«Տեխնոպարկ» բառի ի՞նչը ճիշտ չէ
Ի՞նչ նորություններ կան Գյումրու տեխնոպարկից, ի՞նչ փուլում է այն գտնվում:
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ` Ազգային Ժողովի տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանին հարցրել է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Գործելո՞ւ է արդյոք այն, թե՞ լինելու է քաղաքական տեխնոպարկ»,- հարցրեց Մելքումյանը: Ի պատասխան, Տիգրան Դավթյանն ասել է. «Արդեն շինարարական աշխատանքները սկսվել են, հաջորդ տարի մենք երևի կավարտենք այն: Եկեք տեխնոկենտրոն ասենք, տեխնոպարկ բառը երևի թե այդքան էլ ճիշտ չի: Այդ կենտրոնը կձևավորվի, իսկ պետությունը արդեն բավականին միջոցներ է ներդրել»:
Հիշեցնենք, որ Գյումրիում տեխնոպարկ կառուցելու գաղափարները եղել են դեռևս 2006 թվականից: Այդ նպատակով անգամ հսկայական գումարներ են հատկացվել, սակայն Գյումրին այդպես էլ տեխնոքաղաքի չվերածվեց, ինչպես «ցանկացել» էին կառավարության ղեկավարն ու համապատասխան նախարարությունը: ԳԱԼԱ-ն նաև հիշեցնում է, որ մոտ 2 տարի առաջ խոսվել է նաև այն մասին, որ Գյումրիում ինքնաթիռներ են նախագծվելու: Սակայն այդ գաղափարները ևս փոշիացան: