
Խաչիկյանը շորտիկով խորովածի փառատոներ էր անցկացնում…

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին ղեկավար Վազգեն Խաչիկյանի ձերբակալության վերաբերյալ ունի իր հստակ դիրքորոշումը, սակայն չի ցանկանում հրապարակել: Այս մասին նա հայտնել է ԳԱԼԱ-ի լրագրողի հետ զրույցում՝ նշելով, որ Խաչիկյանը պետք է ձերբակալվեր ոչ թե հիմա, այլ այն ժամանակ, երբ եղավ կոռուպցիոն սկանդալը:
«Բացարձակապես չեմ ցանկանում դա մեկնաբանել, հիմնավորել: Ես իմ անձնական հստակ դիրքորոշումն ունեմ այս հարցի վերաբերյալ, բայց Խաչիկյանը պետք է ձերբակալվեր այն ժամանակ, երբ որ այդ խայտառակ կոռուպցիոն սկանդալը պայթեցրեց գրեթե ողջ կենսաթոշակային համակարգը: Տարիներ անց ինչ փոխվեց, և ինչո՞ւ հատկապես հիմա…Ես իմ մասնավոր կարծիքն ունեմ, որը չեմ ցանկանում հրապարակել»,- նշել է Զոհրաբյանը:
Նա կարծում է, որ ձերբակալության մասին պետք է իրենց հիմնավորումը տան իրավական համակարգի ներկայացուցիչները.
«Պետք է մեկնաբանեն նրանք, ովքեր փաստից 2-3 տարի առաջ, երբ կենսաթոշակային հիմնադրամը ուղղակիորեն պայթեց խայտառակ կոռուպցիայից: Դրանից հետո Վազգեն Խաչիկյանը շատ հանգիստ, խաղաղ, ապահով իր համար ապրում էր, շորտիկով խորովածի փառատոներ էր անցկացնում, ընտրություններ էր անցկացնում և այլն: Թե ինչ պատահեց, որ դեպքից մի քանի տարի հետո որոշվեց կալանավորել նրան, դա պետք է հիմնավորի իրավական համակարգը»,- ասել է Ն. Զոհրաբյանը:
Հարցին,թե արդյո՞ք սա կարելի է դիտել որպես նախընտրական PR, Նաիրա Զոհրաբյանը պատասխանել է.
«Որևէ բան այլևս մեր երկրում ինձ չի կարող զարմացնել: Ես այս ամենը դիտում եմ, այո, նախընտրական սցենարի կոնտեքստում»,- ասել է ԲՀԿ-ական պատգամավորը: