Նախագահը սխալ բան չի ասել

Այսօր աշխատանքային այցով Գյումրիում գտնվող ՀՀ քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանին ԳԱԼԱ-ի լրագրողը որոշ հարցեր է ուղղել տեղի ունեցող վերջին զարգացումների` մասնավորապես ձերբակալությունների և ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործերի վերաբերյալ:

Նախարարը, սակայն, անդրադարձել է միայն այն հարցերին, որոնք վերաբերում են բացառապես քաղաքաշինության ոլորտին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած հայտնի խորհրդակցության ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դժգոհել է նաև քաղաքաշինության նախարարության գործունեությունից:

Պարզվում է` նախարար Սամվել Թադևոսյանը գտնում է, որ նախագահի քննադատությունը տեղին է եղել. «Ոչ թե դա վերաբերում էր միայն նախարարությանը, այլ քաղաքաշինության ոլորտին ընդհանուր և, իմ կարծիքով նախագահը սխալ բան չի ասել»:

Իսկ ինչպիսի՞ չարաշահումներ են հայտնաբերվել քաղաքաշինության ոլորտում, դրանք ֆինանսակա՞ն են եղել, թե՞ այլ բնույթի և վերջապես` հավաստի՞ են արդյոք այն խոսակցությունները, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ՀՀ քաղաքաշինության նախկին նախարար Վարդան Վարդանյանի նկատմամբ քրեական գործ է հարուցելու` հարցերին, Ս. Թադևոսյանը պատասխանել է. «Ուրեմն ասեմ, որ ՀՀ վարչապետը հանձնաժողով է ստեղծել, որի աշխատանանքերին մասնակցում են վարչապետի վերահսկողության ծառայությունը, նախարարության տեսչական մասնագետները, ինչպես նաև ֆինանսների նախարարության վերահսկողության ծառայությունը: Առայժմ գործընթացն ընթացքի մեջ է, հետո ամեն ինչ պարզ կդառնա»:

Հարցին էլ, թե` այսինքն Վարդան Վարդանյանը թերացե՞լ է իր աշխատանքում, Թադևոսյանը պատասխանել է. «Հանրապետության նախագահի դժգոհությունը վերաբերել է ընդհանուր ոլորտի թերացումներին ու բացթողումներին, հետո կպարզվի` ով է թերացել»:

Տեսանյութեր

Լրահոս