Դատարանը երկամսյա կալանք տվեց դատախազի տեղակալի որդուն. նրան կտեղափոխեն բանտ

Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի քննիչը միջնորդություն էր ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի որպես խափանման միջոց դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի 38-ամյա Սևակ Մինասյանի նկատմամբ: Ինչպես Արմավիրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված դատարանի դատավոր Արամ Հովսեփյանը 3 ժամից ավելի դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո բավարարեց քննիչի միջնորդությունը:

Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը:

Ս. Մինասյանը դատարանից տեղափոխվել է  ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր, իսկ երկուշաբթի օրը նրան կտեղափոխեն Նուբարաշենի բանտ:

Ինչպես ավելի ավելի վաղ Արմավիրից հայտնել էր Գագիկ Շամշյանը, Սևակ Մինասյանը կենցաղային հարցերի շուրջ Արմավիրում վիճաբանության մեջ էր մտել սրճարան-բենզալցակայանի աշխատակիցների հետ, որի ժամանակ իր մոտ եղած հրազենով շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ էր արձակել օդ:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ Ս. Մինասյանի հայրը՝ Սեդրակ Մինասյանը աշխատում է Արմավիրի մարզի դատախազի տեղակալ: Իսկ վիճաբանության պատճառը եղել է այն, որ դատախազի տղան հաճախակի պարտքով վառելիք, խմիչքներ և այլ իրեր էր վերցրել:

Այդ օրը նա կրկին փորձել էր պարտքով գնումներ կատարել, սակայն մարդիկ հրաժարվել էին նրան սպասարկել` արդարացիորեն պահանջելով, թե «նախկին գումարները վճարի, որից հետո պատրաստ ենք սպասարկել քեզ:

Դատախազի տեղակալի երիտասարդ տղան, ով աշխատում է «Եռասյուն» ՍՊԸ-ում որպես իրավաբան, նեղսրտել էր` ասելով. «Դուք ով եք, որ իմ ասածով չշարժվեք», և իր մոտ եղած զենքով կրակոցներ էր արձակել:

Կատարվածի մասին քաղաքացիներն ահազանգել էին Ոստիկանության Արմավիրի բաժին, և կարճ ժամանակում դեպքի վայր ժամանած Ոստիկանության Արմավիրի բաժնի օպերատիվ քննչական խումբը, ճշտելով կրակողի ինքնությունը, բնակության վայրը, մեկնել էին նրա հասցեով:

Այլ ելք չունենալով` դատախազի տեղակալի որդին ինքնակամ ներկայացել էր Ոստիկանության Արմավիրի բաժին: Նա ներկայացրել էր նաև իր մոտ եղած օդամղիչ (պնևմատիկ) ատրճանակը:

Գ. Շամշյանը հայտնել էր, որ դատախազի որդին դեպքի վայր էր ժամանել «Բրաբուս» մակնիշի 90 ՕT 090 համարանիշի ավտոմեքենայով:

Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արմավիրի մարզի քննչական բաժնի Արմավիրի քննչական բաժանմունքում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրօր.-ի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) հատկանիշներով:

«Բրաբուսը» և դեպքի վայրում կայանված մեկ այլ «ԲՄՎ X6» մակնիշի 10 NT 100 համարանիշի ավտոմեքենաները տեղափոխվել էին Ոստիկանության Արմավիրի բաժնի հատուկ պահպանման տարածք, ատրճանակն առգրավվել էին, իսկ դատախազի տեղակալի որդին ձերբակալվել էր և ձեռնաշղթայված վիճակում տեղափոխվել Ոստիկանության Արմավիրի բաժնի ձերբակալված անձանց պահման վայր, «ԲՄՎ X6»-ը տեղափոխել էին, որպեսզի պարզվի նրա այնտեղ լինելու հանգամանքը:

Գ. Շամշյանը հայտնել էր նաև, որ «Բրաբուսը» հաշվառված է Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի 21 շենքի բնակիչ Սեդրակ Մինասյանի անվամբ:

Արմավիրցիները ֆոտոլրագրողին պատմել էին, որ եթե դատախազի որդու պարտքերը հավաքվեն և գումարվեն իրար, ապա Երևան-Արմավիր ավտոճանապարհը եվրոպական չափանիշներին համապատասխան կասֆալտապատվի, և հույս էին հայտնել, որ դատախազի որդին անպատիժ չի մնա:

Տեսանյութեր

Լրահոս