
«Չկա մեկը այս շենքում, ով ինձ կասի, թե ես ինչպես եմ քվեարկելու»

ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց, որ «չկա մեկը այս շենքում, ով ինձ կասի, թե ես ինչպես եմ քվեարկելու»: Ըստ նրա` ինքը որևէ խմբակցության անդամ չէ և ինքնուրույն է որոշում, թե ինչպես պետք է քվեարկի:
Դիմելով Վարդան Օսկանյանից` ասաց, որ որպես իրավապաշտպան, երբ նախկինում պաշտպանում էր որևէ ընդդիմադիրի, իրեն մեղադրում էին, թե ինչու է սատարում ընդդիմությանը: Է. Մարուքյանը վստահեցրեց, որ նա, ով կհայտնվի քրեակատարողական հիմնարկում, ինքը կպաշտպանի նրան:
«Հիմա եկել է Ձեզ սատարելու ժամանակը և ես կպաշտպանեմ Ձեզ»,- դիմելով Վ. Օսկանյանին` ասաց Էդմոն Մարուքյանը:
Նա նաև խնդրեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին իր եզրափակիչ ելույթում պատասխանել հարցին, թե ո՞րն է լինելու հաջորդ քայլը` հաշվի առնելով Ա. Հովսեփյանի այն պնդումները, թե Վարդան Օսկանյանը չի ձերբակալվելու: