«Վարդան Օսկանյանն իր կաշվի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում 10 տարի». Սուրեն Աբրահամյան
«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանը Վարդան Օսկանյանի դեմ հարուցված քրեական գործում տեսնում է քաղաքական դրդապատճառներ և անգամ մարդկայնորեն կարեկցում է նրան, բայց ոչ իբրև պետական գործչի:
Այս մասին Սուրեն Աբրահամյանն ասել է Tert.am-ի հետ զրույցում՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է իր դիրքորոշումը Հայաստանի նախկին արտգործնախարարին որպես մեղադրյալ ներգրավելու՝ ՀՀ գլխավոր դատախազի միջնորդագրի կապակցությամբ:
«Վարդան Օսկանյանն իր մաշկի վրա պետք է զգա այն, ինչ մենք ենք զգում, առհասարակ, 10 տարի շարունակ: Հատկապես «Մարտի 1-ին» ռեժիմին պաշտպանելու իր անբարո վարքագծի ու անմարդկային դրսևորումների համար պետք է Վարդան Օսկանյանն այս ամենը զգա իր կաշվի վրա: Սա պետք է դաս լինի մնացած բոլորի համար, ովքեր նման վարքագիծ են դրսևորել՝ կուրորեն ծառայելու ռեժիմին: Իրենք բոլորն այդ բախտին են արժանանալու»,- կայքի թղթակցի հետ զրուցում ասել է Սուրեն Աբրահամյանը: