Եթե այս թատրոնը դառնա իրականություն, ապա մեր բերդերը պետք է լցվեն չինովնիկներով
«Կարծում եմ` սա Սերժ Սարգսյանի սկսած՝ սեպտեմբերի 15-ի այն գործընթացի շարունակությունն է, և դա դեռևս կշարունակվի առաջիկայում: Երկու ելք կունենա. Կա՛մ նախագահական ընտրություններից հետո կավարտվի, կա՛մ էլ, տա Աստված, որ այդ թատրոնը դառնա իրականություն, որին ես քիչ եմ հավատում, քանի որ այդ դեպքում մեր ամբողջ բերդերը պետք է լցվեն այսօրվա միջին ու բարձրաստիճան չինովնիկներով, չհաշված օլիգարխներին` իրենց սափրագլուխներով, ինչն անհնարին է»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Պետրոս Մակեյանը` ի պատասխան հարցին, թե նա ինչպե՞ս է վերաբերվում Սոցապ ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության փաստին:
«Խաչիկյանի հետ կապված աղմուկ բարձրացավ միլիարդների յուրացման հարցով, և վերջերս, կարծես, հանրությունը սկսեց հետաքրքրվել, թե ովքե՞ր են դրա պատասխանատուները, և այլն: Եվ կարծում եմ, եթե այս ամենը թատրոնի շարունակությունն է, Խաչիկյանին ժամանակավոր ուղարկել են հանգստի՝ քրեակատարողական հիմնարկներում, իսկ եթե գնալու է իրական գործընթաց (դա կերևա նախագահական ընտրություններից հետո), ուրեմն, տա Աստված, որ ես սխալվեմ այդ հարցում»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 28-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ սեպտեմբերի 28-ին ԱԺ նախկին պատգամավոր, Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի նկատմամբ կիրառվեց երկամսյա կալանք: Նրան կասկածում են Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 3-րդ մասի 1.2 կետերով (Յուրացնել կամ վատնել: 1) առանձնապես խոշոր չափերով, 2) կազմակերպված խմբի կողմից), 178 հոդվածի 3-րդ մասի 1 կետ-ով, և 314 հոդվածի 1,2 կետերով հանցավոր արարք կատարելու մեջ:
Խաչիկյանի ձերբակալությունը հաջորդեց ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությանը` ՀՀ նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանին «Սիվիլիթասի» գործով որպես մեղադրյալ ներգրավելու համար: Իսկ ի՞նչ կեցվածք պետք է որդեգրի ընդդիմությունն այս դեպքերի առնչությամբ:
Մեր այս հարցադրմանն ի պատասխան՝ Պ.Մակեյանը ասաց. «Գիտեք, Օսկանյանի և Խաչիկյանի դեպքերը կարծես տարբեր հարթության մեջ են: Խաչիկյանի դեպքում ուզում են ասել, որ իրենք իրենց մարդկանց էլ են պատժում, եթե մեղավոր են: Բայց ես չգիտեմ` ինչքա՞ն նա ձերբակալված կմնա, ի՞նչ հետևանքներ կունենա, Խաչիկյանին ո՞նց բերդում տիրություն կանեն: Իսկ Օսկանյանի պարագայում` հնարավոր է՝ «Բարգավաճի» համար զոհի կերպարանք են ստեղծում, ինչպես ժամանակին Արթուրիկին, և փորձում են օգտագործել: Բայց միևնույն է, մեզ համար անընդունելի է, որ Օսկանյանի նմանների նկատմամբ իրավիճակի, պահի նպատակահարմարությունից ելնելով են գործեր հարուցում: Այս համակարգի մեջ շատ մարդիկ կան, ում ես ճանաչում եմ, և ովքեր պարկեշտ մարդիկ են, բայց այս համակարգի մեջ դարձել են նույն որակի, և նրանց նկատմամբ կարող են մի քանի հոդված հարուցել: Բայց դե, հիմա ընտրել են Օսկանյանին:
Օսկանյանը, չգիտեմ` ինչքա՞ն փող է լվացել, ի՞նչ է արել, բայց իրենք ասպարեզում գտնվող այդ բոլորի արածների ու անելիքների մասին գիտեն: Հետո բարոյական չէ, որ Աղվան Հովսեփյանն է մտնում այս ամենի մեջ: Աղվան Հովսեփյանն ամենամեծ մեղավորներից է՝ այս երկրի դատաիրավական համակարգի չկայացման, ավելի ճիշտ` չգոյության: Եվ նա պետք է պատասխան տա, բայց նա արդարադատության մղումներով մտնում է ԱԺ, թեկուզ ԱԺ-ն աճուրդով է ձևավորված: Այս ամենը որևէ ձևով տրամաբանության մեջ չի տեղավորվում»:
Իսկ ՀԱԿ-ն ինչպիսի՞ դիրքորոշում պետք է որդեգրի Օսկանյանի միջնորդության նկատմամբ: «Ճիշտն ասած`Օսկանյանի հարցը Կոնգրեսի քաղխորհրդի վերջին նիստից հետո մտավ օրակարգ, բայց դա այն հարցը չէ, որ քաղխորհրդում լսվի: Դա խմբակցության որոշելիք հարցն է, և ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Բայց Վարդան Օսկանյանը, փաստորեն, Մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ դրսի ուժերին թյուրիմացության մեջ գցողն էր: Սակայն, միևնույն է, եթե իշխանությունն այս ամենն անում է իր շահերից ելնելով կամ ներքին «ռազբորկայի» հետևանքով, ուրեմն խնդիր կա: Այդ պատճառով խմբակցության կողմնորոշվելը բավական բարդ է: Անձամբ ես այժմ պատգամավոր չեմ, բայց նման իրավիճակում հայտնվել եմ ժամանակին: Այդ հարցը պետք է լուրջ քննարկվի»,- ասաց նա:
Իսկ մեր հարցին` եթե Դուք պատգամավոր լինեիք, կո՞ղմ կքվեարկեիք Վարդան Օսկանյանին որպես մեղադրյալ ներկայացնելուն, թե՞ դեմ, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Գիտեք, այս պահին ես նույնիսկ չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև չեմ մտածել այդ ուղղությամբ:
Եթե հիշում եք, արտահերթ նիստում Տիգրան Թորոսյանի հոխորտումներն ընդդիմության վրա, թե ինչ արվել է՝ ճիշտ է արվել, Օսկանյանը նույն բանն անում էր` միջազգային հանրությանը թյուրիմացության մեջ գցելով: Եվ հարյուրավոր քաղբանտարկյալներ այս երկուսի նմանների և Աղվան Հովսեփյանի ամբողջական աջակցությամբ հայտնվեցին բանտերում: Բայց մյուս կողմից էլ` ես հասկանում եմ, որ սա արվում է` նպատակահարմարությունից, իրավիճակից ելնելով, կամ նույնիսկ՝ ներքին կլանային «ռազբորկայի» արդյունքում են միջնորդությամբ մտնում ԱԺ: Եվ այս պահին ես չեմ կարող ասել` ինչպե՞ս կքվեարկեի, եթե պատգամավոր լինեի»: