Առողջապահության նախարարությունը «Արմենիային» պարտք չէ՞
ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ բուժհիմնարկի պարտք չունի: Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը՝ հերքելով, թե նախարարությունն «Արմենիա» բժշկական կենտրոնին 70 մլն դրամ է պարտք:
«Բուժհիմնարկի պարտավորությունները նախորդ տարվա վերջին կազմվում է և նախատեսվում է, թե որքան գումար պետք է հատկացվի յուրաքանչյուր բժշկական հիմնարկին և որքան դեպքերի համար: Դրանից հետո կազմվում է համապատասխան ժամանակացույց, թե որ եռամսյակի համար նրանք որքան գումար պետք է ծախսեն, և հատկացումներն էլ այդպես են կատարվում: Նրանք կատարողականը ներկայացնում են գործակալություն, որը կատարողականի հիման վրա վճարում է: Եթե որևէ մի հիմնարկ գերազանցում է իր կատարողականը, դա պետք ա վերջնահաշվարկում նայվի, և եթե մենք լրացուցիչ միջոցներ ունենանք, էդ դեպքերը ընդունենք»,- ասաց ՀՀ առողջապահության նախարարը:
Ըստ նրա`եթե որևէ բուժհաստատություն իր տարվա ծախսերը կատարել է մինչև սեպտեմբեր ամիսը, ապա դա չի նշանակում, թե պետությունը նրան պարտք է. «Չէ՞ որ իր գումարները միայն պետպատվերից չեն գոյանում, այն նաև տարբեր այլ ֆինանսների աղբյուր ունի, և ինքը պարտավոր ա իր աշխատանքն այդպես պլանավորել: Հիմա, եթե որևէ մեկը վերջացրել ա և ասում ա` պետությունը մեզ պարտք ա, պետք է դեռ դա նայենք: Հիմա մենք ֆինանսները 9 ամսվա ամփոփելու ենք բոլոր բուժհիմնարկների հետ և հասկանանք, տեսնենք` ո՞վ ա գերակատարում արել, ինչո՞ւ ա արել, ի՞նչ դեպքեր ա ընդգրկել և այդ դեպքերն արդյո՞ք արդարացված են, թե՞ արդարացված չեն, որովհետև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շատ դեպքերում դրանք արդարացված չեն լինում»:
Դերենիկ Դումանյանի ասելով` «Արմենիա» բուժկենտրոնը, ինչպես նաև՝ մի քանի տասնյակ բուժհիմնարկներ ներկայացրել են, որ իրենք գերածախս ունեն: Ըստ Դ. Դումանյանի` ԱՆ-ն բյուջեն վերանայելիս՝ կվերանայի նաև այդ բուժհաստատությունների բյուջեն:
«Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնի ֆինանսական գծով տնօրեն Նորայր Քրմոյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ պետությունն իրենց պարտք չունի. «Կենտրոնը պայմանագիր ունի Առողջապահության նախարարության հետ: Համաձայն պայմանագրի`մենք ֆինանսավորվում ենք լիովին, այսինքն՝ պարտք հիվանդանոցին չի մնում պետությունը, ուղղակի լինում ա փոխադարձ ակտի կազմում ամեն եռամսյակ, որի ընթացքում, բնականաբար, ֆինանսավորումը լինում ա ամսի հինգից, վեցից հետո, մինչև ամսի տասը, և ամսի մեկի դրությամբ՝ էդ մի քանի օրվա համար պարտք ա արձանագրվում, բայց դա զրոյանում ա ամեն մասվա հինգին, վեցին, այսինքն՝ հիմա, եթե խոսում ենք պարտքի մասին, ապա այդ պարտքը ամեն անգամ, մեղմ ասած, զրոյանում ա»:
Բժշկական կենտրոնի ֆինանսական գծով տնօրենը նշեց, որ լուրերը, թե պետությունը «Արմենիա» բուժկենտրոնին 70 մլն դրամ է պարտք` թյուրիմացության արդյունք են: Ըստ նրա, թյուրիմացության արդյունք է նաև այն, որ բուժկենտրոնի Անոթային բաժանմունքի նախկին վարիչ Զ. Պետրոսյանը նշել էր, որ պետությունը 70 մլն դրամի պարտք ունի բուժկենտրոնին: Վերջինս մի քանի օր անց Դերենիկ Դումանյանի հրամանով ազատվել էր աշխատանքից:
Նորայր Քրմոյանի խոսքով` բուժկենտրոնն այսօր էլ սպասարկում է պետպատվերով հիվանդներին. «Ուղղակի համաձայն այդ նույն պայմանագրի՝ կա պարտավորություն, կա իրավունք, որ մենք իրավունք ունենք մուտքագրելու հիվանդներին`որոշակի պայմաններից ելնելով, բայց դա չի վերաբերում հիվանդներին, որոնք անհապաղ հոսպիտալացվելու կամ բուժօգնության կարիք ունեն: Ընդհանրապես դա ոչ բոլոր հիվանդների հետ ենք կիրառում, աշխատում ենք բոլորին ընդունել, բոլորին սպասարկել»:
Նշենք, որ մի քանի օր առաջ 168.am-ի լրագրողի հետ զրույցում առողջապահության մամուլի քարտուղարը սկզբում հերքեց այն լուրը, որ պետությունն «Արմենիա» բուժկենտրոնին 70 միլիոն դրամ պարտք է, սակայն, քանի որ մենք ունեինք Անոթային բաժնի վարիչի հետ հարցազրույցի ձայնագրությունը, ավելի ուշ հաստատեց, որ, այնուամենայնիվ, այդ տեղեկությունը ճիշտ է: