժամանակ չունի:
Եվ, քանի որ ԲՀԿ-ն չի հստակեցնում իր դիրքորոշումը նախագահական ընտրությունների վերաբերյալ, իշխանությունը ինքն է հստակեցնում իր դիրքորոշումը ԲՀԿ-ի նկատմամբ: Իշխանությունը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն փողերի լվացմամբ և կոռուպցիայի մեջ թաղված խմբավորում է, և այդ կուսակցության վերնախավի ներկայացուցիչներից յուրաքանչյուրի նկատմամբ կարելի է քրեական գործեր հարուցել, և պետությանը պատճառված հարյուրավոր միլիոնների վնասի բացահայտումներ կատարել:
Ըստ շրջանառվող տեղեկությունների` իշխանություն-ԲՀԿ հակամարտության հաջորդ զոհը կարող է լինել առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ասում են, որ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ շատ լավ է վերաբերվում Հ. Քուշկյանին, բայց խնդիրն այն է, որ նա, ըստ նույն աղբյուրների, առողջապահության նախարար աշխատած տարիներին դեղերի ներմուծմամբ է զբաղվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ:
Եվ երբ նախագահ Սարգսյանը հայտնի խորհրդակցության ժամանակ դիմելով առողջապահության նախարարին` ասում էր, որ իր համար անհասկանալի է, թե ի՞նչ է կատարվում դեղերի շուկայում, նկատի ուներ այդ ոլորտի բացահայտումները: Իշխանությունը, ըստ նույն աղբյուրի, բնականաբար, տեղյակ է եղել այդ մասին և դրա դիմաց ակնկալել է քաղաքական լոյալություն:
Այսպիսի մի քանի քրեական գործեր բավարար են, որպեսզի ԲՀԿ-ն հրապարակայնորեն արտահայտի իր դիրքորոշումն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ: Պարտադիր չէ, որ ԲՀԿ-ն հայտարարի, որ առաջիկա նախագահական ընտրություններում պաշտպանում է Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Հնարավոր է, որ ԲՀԿ-ն հանդես գա նախագահ Սարգսյանի կողմից իրականացվող քաղաքականության քննադատությամբ, դառնա արմատական ընդդիմություն, բայց այդ դեպքում իշխանության ներկայացուցիչները հնարավորություն կունենան ասել, որ ԲՀԿ-ում հավաքված քրեական տարրերն ընդամենը փորձում են ազատվել Սերժ Սարգսյանից, քանի որ նա սկսել էր պայքարել կոռումպացված չինովնիկների և նրանց հովանավորների դեմ:
Եվ, որպես հիմնավորում, կներկայացնեն նաև այն փաստը, որ այդ պայքարի թիրախում ոչ միայն ԲՀԿ-ական, այլ նաև նախկին ու ներկա ՀՀԿ-ականներ են: Մի խոսքով` նախագահ Սարգսյանն ընտրությունների կգնա որպես թեկնածու, ով վերջապես հասկացել է, թե ինչ է կատարվում կառավարությունում և իշխանությունում, որոշել է արմատախիլ անել այդ երևույթները, սակայն այդ տարրերը համախմբվել են ԲՀԿ-ի շուրջ և փորձում են խոչընդոտել նախագահ Սարգսյանի ընտրությանը, որպեսզի հնարավորություն ունենան շարունակելու իրենց թալանը:
Այս սցենարի հեղինակները ենթադրում են, որ հասարակական աջակցությունը կլինի նախագահ Սարգսյանի կողմը, ում պետք է սատարել կոռուպցիայի դեմ մղվող կենաց ու մահու պայքարում: Իհարկե, այս տեսակետը միակը չէ: Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնչեցրեց մյուս տեսակետը, ըստ որի` ԲՀԿ-ն և իշխանությունը հասարակությանը մատուցում են թատերականացված ներկայացում, որտեղ կա դերերի հստակ բաժանում` թե ո՞վ է լինելու հետապնդողը, և ո՞վ է լինելու զոհը:
Ըստ այս սցենարի կողմնակիցների, իշխանության համար ցանկալի է, որպեսզի հասարակությունը` որպես իշխանության հիմնական մրցակից ուժ` դիտի ԲՀԿ-ին, և ընտրություններն անցնեն ՀՀԿ-ԲՀԿ մրցակցության պայմաններում, իսկ Օսկանյանի հետ տեղի ունեցողն ընդամենը ԲՀԿ ընդդիմադիր կերպարի կերտման ներկայացում է, որին կարող են հետևել այլ ներկայացումներ: Այս սցենարը կատարյալ է այն իմաստով, որ մյուս քաղաքական ուժերը չունեն այլընտրանքի հնարավորություն:
Եթե նրանք դեմ են քվեարկում, կամ, ինչպես ԲՀԿ-ն` բոյկոտում են Օսկանյանին հանձնելու միջնորդության քվեարկությունը, ապա մասնակցում են ԲՀԿ ընդդիմադիր իմիջի կերտմանը, քանի որ համարում են, որ նա քաղաքական հետապնդյալ է: Եթե կողմ են քվեարկում և համաձայնվում են, որպեսզի Դատախազությունն Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավի քրեական գործում, ապա հնարավորություն են տալիս ԲՀԿ-ականներին` հայտարարել, որ իրենք են իրական ընդդիմությունը, իսկ հիշյալ ուժը համագործակցում է իշխանության հետ:
Այս երկու սցենարներն ունեն մեկ ընդհանրություն. առաջիկա ընտրությունները պետք է անցնեն ԲՀԿ-ՀՀԿ դիմակայության պայմաններում, և դրան այլընտրանք, կարծես թե, չկա: Եթե չես սիրում ՀՀԿ-ին` ապա պետք է համակրես ԲՀԿ-ին, եթե չես հավատում ԲՀԿ-ին` առնվազն կարող ես չմասնակցել ընտրությանը: